Հայաստանում երրորդ վերնախաւային յեղափոխութիւնն է ընթանում


Հայաստանում երրորդ վերնախաւային յեղափոխութիւնն է ընթանում

  • 10-11-2011 10:03:40   |   |  
«Հայոց աշխարհ» թերթի հարցերին պատասխանել է Կովկասի ինստիտուտի տնօրէն, քաղաքագէտ Ալեքսանդր Իսկանդարեանը. Ինչպէս եք գնահատում նախընտրական զարգացումների ընթացքը՞. կադրային վերջին վերադասաւորումները ինչ տուեցին իշխանութիւնների՞ն, ինչ ռեսուրսներով է ընդդիմութիւնը մօտենում քաղաքական աշնա՞ն «Վերջնագծին»: Այն, որ ընտրական գործընթացի այս փուլում սպասւում էր քաղաքական ուժերի ակտիւացում, պարզ էր ի սկզբանէ: Ես կ'առանձնացնեմ նախընտրական ակտիւութեան երկու ուշագրաւ միտում: Առաջինը «տեմպիէ կորուստն է, որ ընդդիմադիր Հակ-ը արձանագրել է նախընտրական արշաւի նախաշեմին, ինչը օրինաչափ է: Ըստ էութեան, դա պայմանաւորուած էր բուն Հակ-ի որդեգրած ռազմավարութեամբ: Բանն այն է, որ Հակ-ը, մի կողմից, համագործակցութեան մէջ մտաւ` երկխօսութիւն սկսեց իշխանութիւնների հետ, միւս կողմից` ընտրազանգուածը պահելու համար փորձեց շարունակել արմատական հռետորաբանութիւնը, «խաղալով երկու լարի վրաէ` յայտնուեց երկիմաստ իրավիճակում եւ կորցրեց իր արմատական հետեւորդների մի մասի վստահութիւնը: Երկրորդ ուշագրաւ «Սիւժեն», որ ծաւալւում է քաղաքական զարգացումների այս փուլում, ներկոալիցիոն հակասութիւններն են: Խօսքը վերաբերում է ոչ միայն Բհկ-ի շուրջ, այլեւ Հանրապետականի ներսում ընթացող խմորումներին: Կ'արծում էք, իշխանութեան ներսում իսկապէս լուրջ խնդիրնե՞ր, կենտրոնախոյս տրամադրութիւններ կան: Բազմիցս ասել եմ` իշխանութիւնը միատարր չէ, ինչպէս փորձ է արւում ներկայացնել: Այնտեղ կան տարբեր հոսանքներ, տարբեր խմբեր, որոնք մրցում են իրար հետ: Համակարգի ներսում կայ եւ բազմակարծութիւն, եւ մրցակցութիւն, եւ պայքար: Եւ, ի դէպ, սա նոր երեւոյթ չէ` այդ միտումը ուրուագծւում էր դեռեւս 2007-ի խորհրդարանական ընտրութիւններից առաջ եւ նոյնիսկ աւելի վաղ: Եթէ այս երեւոյթը դիտենք աւելի լայն համատեքստում` ընտրական գործընթացներից դուրս, ապա այն, ինչ այսօր տեղի է ունենում կառավարման ապարատում, երէկ չի սկսուել: Կարող էք անուանել դա վերնախաւային յեղափոխութիւն, վերնախաւի փոփոխութիւն, էւոլիւցիայ, վերակառուցում` ինչպէս կ'ուզէք: Իրողութիւնն այն է, որ տեղի է ունենում իշխող վերնախաւի վերակազմաւորում, որ սկսուել է 2008թ. նախագահական ընտրութիւններից յետոյ: Ըստ էութեան, պայքարը ոչ թէ «Արտաքին հակառակորդի» դէմ է, երբ իշխանութիւնը համախմբւում է ընդդիմութեան ճնշմանը կամ արտաքին սպառնալիքին դիմակայելու գաղափարի շուրջ, այլ իշխող վերնախաւի ներսում. իշխանութիւնից հեռանում են առանցքային դէմքեր, որոնք լուրջ ազդեցութիւն ունեն քաղաքականութեան վրայ: Ինչո՞վ այս ամէնը կը վերջանայ, սա կը բերի՞ համակարգային փոփոխութիւնների, թէ՞ ոչ` կարելի է վստահաբար ասել միայն 2012թ. խորհրդարանական ընտրութիւններից յետոյ: Բայց մի բան պարզ է արդէն այսօր` այդ երեւոյթը կայ, եւ սա, կարելի է ասել, երրորդ վերնախաւային յեղափոխութիւնն է Հայաստանի անկախութեան 20 տարիների ընթացքում:
  -