ՀՀ ԶՈՒ գործունէութիւնը կարգաւորող իրաւական ակտերի վերանայման եւ առաջարկութիւնների մշակման հարցերով զբաղուող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը


ՀՀ ԶՈՒ գործունէութիւնը կարգաւորող իրաւական ակտերի վերանայման եւ առաջարկութիւնների մշակման հարցերով զբաղուող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

  • 16-11-2011 13:57:57   | Հայաստան  |  Քաղաքական
Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցաւ զինուած ուժերի գործունէութիւնը կարգաւորող իրաւական ակտերի վերանայման եւ առաջարկութիւնների մշակման համար ստեղծուած աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարում էր ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը: Աշխատանքային խմբի ստեղծման նպատակը պաշտպանութեան ոլորտի օրէնսդրական բարեփոխումներն արդիւնաւէտ իրականացնելու համար շահագրգիռ, կարող ուժերի համախմբումն է: Աշխատանքային խմբի գործունէութիւնը համակարգում է ՀՀ պաշտպանութեան նախարարի տեղակալ Արա Նազարեանը: Աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ընթացքում ՀՀ պաշտպանութեան նախարար Ս. Օհանեանը եւ ՀՀ զինդատախազ Գ. Կոստանեանն իրենց ելոյթներում նշեցին, որ խմբի գործունէութիւնն ուղղուած կը լինի զինուած ուժերի գործունէութիւնը կարգաւորող կամ ոլորտին առնչուող այլ իրաւական ակտերի վերանայմանը, իրաւական ակտերում փոփոխութիւններ կամ լրացումներ կատարելու վերաբերեալ առաջարկութիւնների մշակմանը, ինչպէս նաեւ զինուած ուժերում յանցաւորութեան մակարդակի բարձրացմանը նպաստող գործօնների յայտնաբերման ուղղութեամբ ուսումնասիրութիւնների իրականացմանը եւ դրանց վերացման կամ ազդեցութեան նուազեցման վերաբերեալ առաջարկութիւնների ներկայացմանը: Բացի ՀՀ ՊՆ իրաւասու ներկայացուցիչներից` աշխատանքներին ներգրաւուելու էն նաեւ ՀՀ զինդատախազութեան, Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի, եւ քաղաքացիական հասարակութեան շահագրգիռ ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբի նիստին մասնակցում էին նաեւ ՀՀ պաշտպանութեան նախարարի հրամանով ստեղծուած իրաւախախտումների կանխարգելման, օրինականութեան եւ կարգապահութեան ամրապնդման հարցերով զբաղուող մշտական յանձնաժողովի անդամները: ՀՀ պաշտպանութեան նախարարի տեղակալ Արա Նազարեանի նախագահութեամբ գործող յանձնաժողովը, որում ներգրաւուած էն պատասխանատու համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ, քննարկելու է ՀՀ ԶՈՒ զօրամասերում տեղի ունեցած դէպքերն ու արտակարգ պատահարները, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրայ ազդող կարգապահական եւ իրաւական խախտումները, դրանց նպաստող պայմաններն ու պատճառները, դէպքերի ու արտակարգ պատահարների աճի կամ նուազման միտումներն ու օրինաչափութիւնները, ինչպէս նաեւ կոռուպցիոն ռիսկերի նուազեցման ուղիները: Քննարկումների արդիւնքում ի յայտ եկած թերութիւններն ու բացթողումները վերացնելու նպատակով կմշակուէն գործուն առաջարկներ եւ ծրագրեր:
  -   Քաղաքական