Հայաստանից պետական հրաւէրով Թեհրան ժամանած գրականագէտ-ռեժիսորները` «Ալիք»-ի յարկի տակ


Հայաստանից պետական հրաւէրով Թեհրան ժամանած գրականագէտ-ռեժիսորները` «Ալիք»-ի յարկի տակ

  • 20-11-2011 16:13:09   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

«ԱԼԻՔ»- Իրան-Հայաստան բարիդրացիական կապերը բազմաբնոյթ են ու ընդարձակ եւ չեն սահմանափակւում քաղաքական-տնտեսական բնագաւառներով, այլ նաեւ` մշակութային բնոյթով: Այդ շրջագծում երէկ «Ալիք»-ի յարկի տակ հիւրընկալեցինք Հայաստանից հիւրաբար Իրանում գտնւող արձակագիրների, դրամատուրգների, գրականագէտների ու ռեժիսորների, որոնք Իրան են ժամանել` Իրանի Թատրոնի տան հրաւէրով: Յիշեալները «Ալիք» էին այցելել իրանահայ թատերական թարգմանիչ Անդրանիկ Խեչումեանի ուղեկցութեամբ: Նա նշեց, որ ժամանակին Հայաստանի Գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանի եւ Իրանի թատրոնի դրամատուրգների միութեան միջեւ կնքւած պայմանագրի համաձայն` որոշւած էր, որ իւրաքանչիւր տարի իրանցի եւ հայաստանցի դրամատուրգների միջեւ փոխադարձ այցեր տեղի ունենան: Յիշեալ քայլի նպատակն այն է, որ հնարաւոր լինի թարգմանել իրանական ու հայկական պիէսներ, առիթ ընձեռւի դրանց բեմադրութեան համար, որով զարգացում կապրեն երկու երկրների մշակութային կապերը: Հայաստանից ժամանած հիւրերն էին` Նելլի Շահնազարեանը` արձակագիր-դրամատուրգ, հրապարակախօս եւ Գաբրիէլ Սունդուկեանի անւան Ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրէն, թատրոնի վաստակաւոր գործիչ Ալեքսանդր Գրիգորեանը, երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադէոսեանը, դրամատուրգ-արձակագիր Գէորգ Սարգսեանը, դրամատուրգ Գագիկ Կարապետեանը, գրականագէտ-քննադատ Արմէն Աւանէսեանը: Նշելի է, որ յարգելի հիւրերը Թեհրանում են նոյեմբերի 15-ից` մասնակցելով ամենօրեայ լսումների` «Թաթրէ շահր»-ի կոնֆերանսների դահլիճում. լսումները աւարտւելու են այսօր: Յիշեալ համագումար-լսումները կազմակերպւել էին` Իրանի Թատրոնի տան, Թատրոնի գերատեսչութեան, իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային հարցերով տեղակալութեան, «Թաթրէ շահր»-ի եւ Արւեստագէտների տան համագործակցութեամբ: «ԱԼԻՔ» օրաթերթ 20 նոյեմբերի 2011 թ.
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը