Շաւարշ Քոչարեան. «Մենք փաստերով ենք խօսում, միջազգային հանրութիւնը փաստերով է խօսում, Բաքուն խօսում է վիրաւորանքներով»


Շաւարշ Քոչարեան. «Մենք փաստերով ենք խօսում, միջազգային հանրութիւնը փաստերով է խօսում, Բաքուն խօսում է վիրաւորանքներով»

  • 28-05-2011 11:54:18   | Հայաստան  |  Հարցազրոյցներ
 Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանի մայիսի 27-ի հարցազրոյցը «Հայլուր» լրատուական ծրագրին. Նախ, երկու բառով, ինչ ուղերձներ է պարունակում դովիլեան յայտարարութիւնը, եւ եթէ դիւանագիտական տեքստից հեռանանք, ապա այս փաստաթղթի տարբերութիւնը կը ներկայացնէ՞ք եռանախագահների այլ յայտարարութիւններից: Շաւարշ Քոչարեան. Նախ ինքնին չափազանց կարեւոր է, երբ երէկ երկրների, Մակ-ի Անվտանգութեան Խորհրդի անդամ երեք երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները երրորդ անգամ յայտարարութիւն էն անում նոյն հարցի շուրջ: Դա վերաբերւում է ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեանը եւ դրա կարգաւորմանը: Սա արդէն ինքնին չափազանց կարեւոր է: Երկրորդ հանգամանքը ի հարկէ այն հանգամանքն է, որ ի տարբերութիւն նախորդ յայտարարութիւնների, այստեղ այո, պահանջներ էն դրուած, կոնկրէտ ժամկէտներ: Այսինքն համանախագահները ակնկալում էն եւ պահանջում էն, որպէսզի արդէն Կազանում յունիս ամսին կարողանան գալ համաձայնութեան` այս բանակցութիւններում հասնել որոշակի համաձայնութեան: Ադրբեջանական կողմի արձագանքը սպասելի՞ էր մեզ համար: Վերջին հաշուով ինչպիսի՞ն էր այդ արձագանքը, որովհետեւ արտգործնախարարութիւնը մի բան է յայտարարում, Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը մէկ այլ բան է ասում, իսկ փոխվարչապետը լրիւ ուրիշ բան: Շաւարշ Քոչարեան. Երեւի այդ իրարամերժութիւնը դեռ կը լինի, քանի որ ադրբեջանական ամբողջ քարոզչամեքենան խառնուել է իր իսկ կեղծիքի մէջ: Ըստ էութեան Ադրբեջանը, Բաքուն յայտնուել է խուճապի մէջ, որովհետեւ նոյն յայտարարութեան կարեւորագոյն հատուածներից մէկը կայանում է նրանում, որ կրկին եւ շատ աւելի խիստ նշւում է հետեւեալը, որ ներկայ իրավիճակը հետեւանք է այն ուժի կիրառման, որը ժամանակին եղել է եւ կրկին նոր ուժի կիրառումը կը յանգեցնի նոր տառապանքների, նոր զրկանքների եւ միջազգային հանրութիւնը դա չի հանդուրժի: Դա նշանակում է, որ այդ երկրները դա չէն հանդուրժի: Ակնյայտ է, որ սա ակնարկ է Ադրբեջանի հասցէին, որը ուժի կիրառումով փորձում էր լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը, փորձում էր ռազմական ագրեսիայով, էթնիկակ զտումներով լուծել այդ հարցը եւ այսօր դեռեւս շարունակում է սուր ճօճել: Ինչ վերաբերւում է Բաքուի` տարբեր պաշտօնեաների յայտարարութիւններին, այո, տեսէք ինչ հետաքրքիր պատասխան է: Առաջինը` կրկին փորձեց սպառնալիքներ, անյոյս, յուսահատ սպառնալիքներ տեղալ` դա անում է իրենց փոխվարչապետը: Ուրեմն ի՞նչ է նա պատասխանում այս` եռանախագահների շատ յստակ հասցէագրուած յայտարարութեանը: «Մենք այսօր էլ կարող ենք պատերազմ սկսել եւ ոչ ոք իրաւունք չունի խառնուելու այդ գործին»: Դա պատասխան է երեք նախագահների յայտարարութեանը: Յաջորդը` փորձում է արտգործնախարարութիւնը` նորից կտրուած իրավիճակից ներկայացնելով ինչ-որ մի այլ բան: Հայկական ուժեր էն դուրս գալիս, ինչ-որ համայնքներ էն վերադառնում եւ այլն եւ այլն: Գիտէք այդ պահուածքը նմանեցնում է խլահաւի` ռուսերէն` глухарь, վարքագծին: Այդ թռչունը, երբ երգում է, նա չի լսում ոչ մէկին: Իսկ Ադրբեջանը անընդհատ ձանձրալի երգում է նոյն երգը եւ հետեւաբար ոչինչ չի լսում: Գիտէք էս յիշեցնեմ, որ այդ վարքագծից` խլահաւի, շատ լաւ օգտւում էն որսորդները: Ադրբեջանի համար ժամանակն է եկել, որ ինքը իջնի իրական դաշտ, չխեղաթիւրի այն ինչ տեղի է ունենում բանակցութիւնների սեղանի շուրջ, եթէ դրան տեղեակ չէ հանրութիւնը նա դեռ կարող է առաջին հերթին մոլորութեան մէջ գցել սեփական ժողովրդին, ապա այն, ինչ որ սեւով սպիտակի վրայ գրուած է այս վերջին յայտարարութիւններում համանախագահների այնքան ակնյայտ է: Իրենք շարունակում էն խեղաթիւրել: Բաքուն ուրախութեամբ նշում է, որ եռանախագահները անընդունելի էն համարում ստատուս քուոյի պահպանումը: Հայկական կողմերի արձագանքը ինչպիսի՞ն է, վերաբերմունքը ինչպիսի՞ն է եռանախագահների այդ յայտարարութեան վերաբերեալ: Շաւարշ Քոչարեան. Իրականում դա կեղծ ուրախութիւն է, որովհետեւ ամբողջ Բաքուի քաղաքականութիւնը ուղղուած է հէնց ստատուս քուոյի պահպանմանը, որովհետեւ խեղաթիւրելով ամէն ինչ, դնելով այնպիսի հարցադրումներ, որոնք հեռու էն իրականութիւնից եւ որոնք անընդունելի էն ոչ միայն հայկական կողմերի համար, այլ նաեւ միջնորդների համար, ինքը դրանով ձգտում է ստատուս քուոյի պահպանմանը: Ի դէպ չափազանց կարեւոր է. հայկական կողմերը միանշանակ յայտարարեցին Հայաստանի Հանրապետութեան արտգործնախարարի շուրթերով եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահի մամուլի խօսնակի շուրթերով, որ լիակատար ընդունում էն այն մօտեցումները, որոնք առաջարկուել էն այդ փաստաթղթում: Մենք այդպիսի յստակ պատասխան Բաքուից չենք ստացել` հակառակը` մենք ստացել ենք դրա խեղաթիւրումներ: Այդ տեսակէտից այն գիծը, որը որդեգրել է Բաքուն, հէնց ուղղուած է ստատուս քուոյի պահպանմանը եւ այս յայտարարութիւնը եւս մէկ հնարաւորութիւն է, շանս է Բաքուի համար վերջ դնել այդ իր քաղաքականութեանը եւ եթէ ինքը ցանկանում է առաջընթաց, այլ ոչ թէ ստատուս քուոյի պահպանում, ապա վերջապէս հրաժարուի իր այդ նախորդ քարոզչական, կեանքից կտրուած ամբողջ այդ քարոզչութիւնից եւ փորձի իրականում առաջ շարժուել, որպէս մենք վերջապէս ունենանք Կազանում իրական արդիւնք: Եւ վերջին հարցը. ինչպէ՞ս կ'ընթանան բանակցութիւնները մինչեւ յունիսին կայանալիք հերթական ռաունդը: Շաւարշ Քոչարեան. Գիտէք ինչ, սա կարծես իմ նախորդ պատասխանի շարունակութիւնն է: Բաքուն կանգնած է կեղծիքի մէջ թաղուած, անդունդի եզրին: Ժամանակն է սթափուելու, ժամանակն է իրատեսական լինելու: Ժամանակն է ոչ թէ խեղաթիւրելու ամէն ինչ` պատմութիւնը հակամարտութեան, փորձել իր իսկ պատասխանատուութիւնը հետեւանքների համար գցել հայկական կողմերի վրայ: Բոլոր ամբիոններից լացուկոծ դնել տարածքների մասին: Ինչու՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը օկուպացուած տարածքներ չունի՞: Հէնց Ադրբեջանի կողմից: Ի հարկէ ունի: Բայց նա շատ յստակ վճռական է եւ հասկանում է, որ վերջ ի վերջոյ կարողանալու է իր վերահսկողութիւնը այդ տարածքների նկատմամբ վերականգնել: Եւ ոչ թէ լացուկոծ անելով, այլ ցանկալի է, որ հէնց բանակցութիւնների շնորհիւ: Այդ տեսակէտից հեռանկարը երեւի կ'երեւայ նաեւ մայիսի 28-ին: Որովհետեւ այդ իրարամերժ յայտարարութիւնները, որոնց մասին ասում էինք, ընդամէնը նախապատրաստական էին արդէն Ադրբեջանի Նախագահի ելոյթի համար: Տեսնենք նա ինչ կը յայտարարի: Հէնց իրենց անկախութեան օրուայ ժամանակ: Եթէ դա լինի նոյն կեղծիքները, նոյն մեղադրանքները, նոյն, որը բնորոշ է Բաքուին, նոյնիսկ անձնական վիրաւորանքները: Երբ չկան փաստարկներ, դիմում էն անձնական վիրաւորանքների: Դա մեր ոճը չէ: Մենք փաստերով ենք խօսում, միջազգային հանրութիւնը փաստերով է խօսում, Բաքուն խօսում է վիրաւորանքներով: Այն պարագայում, երբ որ ինքը սկսի խօսել փաստերով, այն պարագայում, երբ որ ինքը միակողմանի մոլորութեան մէջ չգցի առաջին հերթին սեփական ժողովրդին, մենք կարող ենք ակնկալել, որ հնարաւոր է առաջընթաց: Իսկ առաջընթացը դա մէկ օրուայ խնդիր չէ, մէկ ամսուայ խնդիր չէ, պէտք է կամք դրսեւորել, լինի այն կարեւորագոյն քայլը Կազանում, որից յետոյ էլ կողմերի համար, երեք կողմերի համար` երկու հայկական եւ ադրբեջանական երկար ճանապարհ կայ, որպէսզի մենք կարողանանք հասնել այն խաղաղութեանը, այն կայունութեանը, որն անհրաժեշտ է տարածաշրջանին:
  -   Հարցազրոյցներ