«Ժառանգութիւն». Սերժ Սարգսեանը դեռ կարող է ուղղել սխալը


«Ժառանգութիւն». Սերժ Սարգսեանը դեռ կարող է ուղղել սխալը

  • 28-11-2011 19:08:44   | Հայաստան  |  Քաղաքական

«ժառանգութիւն»կուսակցութեան վարչութիւնը նոյեմբերի 28-ին պատասխանել է նախագահ Սերժ Սարգսեանին: Պատասխանում, որը «Նոյեան Տապան»-ին տրամադրուել է կուսակցութեան լրատուական ծառայութեան կողմից, նշւում է. «Մեր տարակուսանքն ենք յայտնում Րաֆֆի Յովհաննիսեանի նոյեմբերի 21-ի պաշտօնական նամակին ի պատասխան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսեանի նոյեմբերի 26-ի արձագանքի առնչութեամբ եւ գնահատում այն իբրեւ ոչ պետականավայել, հատուածական յարձակում Րաֆֆի Յովհաննիսեան անհատի ու ՀՀ առաջին արտգործնախարարի, «Ժառանգութեան»եւ, ընդհանրապէս, ողջ ընդդիմութեան, Հայաստանի հասարակութեան ու քաղաքացու վրայ: Եթէ նոյեմբերի 25-ի յայտարարութեան մէջ Հհկ-ը նշել էր, որ «Անհրաժեշտ է զերծ մնալ իշխանութեան ստանձնած քաղաքական պարտաւորութիւնները բացարձակացնելու փորձերից, քանզի դրանք ունէն ողջամիտ սահմաններ», ապա նոյեմբերի 26-ի իր արձագանքով ՀՀԿ ղեկավար եւ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսեանը բացայայտեց այդ «Սահմանը»: Այն է` ազատ, արդար ու մրցակցային ընտրութիւններ անցկացնելու կամ դրանք իրականութիւն դարձնելու ցանկացած պահանջ կամ առաջարկ հատում է «թոյլատրելի սահմանագիծըէ եւ գնահատւում որպէս սեւացնող, թունաւորող, վարկաբեկող ու չարամիտ նպատակներ հետապնդող: Գնահատական հնչեցնելիս ՀՀ գործող նախագահը առնուազն պէտք է գիտակցէր, որ Րաֆֆի Յովհաննիսեանի նամակը 15 կէտերի ներքոյ շարադրուած որոշակի առաջարկների ամբողջութիւն է եւ ոչ թէ յայտարարութիւն, եւ որ դրանց նպատակն ազատ ու արդար ընտրութիւններ անցկացնելու` ՀՀ իշխանութիւնների հռչակած յանձնառութիւնն ըստ էութեան կեանքի կոչելն է, ինչը Սերժ Սարգսեանը կամ չի ընկալել, կամ խեղաթիւրում է: Նման պահուածքն ու անհամարժէք գնահատականները հարիր չէն երկրի ղեկավարին: Դա վկայում է, որ ՀՀ իշխանութիւնները չէն մերժում եւ չէն պատրաստւում հրաժարուել վարչական լծակներն օգտագործելու, հանրային ու պետական ռեսուրսների նկատմամբ կուսակցական մենաշնորհները վերահաստատելու, անհաւասար մրցակցային պայմաններ թելադրելու, քաղաքացիական ու հանրային ծառայողներին պարտադրելու, մեծամասնական ընտրակարգով ընտրական գործընթացն աղաւաղելու, ընտրացուցակները խարդախելու, բանակն ու եկեղեցին քաղաքականութեան մէջ ներքաշելու եւ այլ արատաւոր գործելակերպից: Տասնվեց տարի շարունակ իշխանութիւնների կողմից հակոտնեայ այդ մեթոդաբանութեամբ ընտրութիւնների կազմակերպո'ւմն է հէնց շարունակաբար սեւացրել ու վարկաբեկել երկրի հեղինակութիւնը, յանգեցրել ժողովրդական ընդվզման եւ արիւնահեղութեան: Չափազանց մտահոգիչ է, որ նախագահի կողմից 2008թ. նախագահական ընտրութիւնները դրական էն գնահատւում եւ վկայակոչւում իբրեւ միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող, ինչից ենթադրւում է, որ կարող է լինել նոր «Մարտի 1»: Գործող նախագահը պէտք է գիտակցի, որ քաղաքական նման հռետորաբանութիւնը, որն ուղեկցւում է վերոնշեալ մեթոդներով անցկացուած «ընտրութիւններովէ, ամենակարճ ճանապարհն է բացում դէպի ներհասարակական անհանդուրժողականութիւն: Ուստի սթափուելու պահը բոլորի համար է, եւ առաջին հերթին` գործող նախագահի: Եթէ Սերժ Սարգսեանը սխալուել է կամ վրիպել, կամ էլ շեղուել նախագահական ոճից եւ բովանդակութիւնից` դա էլ է պատահում, դեռ կարող է ուղղել սխալը, անհեթեթ ու անիմաստ ասպատակումների փոխարէն ընդունել Րաֆֆի Յովհաննիսեանի նամակի կէտերի գերակշիռ մեծամասնութեան ճշմարտացիութիւնը եւ քայլեր ձեռնարկել այդ խնդիրներն անյապաղ լուծելու, ընտրութիւնները հանրօրէն ընդունելի դարձնելու, Հայաստանի Հանրապետութիւնում վերջապէս իրաւական (դէ իւրէ) ընտրական արդիւնք ապահովելու համարէ,- նշւում է «ժառանգութիւնէ կուսակցութեան վարչութեան պատասխանի մէջ:
  -   Քաղաքական