Կրճատւում էն հաւաստագրման ժամանակը եւ ծախսը


Կրճատւում էն հաւաստագրման ժամանակը եւ ծախսը

  • 01-12-2011 16:02:34   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Դեկտեմբերի նիստում Հայաստանի կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ եւ լրացումներ, որոնք միտված են տնտեսվարող սուբյեկտների կողմից հավաստագրման գործընթացի համար ծախսվող ժամանակի, ինչպես նաեւ ծախսի եւ վարչարարության կրճատմանը։ Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, դրանով իսկ կարգավորվում է ապրանքների ծագման երկրի որոշման հավաստագրերի տրամադրման ոլորտը, բարելավվում է գործարար միջավայրը, խրախուսվում արտահանումը։ Փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, ՀՀ կառավարությունը պարզեցրել է կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի՝ ՀՀ մաքսատներում որպես արտաքին տնտեսական գործունեության մասնակից գրանցվելու, ինչպես նաեւ արտոնագրման ենթակա գործունեություն իրականացնող անձանց կողմից մաքսային մարմին անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացները։ Կառավարությունը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, որի նպատակն է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով գնել 17 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու։ Այն մարզպետարանի միջոցով կբաշխվի Գեղարքունիքի մարզի հողօգտագործողներին եւ կնպաստի 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության զարգացման ծրագրի լիարժեք իրականացմանը։ Գործադիրն հավանություն է տվել կարկտային գործընթացների վրա ակտիվ ներգործության արդյունավետության գնահատման մեթոդաբանությանը, որը մշակվել է Ռուսաստանի Դաշնությունում կիրառվող գիտականորեն հիմնավորված դրույթների հիման վրա։ Կառավարությունը որոշել է «Եվրոբիլդունգ» եվրոպական կրթական կենտրոն ՓԲԸ-ից ձեռք բերել եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օգտագործմանը հանձնել Գյումրի քաղաքի Ղուկասյան 30 հասցեում գտնվող շենքը։ Մեկ այլ որոշմամբ Երեւան քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող 800.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով «Եվրոբիլդունգ» կրթական կենտրոնին ուղղակի վաճառքի ձեւով օտարելու թույտվություն է ստացել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությունը։ Նույն վարչությանը թույլատրվել է իր տնօրինության՝ Երեւանի Տիգրան Մեծի 9 հասցեում գտնվող 702.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքն ուղղակի վաճառքի ձեւով օտարել «Ջավախք» հայրենակցական - բարեգործական հասարակական կազմակերպությանը։
  -   Տնտեսութիւն