Երեւանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ–ում Ֆրանսիայի Հանրապետութեան դեսպանի հետ


Երեւանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ–ում Ֆրանսիայի Հանրապետութեան դեսպանի հետ

  • 01-12-2011 19:25:47   | Հայաստան  |  Քաղաքական

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, շնորհավորելով Տարոն Մարգարյանին քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ` դեսպան Անրի Ռենոն ընդգծել է ստանձնած պաշտոնի պատասխանատվության բարձր աստիճանն ու վստահություն հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջեւ ձեւավորված բարեկամական եւ տնտեսական կապերը հետագայում եւս կշարունակեն համաչափ զարգանալ: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների ու վստահության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ կարեւորել է Երեւանի քաղաքապետարանի եւ Ֆրանսիայի քաղաքների ու շրջանների հետ համագործակցությունը, ինչը ներկայում ոչ միայն բավականին ակտիվ է, այլեւ զարգացման լայն հեռանկարներ ունի. «Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները նոր չեն եւ այսօր էլ բավական ամուր հիմքերի վրա են դրված: Մենք գործակցության համաձայնագրեր եւ ծարգրեր ունենք Փարիզի, Նիցի, Լիոնի, ինչպես նաեւ Իլ դը Ֆրանս շրջանի հետ: Վստահ եմ, որ դրանք հաջողությամբ իրականություն կդառնան եւ այսուհետ էլ ավելի կընդլայնվեն: Այդ հարցում ակնկալում ենք նաեւ Ձեր աջակցությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը: Դեսպան Անրի Ռենոն պատրաստակամություն է հայտնել իր կողմից աջակցել ու օժանդակել երկուստեք կապերի ամրապնդմանն ու էլ ավելի խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Օգտվելով առիթից՝ դեսպանը նաեւ շնորհակալություն է հայտնել հոկտեմբերին Երեւանում անցկացված ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ գլխավոր վեհաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար. «Այդ օրերին Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի պաշտոնական այցի շրջանակում ստորագրվեց բարեկամության եւ համագործակցության համաձայնագիր, որը, վստահ եմ, նոր լիցք կհաղորդի մեր գործակցությանը: Հույս ունեմ, որ հաջորդ տարի Ձեզ կհյուրընկալենք Փարիզում, եւ Ձեր այցը կդառնա կնքված համաձայնագրի կիրարկման գործնական փուլի մեկնարկը», - նշել է Անրի Ռենոն: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նշելով, որ մարտի 15-ից ապրիլի 15-ը Հայաստանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի միամսյակը նույնպես բարձր մակարդակով կկազմակերպվի , մեկ անգամ եւս փաստել է, որ Երեւանը կարեւորում եւ բարձր է գնահատում ֆրանկոֆոն քաղաքների հետ համագործակցության սերտացումն ու ընդլայնումը. «Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է աջակցել այն բոլոր ծրագրերի իրականացմանը, որոնք միտված են տարբեր ոլորտներում Երեւանի եւ ֆրանկոֆոն քաղաքների, մասնավորապես Ֆրանսիայի տարբեր քաղաքների միջեւ բարեկամական եւ գործակցային կապերի ձեւավորմանն ու զարգացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
  -   Քաղաքական