Արփինէ Աբրահամեան. «Մտաւոր արատ ունեցող անձը հեշտօրէն կարող է ինտէգրուել հասարակութիւն»


Արփինէ Աբրահամեան. «Մտաւոր արատ ունեցող անձը հեշտօրէն կարող է ինտէգրուել հասարակութիւն»

  • 02-12-2011 15:55:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 2-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ մտավոր արատ ունեցող երեխաների եւ երիտասարդների ցերեկային խնամքի կենտրոնի շահառուների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Միջոցառումը նախաձեռնել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ §Փրկություն¦ հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնը։ Ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին մտավոր արատ ունեցող երեխաների եւ երիտասարդների կողմից պատրաստված 157 աշխատանքներ` մաքրամե, ապլիկացիա, նկարչություն, բրնձագործություն, գեղագիտական ձեւավորում: Ցուցահանդեսի ժամանակ մտավոր արատով երիտասարդները նաեւ տեղում էին պատրաստում աշխատանքներ, ներկայացնում փոքրիկ թատերական համարներ, ինչը ներկաներին առավել ակնառու էր դարձնում նրանց աշխատանքային կարողությունները: Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության մամլո հաղորդագրության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ հիմնադրամի գործունեության մեջ մեծ տեղ են գրավում սոցիալական ծրագրերը, որոնց թվում նաեւ՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ տարվող աշխատանքները։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ անկախ այն բանից, թե որքան աշխատանք կվաճառվի ցուցահանդես-վաճառքի ընթացքում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 200 հազար դրամ կփոխանցի Երեւանում մտավոր արատ ունեցող երեխաների եւ երիտասարդների ցերեկային խնամքի կենտրոնին։ Նա կարեւորեց նման միջոցառումները, քանի որ դրանք հասարակության ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին։ «Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնի ղեկավար Արփինե Աբրահամյանը նշեց, որ նման միջոցառումները նպատակ ունեն ապացուցելու հասարակությանը, որ մտավոր արատ ունեցող անձը մշտապես օգնություն ակնկալողի դերում չէ եւ շատ հեշտորեն կարող է ինտեգրվել հասարակություն, եթե վերջինս պատրաստ է նրան ընդունել որպես լիիրավ քաղաքացի: Երեւանում մտավոր արատ ունեցող երեխաների եւ երիտասարդների միակ ցերեկային խնամքի կենտրոնը ստեղծվել է 1999թ.։ Ամեն օր՝ ժ. 10.00-17.00, կենտրոն է հաճախում 55 շահառու: Այստեղ գործում են ձեռագործության, նկարչության, բրնձագործության, կավագործության, գեղագիտական ձեւավորման եւ թատերական խմբակներ։ Ցուցահանդես-վաճառքից ստացված գումարի 50%-ը կստանա շահառուն, իսկ 50%-ը կփոխանցվի ցերեկային խնամքի կենտրոնի ջեռուցման վճարի համար, որն ամսական կազմում է շուրջ 300 հազար դրամ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն Հեռ.՝ 010545802 (ներքին՝ 16), 093517112 E-mail: press@heh.am
  -   Մամլո հաղորդագրություն