Բակոյ Սահակեան. «Արգենտինան հայ ժողովրդի համար բարեկամական երկիր է»


Բակոյ Սահակեան. «Արգենտինան հայ ժողովրդի համար բարեկամական երկիր է»

  • 02-12-2011 16:08:47   |   |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին այցելել է Արգենտինայի խորհրդարան եւ հանդիպել պատգամավորների պալատի առաջին փոխխոսնակ Օսկար Ագուադիի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ալֆրեդո Աթանասովի եւ մի խումբ պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել է Արցախի ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արգենտինան հայ ժողովրդի համար բարեկամական երկիր է, եւ Արցախը շահագրգռված է տարբեր ոլորտներում նրա հետ կապերի զարգացման ու խորացման մեջ: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արգենտինային 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման համար` հավելելով, որ դա մեծ քաղաքական եւ բարոյական հաղթանակ էր ողջ քաղաքակիրթ մարդկության համար: Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրին` Բակո Սահակյանը նշել է, որ հակամարտության չկարգավորված լինելու հիմնական պատճառը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն է, ինչը հանդիսանում է ահաբեկչության դրսեւորումներից մեկը: Արգենտինացի խորհրդարանականները կարեւորել են ԼՂՀ Նախագահի հետ հանդիպումը եւ ընդգծել, որ տեղյակ են Արցախում պետականաշինության գործընթացի մասին` բարձր գնահատելով հատկապես ժողովրդավարական ինստիտուտների եւ քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ մեր հանրապետության ձեռքբերումները: Երկուստեք նշվել է երկկողմ հարաբերությունների զարգացման եւ այս ուղղությամբ կոնկրետ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
  -   Քաղաքական