Բակոյ Սահակեանն աշխատանքային այցով մեկնել է Ուրուգուայ


Բակոյ Սահակեանն աշխատանքային այցով մեկնել է Ուրուգուայ

  • 02-12-2011 16:34:48   |   |  Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին ժամանել է Ուրուգվայ: Մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Նախագահը հանդիպում է ունեցել Ուրուգվայում գործող հայկական ավանդական կուսակցությունների, կազմակերպությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բակո Սահակյանը բարձր է գնահատել ուրուգվահայ համայնքի դերը Արցախի շենացման գործում` ընդգծելով, որ Ուրուգվայում ապրող մեր հայրենակիցներն ակտիվ մասնակցություն ունեն մեր հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: Հանդիպումից հետո Նախագահ Սահակյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի, հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի եւ հայ համայնքի մի խումբ անդամների հետ: Այնուհետեւ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ Բակո Սահակյանն այցելել է Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակ եւ ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
  -   Քաղաքական