ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հանդիպել է Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգութեան խորհրդի նախագահ Ադոլֆ Բերգհոֆերի հետ


ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հանդիպել է Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգութեան խորհրդի նախագահ Ադոլֆ Բերգհոֆերի հետ

  • 06-12-2011 17:32:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 6-ին կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բերգհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական՝ 12-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին` Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրան ատոմային անվտանգության հարցերով Հայաստանին զգալի օժանդակություն ցուցաբերելու համար: Սերժ Սարգսյանը կարեւորել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի աշխատանքը եւ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը: ՀՀ նախագահը եւ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղությամբ մինչ այժմ կատարված աշխատանքներին, կայանի հետագա շահագործման եւ նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերին: Կառավարության ընդունելությունների տանը Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նաեւ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին եւ հանդես եկել բացման խոսքով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 12-րդ նիստի ժամանակ Հարգելի՛ նախագահ, Խորհրդի հարգելի՛ անդամներ, նիստի մասնակիցնե՛ր, Բացելով Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 12-րդ նիստը՝ ողջունում եմ Խորհրդի անդամներին եւ նիստի բոլոր մասնակիցներին: Նախ կցանկանայի ձեզ ներկայացնել ԱԷԱԽ-ի երկու նոր անդամներին՝ Դոկտոր Քրիստոֆեր Վաթսոնին Մեծ Բրիտանիայից՝ Փակ միջուկային օբյեկտների կառավարման ծրագրերի գլխավոր խորհրդական եւ դոկտոր Ժերալդ Օզունյանին Ֆրանսիայից՝ Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային գործակալության փոխտնoրեն: Ցանկանանք նրանց հաջող եւ արգասաբեր աշխատանք: Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում, որ համաձայնվեցիք մասնակցել մեր խորհրդի աշխատանքներին: Խորհուրդը 15 տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարել: Շնորհակալ եմ բոլորիդ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) անվտանգության բարձրացման հարցում անգնահատելի օգնության համար: Այս ձեւաչափով համագործակցության կարեւորությունը դժվար է գերագնահատել՝ հաշվի առնելով կայանի առանձնահատուկ դերը մեր երկրի էներգետիկ անվտանգության հարցում: Թույլ տվեք նաեւ շնորհակալական խոսքեր հղել ՄԱԳԱՏԷ-ին եւ բոլոր այն երկրների կառավարություններին, որոնք մասնակցում են այս գործընթացին: ՀԱԷԿ-ի գործող բլոկի անվտանգության մակարդակի անընդհատ բարձրացումը մնում է Հայաստանի կառավարության կարեւորագույն առաջնահերթություններից մեկը: Ես ծանոթացել եմ ՀԱԷԿ-ի կարգավորող մարմնի եւ ղեկավարության կողմից ներկայացված նյութերին, ինչպես նաեւ ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման վերաբերյալ Վիեննայում ս.թ. հոկտեմբերին կայացած ՄԱԳԱՏԷ-ի համակարգող խորհրդի նյութերին: Մենք հասկանում ենք դոնոր երկրների դիրքորոշումը՝ ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ աշխատանքների համաֆինանսավորման մեջ հայկական կողմի մասնակցության բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ: Իհարկե, այս հարցում կան օբյեկտիվ դժվարություններ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանի տնտեսության վրա դրա բացասական ազդեցությունը լուրջ ճշգրտումներ են մտցրել մեր ծրագրերում: 2010թ. ապրիլին բարձրացվեց բնական գազի սակագինը: Չցանկանալով խորացնել բնակչության սոցիալական վիճակը՝ մենք պահպանեցինք էլեկտրաէներգիայի վերջնական սակագինը եւ միայն բարձրացրեցինք ՀԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի մշակման սակագինը: Բայց այս ընթացքում թանկացել են ինչպես միջուկային վառելիքը, այնպես էլ վերանորոգման աշխատանքների արժեքը: Արդյունքում, ՀԱԷԿ-ի սակագնային տարբերությունը (մարժան) անբավարար եղավ անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգալու համար: Այդ կապակցությամբ, մենք փորձում ենք ստեղծված դրությունից դուրս գալու համար լրացուցիչ ռեսուրսներ փնտրել: Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստան-ՄԱԳԱՏԷ համագործակցության որոշ ասպեկտների վրա: Ամեն տարի մեր երկիրն ընդունում է մինչեւ 10 առաքելություն ՀԱԷԿ-ի անվտանգության եւ պաշտպանվածության, ինչպես նաեւ սեյսմիկ եւ շահագործման անվտանգության ստուգման համար: 2011թ. մայիսին մենք ընդունեցինք ՕՍԱՐՏ առաքելությանը, որն իրականացրեց ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության խորացված ստուգում: Փորձարկվեցին կայանի գործունեության 8 ուղղություններ, եւ ՕՍԱՐՏ-ի խումբն այլ երկրներում տարածման դրական փորձի 7 օրինակ հայտնաբերեց: Խումբն ըստ ոլորտների ներկայացրեց 14 երաշխավորագիր եւ 12 առաջարկություն, որոնց հետ կապված ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը կարող է բարձրացվել: Հայաստանի կառավարությունը նոյեմբերին պաշտոնապես ստացավ առաքելության վերջնական հաշվետվությունը: Հաշվետվությունը համակողմանիորեն կդիտարկվի եւ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցներն այն ոլորտների կատարելագործման համար, որոնց հետ կապված առաքելությունը ներկայացրել է երաշխավորագրեր եւ առաջարկություններ: Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի 2012թ. վերջին, 2013թ. սկզբին կայանալիք կրկնակի ստուգումը հավաստի կայանի շահագործման անվտանգության բարձրացման էական առաջընթացի մասին: ՀԱԷԿ-ի ղեկավարությունը պետք է շտապ որոշակի գործողություններ ձեռնարկի Հայաստանի ատոմային էներգետիկայի ենթակառուցվածքի եւ կայանի համար մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ՝ հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում նոր ատոմային կայան է հայտնվել, որտեղ աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան մեր ատոմակայանում: Հարգելի՛ գործընկերներ, Հայկական կողմը որոշում է կայացրել հնարավորին կարճ ժամանակահատվածում ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի սթրես-թեստ անցկացնել: Եվրոպական միությունը պատրաստակամություն է հայտնել օգնել սթրես-թեստերը ժամանակին անցկացնելու հարցում: Ներկայում ՀԱԷԿ-ն արդեն սկսել է այդ միջոցառման իրականացման աշխատանքների նախապատրաստումը: Սթրես-թեստերի արդյունքները պատրաստ կլինեն 2012թ. երկրորդ եռամսյակում: Չնայած ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունն այսօրվա դրությամբ համարվում է առաջնակարգ կարեւորության խնդիր, մենք պակաս արդիական չենք համարում ապագա էներգաբլոկի հետ կապված հարցերը: Հայաստանի եւ Եվրոպական միության համատեղ գործողությունների ծրագրում ներառված է «ՀԱԷԿ-ի միջուկային էներգաբլոկները շահագործումից հանելու ծրագրի» մշակումը: ԵՄ-ի հետ մեկնարկել է «Ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի կառավարման ռազմավարության» մշակման աշխատանքը: Արեւելյան գործընկերության շրջանակում էներգետիկ անվտանգության մասով ԵՄ գործողությունների ծրագիրը նվիրված է նաեւ տարածաշրջանում ենթակառուցվածքային համակարգերի զարգացման եւ էներգակիրների մատակարարման բազմազանեցման հարցերին: Մի քանի խոսքով անդրադառնամ երկրում միջուկային էներգետիկայի զարգացման ոլորտում տարվող աշխատանքներին. Հայաստանն ունի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիր եւ դրանում առանցքային տեղ ունի միջուկային էներգետիկայի զարգացման ծրագիրը: Միայն ԱԷԿ-ի առկայությունը բազային էլեկտրաէներգիայի արտադրման կառուցվածքում մեզ թույլ կտա պահպանել երկրի էներգետիկ անվտանգության պահանջված մակարդակը: Այդ իսկ պատճառով ապագա երկրորդ էներգաբլոկի շուրջ ցանկացած քննարկում սերտորեն կապված է նոր միջուկային էներգաբլոկի գործարկման ժամկետների հետ: Ակնհայտ է նաեւ, որ նոր էներգաբլոկի ներդրման ժամկետների ուշացման դեպքում, մենք ստիպված կլինենք լուծել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ժամկետների երկարացման խնդիրը: 2011թ. ապրիլին պլանավորած «Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկը. ներդրումային հնարավորություններ» միջազգային համաժողովը տեղափոխվեց Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի պատճառով: Ֆուկուսիմա ԱԷԿ-ում վթարի հետեւանքները հաստատում են ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ պլանավորված ԱԷԿ-երի անվտանգության վերլուծության ուժեղացման եւ խորացման անհրաժեշտությունը: Համաժողովի տեղափոխումը հնարավորություն տվեց միջուկային միջազգային ընկերակցությունների հետ ուշադիր ուսումնասիրել Ֆուկուսիմա ԱԷԿ-ի վթարի հետեւանքները եւ հաշվի առնել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցում անվտանգության պահանջների հնարավոր փոփոխությունները: Հարգելի՛ գործընկերներ, Նախորդ նիստում ես արդեն տեղեկացրել եմ ձեզ, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ռուսական ԱԷԿ-92 նախագծին՝ որպես միջուկային նոր էներգաբլոկի նախագիծ: 2010թ. օգոստոսին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ համաձայնագիր է ստորագրվել «ՀՀ տարածքում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ»: Համաձայնագրով Ռուսաստանը նախագծում մասնակցում է որպես ներդրող, եւ նրա ներդրումները կհամապատասխանեն «միջուկային կղզյակ»-ի համար մատակարարվող սարքավորումների արժեքին: Համաձայնագիրը նաեւ նախատեսում է փոխառական միջոցների հնարավորություն, եթե նման անհրաժեշտություն ծագի: Մենք շարունակում ենք այլ ներդրողների ներգրավման շուրջ բանակցությունները: Նախագահ Սարկոզիի հետ հանդիպմանը քննարկվեց միջուկային նոր էներգաբլոկի կառուցման նախագծում ֆրանսիացի ներդրողների հնարավոր մասնակցության հարցը: Քննարկվեց նաեւ մեր նախագծում ֆրանսիական ընկերությունների մասնակցության հարցը՝ որպես սարքավորումների մատակարար: Մեզ հայտնի է ռուսական «միջուկային կղզյակ»-ի սարքավորումներն արեւմտյան սարքավորումների հետ համատեղելու դրական փորձի մասին: «Ռոսատոմ»-ն արդեն մշակել է ռուսական ԱԷԿ-92 նախագծում Արեւա-Սիմենս ընկերության համակարգի ինտեգրման նախագիծը Բուլղարիայի «Բելենա»-ի հիման վրա: Այս ամենը խոսում է այն մասին, որ ռուսական նախագծում արեւմտյան տեխնոլոգիաների ինտեգրման մեր հայեցակարգը հեռանկարային է: Մենք արդեն ավարտել ենք Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման տեխնիկական-տնտեսական հիմնավորման մշակման աշխատանքները: Կցանկանայի հատուկ ուշադրություն դարձնել ՄԱԳԱՏԷ-ի օգնությանը՝ ՀԱԷԿ-ի հարթակի սեյսմիկ վերագնահատման հաշվետվությունների փորձագիտության կազմակերպման հարցում: Այդ աշխատանքը կարեւոր է ինչպես գործող միջուկային բլոկի սեյսմիկ անվտանգության, այնպես էլ մեր Հանրապետությունում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման նախագծի իրագործման համար: 2008-2010թթ. անցկացվել է ԱԷԿ-ի հարթակի կրկնակի ուսումնասիրություն սեյսմակայունության, հրաբխագիտության եւ երկրաֆիզիկայի տեսանկյունից: ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների կողմից վերը նշված հաշվետվության գնահատման արդյունքները հաստատում են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման վայրի ճիշտ ընտրությունը: ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը բարձր է գնահատել կատարված աշխատանքների մակարդակը: Ավարտվել է «Շրջակա միջավայրի վրա միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ազդեցության գնահատման վերաբերյալ» հաշվետվության կազմման աշխատանքը: Տվյալ հաշվետվությունը բաց է եւ տեղադրված է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջերում, որտեղ այն փորձաքննության է ենթարկվում: Վստահ եմ, որ այսօր, ինչպես նախորդ նիստերում, մենք կանցկացնենք օրակարգի բոլոր հարցերի բացարձակապես բաց եւ շահագրգիռ քննարկում: Ավարտելով ելույթս՝ նիստը վարելու համար խոսքը փոխանցում եմ ԱԷԱԽ-ի նախագահ Ադոլֆ Բերգհոֆերին: Շնորհակալություն: *** ՀՀ նախագահի բացման խոսքից հետո նիստում ելույթ է ունեցել ԱԷԱԽ նախագահ Ադոլֆ Բերգհոֆերը: Նա կարեւորել է ՕՍԱՐՏ-ի առաքելության աշխատանքը՝ նշելով, որ այն, ինչ արտացոլված էր առաքելության հաշվետվության մեջ՝ շատ դրական էր: Լավ աշխատանքի եւ նման արդյունքների հասնելու համար, ըստ Ադոլֆ Բերգհոֆերի, պետք է շնորհավորել ՀԱԷԿ-ին եւ ՀՀ կառավարութանը. «Ես կարծում եմ, որ մենք մեծ քայլ ենք արել առաջ: Գոյություն ունեցող ատոմային կայանների շարքում ՀԱԷԿ-ն այսօր պատվավոր գործընկեր է համարվում: Կարծում եմ, մենք գտնվում ենք ճիշտ ճանապարհի վրա»,-ասել է ԱԷԱԽ գերմանացի նախագահը՝ իր խոսքում անդրառանալով ՀԱԷԿ-ի հետագա շահագործման, նոր կայանի կառուցման հետ կապված հարցերին եւս: Նիստում զեկույցով հանդես են եկել նաեւ «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը՝ «Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը» թեմայով եւ ՀՀ Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, ով ներկայացրել է Հայաստանի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի հաշվետվությունը՝ 2010-2011թթ. ժամանակահատվածի համար: Զեկույցներին հաջորդել է ներկայացված հարցերի շուրջ քննարկում: *** Լրացուցիչ տեղեկություններ ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդն ստեղծվել է ՀՀ նախագահի հրամանագրով: Անկախ խորհրդակցական այդ մարմինն ստեղծվել է՝ ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից: Խորհուրդը ձեւավորվում է միջազգային ճանաչում եւ հեղինակություն ունեցող գիտնականներից եւ մաuնագետներից: Խորհրդի գործունեությունն իրականացվում է Խորհրդի նիuտերի միջոցով, որոնք հրավիրվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: Կանոնադրության համաձայն, Խորհրդի հիմնական խնդիրներն են` - ատոմային էներգետիկայի անվտանգության եւ դրա զարգացման առաջնային ուղղությունների ձեւավորումը, հիմնախնդիրների վերաբերյալ հանձնարարականների մշակումը եւ առաջարկությունների նախապատրաuտումը. - ատոմային էներգիայի խաղաղ եւ անվտանգ oգտագործման վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության Նախագահին ներկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերլուծությունը եւ փորձաքննությունը: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
  -   Մամլո հաղորդագրություն