Հայաստանի արտգործնախարարի մասնակցել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 18-րդ նստաշրջանին


Հայաստանի արտգործնախարարի մասնակցել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 18-րդ նստաշրջանին

  • 07-12-2011 10:20:31   |   |  Քաղաքական

Ընդունվեց հնգակողմ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ Դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 18-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 56 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Նստաշրջանի առաջին օրը նշանավորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետիի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի համատեղ հայտարարությամբ, որում վերահաստատեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը: Նույն օրը` առավոտյան, Էդվարդ Նալբանդյանը մասնակցել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին քննարկվել էին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 18-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը դիրքորոշումները ճշտելու եւ համադրելու նպատակով: Նախարարները քննարկեցին նաեւ ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա հանդիպումներին առնչվող հարցեր: Էդվարդ Նալբանդյանի վիլնյուսյան օրակարգը հագեցած էր նաեւ երկկողմ հանդիպումներով: Նախարար Նալբանդյանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ հանդիպմանն երկուստեք գոհունակություն հայտնվեց վերջին շրջանում ակտիվ պարբերական շփումների կապակցությամբ: Հայաստանի եւ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր, անդրադարձան արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնախնդրին: Վիլնյուսում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրալիայի արտգործնախարար Քեւին Ռուդի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ եղավ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին: Քեւին Ռուդը տեղեկացրեց, որ մտադիր է Հայաստան այցելել հաջորդ տարվա առաջին կեսին: Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպմանը քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունն աջակցելու Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, հակամարտության գոտում վստահության միջոցների եւ անվտանգության ապահովման ամրապնդմանը: Հանդիպման օրակարգում էին նաեւ տարածաշրջանային այլ հարցեր: Հայաստանի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպմանը տեղի ունեցավ մտքերի փոխանակում ԵԱՀԿ օրակարգային հարցերի, հակամարտությունների կարգավորմանը, ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանն առնչվող հարցերի շուրջ: Զրուցակիցները նաեւ խոսեցին հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին: Լիտվայի մայրաքաղաքում տեղի ունեցավ նաեւ Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էրկկի Տուոմիոայի հանդիպումը: Բանակցությունների օրակարգում էին երկկողմ հարաբերությունները, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը եւ տարածաշրջանային խնդիրները: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման գլխավոր թեման էր 2012 թ. Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները: ԺՀՄԻԳ տնօրենը բարձր գնահատեց Հայաստանում իրականացվող բարեփոխումները եւ ընտրական օրենսդրության փոփոխությունները՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ազատ, թափանցիկ եւ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացմանը: Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով նախարար Դեւիդ Լիդինգտոնի հետ էր: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, տարածաշրջանային հարցերին: Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ենթատեքստում Դեւիդ Լիդինգտոնը ողջունեց այսօր ընդունված հնգակողմ հայտարարությունը: Կիպրոսի արտգործնախարար Էռատո Կոզակով- Մարկովալիսի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման օրակարգում էին հայ-կիպրական բարեկամական հարաբերություններն առավել զարգացնելու ուղիները եւ տարածաշրջանային հարցեր: 2012 թ. երկրորդ կեսին ԵՄ-ում Կիպրոսի նախագահության ենթատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան- Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի արտգործնախարարը Վիլնյուսում հանդիպեց 2012 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Իռլանդիայի Եվրոպական հարցերով պետնախարար Լուսինդա Կրեյթոնին: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր փոխանակեցին այս տարի Հայաստանի արտգործնախարարի Դուբլին կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս առումով, Լուսինդա Կրեյթոնն ընդգծեց, որ ԵԱՀԿ իռլանդական նախագահությունը աջակցելու է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
  -   Քաղաքական