Երեւանում տեղի ունեցաւ Հայաստան-եւրոպական Միութիւն մարդու իրաւունքների շուրջ երկխօսութեան երրորդ հանդիպումը


Երեւանում տեղի ունեցաւ Հայաստան-եւրոպական Միութիւն մարդու իրաւունքների շուրջ երկխօսութեան երրորդ հանդիպումը

  • 08-12-2011 09:54:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 6-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության երրորդ հանդիպումը: Ներկա դրությամբ Եվրոպական Միությունը մարդու իրավունքների շուրջ մասնագիտացված քննարկումներ է անցկացնում աշխարհի գրեթե 40 երկրների հետ: Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԵՄ հետ մարդու իրավունքների շուրջ երկխոսության անցկացմանը: Երկխոսությունը, որը ներկայացված էր նաեւ փորձագիտական մակարդակով, անցավ բարեկամական, բաց եւ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն եւ մտահոգություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ, ինչպես նաեւ տեղի ունեցան քննարկումներ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը` Եվրոպական արտաքին գործերի ծառայության Մարդու իրավունքների քաղաքականության ուղենիշների ստորաբաժանման ղեկավար Ռինա Կիոնկան (Riina Kionka): Հայկական պատվիրակության կազմում էին Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանը, արդարադատության փոխնախարար Ա. Օրբելյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջ. Բաղդասարյանը, գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գ. Կոստանյանը, մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանը, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կառավարության աշխատակազմի, դատական դեպարտամենտի ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, երկխոսությունը հնարավորություն տվեց մտքեր փոխանակելու Հայաստանում եւ ԵՄ-ում մարդու իրավունքների վիճակի շուրջ: Մասնավորապես, քննարկումների օրակարգում էին մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգին, դատական բարեփոխումներին, ընտրություններին եւ ընտրական համակարգին, ազատ արտահայտվելու եւ տեղեկատվություն ազատությանը, հավաքներ անցկացնելու եւ միավորումներ կազմելու ազատությանը, ներառյալ քաղաքացիական հասարակության գործունեությանը, խոցելի խմբերի իրավունքներին առնչվող հարցեր: Հայաստանի եւ ԵՄ պատվիրակությունները քննարկեցին նաեւ մարդու իրավունքների շուրջ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում: Հայաստանը եւ ԵՄ համաձայնեցին մարդու իրավունքների շուրջ երկխոսության հաջորդ հանդիպումից առաջ կազմակերպել սեմինար քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:
  -   Մամլո հաղորդագրություն