Միացյալ Թագավորության հայ համայնքի ներկայացուցչին շնորհվել է Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն պարգեւը


Միացյալ Թագավորության հայ համայնքի ներկայացուցչին շնորհվել է Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն պարգեւը

  • 08-12-2011 14:33:06   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ կարգադրությամբ հայրապետական կոնդակով եւ Սուրբ Ներսես Շնորհալի շքանշանով բազմամյա ազգանվեր գործունեության համար պարգեւատրվել է Սփյուռքում եւ Հայաստանում ճանաչված բարերար, Լոնդոնի Թեքեյան Թրաստի պատվավոր քարտուղար, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանը: Պարգեւատրման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում օրվա առիթին նվիրված պատարագից հետո ավելի քան 300 հյուրերի մասնակցությամբ: Տեր հայր Ներսես Ներսեսյանը հավուր պատշաճի պատարագ մատուցելով` անդրադարձավ անհատի անշահախնդիր գործունեությանը` ի նպաստ հասարակության զարգացմանն ու բարգավաճմանը: Տեր հայրը խոսեց նաեւ տարիների ընթացքում Վարդան Ուզունյանի հետ համագործակցության մասին, որի նպատակն էր հայ համայնքի մշակութային կյանքի զարգացումը: Այնուհետեւ նա կարդաց հայրապետական կոնդակը, որից հետո Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը Վարդան Ուզունյանի կրծքին ամրացրեց Սբ. Ներսես Շնորհալի շքանշանը եւ, բարձր գնահատելով նվիրյալ հայորդու վաստակը ազգային եւ եկեղեցական կյանքում, հղեց իր սրտաբուխ բարեմաղթանքներն ու օրհնությունը: Պատարագին հաջորդեց ընդունելություն Լոնդոնի Քոթորն Թարա հյուրանոցում: Տոնական հանդիսությանը ներկա էին տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, բարերարներ, թեքեյանցի աջակիցներ, մշակույթի գործիչներ: Վարդան Ուզունյանին շնորհավորելու էին եկել նաեւ Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը, Հայաստանում ՄԲ դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Հայաստանում ՄԲ նորանշանակ դեսպան Ջոնաթան Էյվզը, ինչպես նաեւ ՄԹ հայ համայնքի այլ ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր: Շնորհավորելով Վարդան Ուզունյանին` դեսպան Կարինե Ղազինյանն իր խոսքում ընդգծեց բարերարի բեղուն գործունեությունն ու նվիրումը հարազատ ժողովրդին եւ Մայր եկեղեցուն: Դեսպանը բարձր գնահատեց նաեւ Վ. Ուզունյանի ավանդը հայ-բրիտանական հարաբերությունների էլ ավելի զարգացման գործընթացում: Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Հրաչ Կումրույանը /Լիբանան/, որը նաեւ ընթերցեց Լոնդոնի Թեքեյան Թրաստի նախագահ, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձու Սիլվա Գրիգորյանի ուղերձը /Ֆրանսիա/, ԼԹԹ եւ ԹԿՀ հոգաբարձու Թալին Ավագյանը: Վարդան Ուզունյանն երախտիքի խոսք ուղղեց նախ Ամենայն հայոց կաթողիկոսին, ապա Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին` այդ բարձր պարգեւին իր թեկնածությունը առաջադրելու համար: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր տարիների ընթացքում աջակցել են իրեն` իրականացնելու տարբեր ազգանվեր ծրագրեր: Հանդիսությունն ավարտվեց տիկին Ռոզեթ Ուզունյանի ելույթով, որն ասմունքեց Վահան Թեքեյանի «Հաշվեհարդար» ստեղծագործությունը եւ արժանացավ ոտնկայս ծափահարությունների:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը