Աժ-ն հաստատեց ՀՀ 2012թ.-ի պետական բիւջէն


Աժ-ն հաստատեց ՀՀ 2012թ.-ի պետական բիւջէն

  • 08-12-2011 15:28:22   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի նիստում 66 «կողմ», 2 «դեմ» ձայներով ընդունեց ՀՀ 2012թ.-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակը: Հայտատված բյուջեն եկամուտների մասով կազմում է շուրջ 911.6 մլրդ դրամ, ծախսերի` 1տրիլիոն 44.1 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 132.5 մլրդ դրամ: Բյուջեի հիմքում` որպես հաշվարկային, դրված են ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ արտարժութային շուկայում ձեւավորված փոխարժեքները. ԱՄՆ 1 դոլարը` 378 դրամ, եվրոն` 519 դրամ: 2012 թվականի համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4.2 տոկոս, դեֆլյատորը, այսինքն` ընդհանուր տնտեսության մեջ գների աճը` 4.6 տոկոս, իսկ գնաճի 12-ամսյա թիրախը մնացել է անփոփոխ` 4 տոկոս +/- 1.5 տոկոս: Պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2012թ.-ի վերջին կանխատեսվում է 4.764 մլրդ ԱՄՆ դոլար, այդ թվում արտաքին պարտքը` շուրջ 4.1 մլրդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 36.1 տոկոսը: 2012թ.-ի պետբյուջեի նախագծի քվեարկությանը հիմնականում չմասնակցեցին ընդդիմադիր «Ժառանգություն» եւ «ՀՅԴ» խմբակցությունների անդամները, բացառությամբ դեմ քվեարկած «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանի եւ «ՀՅԴ» անդամ Գագիկ Գեւորգյանի: Քվեարկությունից հետո «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը հայտարարեց, որ քվեարկությանը խմբակցության չմասնակցելը բոյկոտ էր. «Սրանով արտահայտվում էր մեր ողջ վերաբերմունքը»: Ա.Մարտիրոսյանն էլ հայտարարեց. «Մեզ համար միանշանակ է, որ սա ոչ թե պետական, այլ նախընտրական բյուջե է, որ իշխող կոալիցիան ընդունել է բացառապես իր նախընտրական կամպանիայի համար»:
  -   Տնտեսութիւն