Միշել Սուլեյման. «Լիբանանը կանգնած է Հայաստանի կողքին»


Միշել Սուլեյման. «Լիբանանը կանգնած է Հայաստանի կողքին»

  • 09-12-2011 17:10:09   | Հայաստան  |  Քաղաքական
Լիբանանը շնորհակալ է Հայաստանին երկրի արդարացի խնդիրներին եւ հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի դրույթների կատարմանն ուղղված Լիբանանի ջանքերին մշտապես աջակցություն ցույց տալու համար: Այս մասին դեկտեմբերի 9-ին Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը: Նա պարզաբանեց, որ հիշյալ բանաձեւը նպատակ ունի պաշտպանել Լիբանանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը իսրայելական ոտձգություններից ու խախտումներից: Լիբանանի նախագահը ՀՀ նախագահի հետ բանակցությունների ընթացքում հայտնել է, որ հպարտ է երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական եւ մշակութային կյանքում ծագումով հայ լիբանանցիների մեծ ավանդի համար: Ըստ Լիբանանի նախագահի, կարեւորվել է ծայրահեղականության, ռասիզմի եւ բռնության բոլոր դրսեւորումների դեմ ուղղված համատեղ ջանքերն ու համագործակցությունը: Բանակցություններում անդրադարձ է եղել արաբական աշխարհում կատարվող զարգացումներին, ընդգծվել դրանում արդիական եւ բաց ժողովրդավարական համակարգերին անցում կատարելու կարեւորությունը: Նշվել է նաեւ, որ անհրաժեշտ է շարունակել ջանքերն՝ ուղղված Պաղեստինի խնդրի արդար եւ տեւական լուծման ուղղությամբ՝ միջազգային օրենքի սկզբունքների, Մադրիդի կոնֆերանսի որոշումների եւ արաբական խաղաղության նախաձեռնության հիման վրա՝ պահպանելով պաղեստինցի փախստականների վերադարձի իրավունքը եւ թույլ չտալով գաղութաբնակեցման ցանկացած դրսեւորում: «Մինչ հայ ժողովուրդըհ նշում է իր անկախության 20 ամյակը, Լիբանանը կանգնած է Հայաստանի կողքին եւ աջակցում է նրան պետության կառուցման գործում՝ անկախության եւ ինքնիշխանության հիման վրա»,- բանակցություններում հայտարարել է Միշել Սուլեյմանը, հավելելով, որ Լիբանանը կարեւորում է «դիվանագիտական եւ խաղաղ լուծումները այն խնդիրները, որոնք խոչընդոտում են բնականոն հարաբերություններին որոշ հարեւան երկրների հետ, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որպեսզի այս տարածաշրջանը դառնա քաղաքակրթություններին միացնող կամուրջ, ինչպես դա ցանկանում է նախագահ Սարգսյանը, եւ ոչ թե բաժանարար գիծ դրանց միջեւ»,- նշեց Լիբանանի նախագահը:
  -   Քաղաքական