Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի նախագահին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի նախագահին

  • 10-12-2011 15:42:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 10-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սլեյմանին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի: Վեհափառ Հայրապետը ողջունեց Լիբանանի նախագահի այցը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր կենտրոն` անդրադառնալով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հիմնադրման պատմությանը եւ առաքելությանը հայ ժողովրդի կյանքում: ?Մեր ազգային եւ եկեղեցական պատմությունը հարուստ է մեր երկու ժողովուրդների բարեկամության վերաբերյալ վկայություններով: Եվ ուրախ ենք, որ այսօր հարաբերությունները Հայաստանի եւ Լիբանանի միջեւ դարավոր այդ բարեկամության ոգուն համահունչ են զարգանում, վերականգնվում են փոխայցելությունները?, - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ընդգծելով, որ Լիբանանը առանձնահատուկ տեղ է գրավում հայ ժողովրդի հոգում: Իր խոսքում Նորին Սրբությունն ի դեմս Լիբանանի նախագահի շնորհակալություն հայտնեց Լիբանանի իշխանություններին եւ ժողովրդին հայոց մեծ ողբերգությունը` Ցեղասպանությունը ճանաչելու եւ դատարպարտելու համար, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին ցուցաբերվող զորակցության համար: Իր հերթին Լիբանանի նախագահը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա գնահատանքով անդրադարձավ հայերի պատմական ներկայությանը Լիբանանում եւ կարեւոր ծառայությանը երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում: Պրն. Միշել Սլեյմանը նաեւ հույս հայտնեց, որ Նորին Սրբությունն առաջիկային կայցելի Լիբանան: Հանդիպմանը նաեւ անդրադարձ կատարվեց Հայ Եկեղեցու միջեկեղեցական եւ միջկրոնական հարաբերություններին: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված օրհնի եւ հարատեւ զորացնի բարեկամությունը երկու ժողովուրդների: Այնուհետեւ Նորին Սրբությունը նախագահին առաջնորդեց Մայր Տաճար եւ Մայր Տաճարի թանգարան:
  -   Մամլո հաղորդագրություն