Շարունակուելու էն մարտի 1-ի գործով քննչական գործողութիւնները, հաւաստիացնում էն պատասխանատուները


Շարունակուելու էն մարտի 1-ի գործով քննչական գործողութիւնները, հաւաստիացնում էն պատասխանատուները

  • 12-12-2011 13:51:59   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից ի վեր 2008թ. մարտի 1-ի դեպքերի եւ, մասնավորապես, 10 մահվան դեպքի քննության շրջանակներում հարցաքննվել է շուրջ 500 նոր վկա, կատարվել է մոտ 150 անձի լրացուցիչ հարցաքննություն: Ինչպես դեկտեմբերի 12-ի ասուլիսում նշեց մարտի 1-ի գործով քննչական խմբի արդեն նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, բոլոր պլանավորված միջոցառումները կատարվել են, քննությունը կանգ չի առել, սակայն, այդուհանդերձ, հարցաքննությունները դեռ արդյունք չեն տվել: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը ապրիլի 20-ին հրավիրել էր խորհրդակցություն` դատաիրավական բարեփոխումների առանձին հարցերի վերաբերյալ եւ, մասնավորապես, հայտարարել, որ «ակնկալում եմ նոր թափ եւ ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում»: Երկրի ղեկավարը հավելել էր՝ «իմ պահանջն է` կրկին եւ առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որեւէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տեւական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել եւ այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»,- նշել էր Նախագահ Սարգսյանը: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Հատուկ քննչական ծառայության եւ դատախազության պատասխանատուների դեկտեմբերի 12-ի հանդիպման հիմնական նպատակն էր հանրությանը ներկայացնել գործը քննող Հատուկ քննչական ծառայության մարտի 1-ի գործով քննչական խմբի նորանշանակ ղեկավար Վաղինակ Ջանազյանին: Վերջինս տեղեկացրեց, որ, մասնավորապես, ոստիկանության զորքերի 4 ծառայողների մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածով՝ Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը: Ըստ գործի քննության տվյալների, մարտի 1-ի դեպքերի զոհերից 10-ից 3-ը մահացել են ոստիկանության զորքերի ծառայողների կողմից «Չերյոմուխա» հատուկ միջոցի կիրառման հետեւանքով: Ինչպես տեղեկացրեց քննչական խմբի ղեկավարը, ոստիկանության զորքերի հիշյալ 4 ծառայողները իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունել: Ասուլիսում ընդգծվեց, որ նռնակների նույնականացումն իրականացնել անհնարին է՝ անգամ արտասահմանյան փորձագետների օգնությամբ, փորձաքննության միջոցով հիշյալ 3 անձի սպանության բացահայտման հնարավորությունները սպառված են, սակայն սպառված չեն քննության հնարավորությունները, ընդգծեց Վահագն Հարությունյանը: Այն հարցին, թե հարցաքննվածների շարքում ովքեր են եղել ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձինք, պատասխանատուները նշեցին, որ հարցաքննվել են, մասնավորապես, փոխոստիկանապետեր: Վաղինակ Ջանազյանը հավաստիացրեց, որ շարունակվելու են լայնածավալ քննչական գործողություններն այնքան ժամանակ, մինչեւ դրանք կհանգեցնեն ակնկալվող արդյունքների:
  -   Հասարակութիւն