Թենգիզ Շարմանաշուիլի. Ոստիկանական ոլորտում հայ-վրացական համագործակցութիւնը գտնւում է բարձր մակարդակի վրայ


Թենգիզ Շարմանաշուիլի. Ոստիկանական ոլորտում հայ-վրացական համագործակցութիւնը գտնւում է բարձր մակարդակի վրայ

  • 13-12-2011 21:44:14   | Հայաստան  |  Քաղաքական
Դեկտեմբերի 13-ին Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլուն: Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հաղորդագրության, հանդիպման սկզբում ոստիկանության պետը նշել է, որ հայ-վրացական հարաբերությունները ժամանակի փորձություն անցած, դարավոր եղբայրական հարաբերություններ են, եւ համագործակցությունն ու գործընկերությունը երկու երկրների միջեւ առաջիկայում պետք է ավելի խորանան ու ընդլայնվեն: Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, ձեռքբերումներն ու անելիքները, նոր մոտեցումները, որոնց կենսագործումով միայն կառույցի գործունեությունը կբավարարի ժամանակի պահանջները: Անդրադառնալով Վրաստանի ոստիկանության բարեփոխումներին` ոստիկանության պետը նշել է, որ այդ գործընթացը բավական հետաքրքիր, ընդունելի եւ ուսանելի է: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թենգիզ Շարմանաշվիլին նշել է, որ իր գործունեության ընթացքում երկու անգամ է ականատես եղել ոստիկանական կառույցի բարեփոխումների, նախ` Վրաստանում, հիմա էլ` Հայաստանում: Դեսպանը գոհունակություն է հայտնել ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների կապակցությամբ` ընդգծելով, որ հարեւան Վրաստանը շահագրգռված է հայ ոստիկանների արդյունավետ աշխատանքով: Անդրադառնալով ոստիկանական ոլորտում հայ-վրացական համագործակցությանը` Թենգիզ Շարմանաշվիլին նկատել է, որ այն բարձր մակարդակի է, ինչը վկայում են կոնկրետ հանցագործությունների բացահայտումները: Ցանկալի է, նշել է դեսպանը, որ հայ եւ վրացի ոստիկաններն առաջիկայում առավել ակտիվացնեն փոխայցելություններն ու փորձի փոխանակումը, ինչը թույլ կտա ավելի բարձր արդյունքներ արձանագրել հանցավորության դեմ համատեղ պայքարում: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
  -   Քաղաքական