Թէոդորա Ֆիրենս. «Մարդահամարի արդիւնքում արձանագրուած տուեալները կարեւորագոյն նշանակութիւն կ'ունենան երկրի համար»


Թէոդորա Ֆիրենս. «Մարդահամարի արդիւնքում արձանագրուած տուեալները կարեւորագոյն նշանակութիւն կ'ունենան երկրի համար»

  • 19-05-2011 17:29:10   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մայիսի 15-19-ին այցով Հայաստանում էր գտնւում Մակ-ի Բնակչութեան հիմնադրամի Արեւելեան Եւրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենեակի տնօրէն Թէոդորա Ֆիրենսը։ Այցելութեան ընթացքում նա մասնակցեց Երեւանում կայացած փախստականների բնակարանային ապահովութեան հարցերին նուիրուած միջազգային համաժողովին, ինչպէս նաեւ հանդիպումներ ունեցաւ Մակ-ի Բնակչութեան հիմնադրամի (ՄԱԲՀ) հիմնական գործընկերների ներկայացուցիչների հետ` այդ թւում ՀՀ փոխվարչապետ Արմէն Գէորգեանի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորեանի, ՀՀ առողջապահութեան նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրեանի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսեանի հետ: ՀՀ փոխվարչապետի հետ հանդիպման ընթացքում, ով նաեւ ՀՀ 2011թ.-ի մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական յանձնաժողովի նախագահն է, ՄԱԲՀ տարածաշրջանային տնօրէնը նշեց, որ մարդահամարի անցկացումը մեծագոյն կարեւորութիւն ունի, քանի որ մարդահամարի արդիւնքում ստացուած տուեալներն են թոյլ տալու ճիշտ քաղաքականութիւններ մշակել երկրի զարգացման համար: Թ.Ֆիրենսը նշեց նաեւ, որ Մաբհ-ն այսուհետ էլ շարունակելու է հնարաւորինս աջակցել 2011 թ.-ին մարդահամարի իրականացմանը` ներառեալ այլ պետութիւնների եւ դոնոր կազմակերպութիւնների ներգրաւմանն օժանդակելու միջոցով: Այցելութեան շրջանակներում Թ.Ֆիրենսը ծանօթացաւ ՄԱԲՀ օգնութեամբ ստեղծուած շրջիկ գինեկոլոգիական ծառայութեան թիմերից մէկի աշխատանքներին Արարատի մարզի Աւշար գիւղում, այցելեց ՀՀ ԱՆ պերինատոլոգիայի, մանկաբարձութեան եւ գինեկոլոգիայի հանրապետական կենտրոն:
  -   Հասարակութիւն