Մօտենում է ճշմարտութեան պահը<br />


Մօտենում է ճշմարտութեան պահը

  • 25-02-2011 21:23:37   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի քաղաքագէտների միութեան վարչութեան դիմումը միջազգային հանրութեանը Երեք տարի է անցել մարտիմէկեան ողբերգութիւնից, սակայն առայսօր անպատասխան էն մնում այն հարցերը, որոնք Հայաստանի քաղաքագէտների միութեան վարչութիւնը բարձրացրել է իրադարձութիւնների թարմ հետքերով ընդունուած յատուկ յայտարարութիւնով՝ դեռ 2008 թուականի ապրիլին (տէս՝ «Հայկական ժամանակ», «Առաւօտ», «Չորրորդ իշխանութիւն», «168 ժամ», ապրիլ 22, 2008 թ.): Դրանց քննարկմանն ու լուծմանը խորամուխ լինելու փախարեն՝ իշխանութիւններն անցած տարիների ընթացքում ամէն ինչ արեցին մարտիմէկեան ողբերգութեան հանրային հետաքննութեան մեր կողմից առաջ քաշուած գաղափարը բովանդակազրկելու ու տապալելու համար: Սերուելով 2008 թուականի մայիս-օգոստոս ամիսներին անցկացուած մեր կլոր սեղանի քննարկումներից, մարտիմէկեան ողբերգութեան հանրային հետաքննութեան գաղափարը առարկայացաւ Փաստահաւաք խմբի ձեւաւորման միջոցով: Ապահովելով իշխանութեան, ընդդիմութեան եւ ՀՀ օմբուդսմանի համատեղ ներգրաւուածութիւնը, Փաստահաւաք խմբի ձեւաչափը ստեղծում էր ճշմարտութիւնը բացայայտելու եւ մարդասպաններին իրաւական պատասխանատուութեան ենթարկելու հնարաւորութիւն: Դրանով էր պայմանաւորուած Փաստահաւաք խմբի լուծարման մասին Սերժ Սարգսեանի որոշումը, որի ընդունման կայծակնային արագութիւնը ոչ մի կասկած չթողեց. Փաստահաւաք խմբին իսկապէս յաջողուել էր մօտենալ մարտիմէկեան ողբերգութեան իրական մեղաւորների բացայայտմանը: Անցած տարիների ընթացքում հայ հանրութեան այդ համոզմունքը ոչ միայն չփարատուեց, այլ ի շնորհիւ իշխանութիւնների վարած քաղաքականութեան, էլ աւելի ամրապնդուեց: Պարզ դարձաւ, որ յանուն մարտիմէկեան սպանդի քաղաքական արդիւնքների պահպանման, գործող վարչախումբը պատրաստ է իւրաքանչիւր քաղաքացու իւրաքանչիւր օրը վերածել մի նոր «մարտի 1-ի»: Որդեգրելով մարդատեաց Կալիգուլայի «թող ատէն, բայց՝ վախենան» յայտնի գործելակերպը, իշխող վարչախումբը երկրում սերմանում է ստորութեան, թալանի, ապերախտութեան, ստախօսութեան, ուժի եւ ուժեղի սանձարձակութեան եւ, վերջապէս, դաժանութեան ու արնախումութեան մթնոլորտ: Երբեք՝ հայ ժողովրդի պատմութեան եւ ոչ մի ժամանակաշրջանում չի եղել այսպիսի բարոյական անկում, չէն եղել եղբայրասպանութեան այսքան բազմաթիւ, այդչափ հրէշաւոր, յիրաւի սահմռկեցուցիչ դէպքեր, որքան այս երեք տարիների ընթացքում: Երբեք հայ մարդը սեփական երկրում այդքան հիասթափուած, դառնացած ու անպաշտպան չի եղել, քան այսօր, երբեք չի ապրել այն գիտակցութեամբ, որ նոյնիսկ հարազատ ազգային բանակում ծառայելիս, նոյնիսկ ռազմաճակատի առաջին գծում մեռնելու դէպքում երաշխաւորուած չի հերոսաբար զոհուել թշնամու փամփուշտից, բայց ցանկացած պահի կարող է, ինչպէս մարտի 1-ի նահատակները, խփուել եղբայրասպան ձեռքով: Ամիս չի անցնում, որ մենք հերթական անգամ չցնցուենք մեր եղբայրների ու որդիների անիմաստ, անփառունակ մահը գուժող լուրերից, որոնք, բացի մեր մեծաթիւ գեներալներից, նրանց անդրդուելի Գերագոյն գլխաւոր հրամանատարից, պալատական ինտրիգների ու կոռուպցիայի մէջ թաղուած նրանց ազգականներից, ոչ մէկին անտարբեր չէն թողնում: Ահաւասիկ, մենք ստիպուած ենք արձանագրել, որ «մարտի 1-ը» մեզանում տեւում է արդէն հազար ու մէկ օր, եւ դեռ կտեւի անքան ժամանակ, քանի դեռ չէն վերացուել այդ հրէշաւոր չարագործութեան քաղաքական պատճառներն ու հետեւանքները: Մենք համոզուած ենք, որ մարտի 1-ի ողբերգութիւնը երկրում տեւական ժամանակաշրջանում սերմանուող ուժի եւ ուժեղի պաշտամունքի ուղղակի հետեւանքն է: Հայաստանի քաղաքագէտների միութիւնը, հաւատարիմ մնալով նորաստեղծ հայոց պետականութեան օրօք հիմնադրուած առաջին ոչ կառավարական կազմակերպութեան իր բարձր առաքելութեանը (Հքմ-ն հիմնադրուել եւ պաշտօնապէս գրանցուած է 1990 թուականի դեկտեմբերին), միշտ հետեւողականօրէն հանդէս է եկել հանրային կեանքին ուժային կառոյցների չմիջամտելու պահանջով, քաղաքացիական հասարակութեան ինստիտուտներն ուժայինների ազդեցութիւնից հեռու պահելու անհրաժեշտութեան օգտին: Որքան հերոսական էր հայոց բանակի առաքելութիւնը երկրի սահմանների պաշտպանութեան գործում, նոյնքան իր հետեւանքներով ողբերգական էին հանրային կեանքին բանակի միջամտութեան բոլոր դրսեւորումները: Մարտի 1-ը այդ դրսեւորումներից ամենաողբերգականն է, սակայն քանի դեռ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը դաւանում է «Ուժն է ծնում իրաւունք» չափազանց վտանգաւոր սկզբունքը եւ միաժամանակ հետեւողականօրէն ընդլայնում է իր յատուկ յարաբերութիւնները բանակի հրամանատարական վերնախաւի հետ, մարտի 1-ի կրկնութիւնը դոմոկլեան սրի նման մնալու է կախուած հայ ժողովրդի գլխին: Միջազգային հանրութիւնը պէտք է հաշուի առնի, որ իշխող Հհկ-ի եւ բանակի սպայական վերնախաւի միջեւ 1998 թուականից յետոյ ձեւաւորուած ալեանսը այսօր դարձել է Հայաստանում քաղաքացիական հասարակութեան զարգացումը արգելափակող անյաղթահարելի խոչընդոտ: Եթէ Վազգէն Սարգսեանի կենդանութեան օրօք մեզ յաջողուեց «Միասնութիւն» դաշինքի կազմաւորման միջոցով առժամանակ չէզոքացնել ուժայինների ազդեցութիւնը, ապա յետագայում իրավիճակը փոխուեց: Դրա ապացոյցն է այն, որ եթէ 1998 թուականի փետրուարին պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանը, անսալով նրան յատուկ այդ նպատակով այցելած ՀՔՄ նախագահ Հմաեակ Յովհաննիսեանի փաստարկներին, հրաժարուեց նախագահական ընտրութիւններում շտաբի պետի դերում հանդէս գալու առաջարկից, ապա 2003 թուականի նախագահական ընտրութիւններում պաշտպանութեան նախարար Սերժ Սարգսեանը պատրաստակամօրէն ստանձնեց Ռոբերտ Քոչարեանի շտաբի պետի պարտականութիւնները: Եթէ 2003 թուականին Ռ. Քոչարեանը չգնար երկրորդ փուլ եւ առաջին փուլից յետոյ իրէն նախագահ հռչակէր, ինչպէս դա 2008 թուականին արեց Ս. Սարգսեանը, այդ ժամանակ էլ չէր յաջողուելու խուսափել «մարտի 1-ից»: Պատմական փորձը ցոյց է տալիս, որ նմանատիպ ողբերգութիւնների հիմքում ընկած է ոչ թէ միջկուսակցական մրցակցութիւնը, որպէս այդպիսին, այլ հէնց այն իրավիճակը, երբ ուժի եւ ուժեղի հեթանոսական պաշտամունքը դաւանող կուսակցութեանը յաջողւում է յատուկ սերտ ալեանս ձեւաւորել սպայական վերնախաւի հետ եւ ներքաղաքական պայքարում յենուել ամենահզօր ուժային կառոյցի՝ բանակի վրայ: Այդ օրինաչափութիւնը ցայտուն ձեւով դրսեւորուել է երրորդ ռէյխի կազմաւորման փուլում, երբ հեթանոսական «իդէալներ» դաւանող նացիոնալ-սոցիալիստներին յաջողուեց յատուկ յարաբերութիւններ ձեւաւորել գերմանական բանակի սպայակազմի հետ: Մարտի 1-ի ողբերգութիւնից յետոյ անցած երեք տարիները ցոյց էն տալիս, որ այդ ժամանակաշրջանում հայաստանեան հանրային կեանքի վրայ ուժայինների ազդեցութիւնը հասել է կրիտիկական կէտի: Այսօր ուժայինները յաւակնում էն կազարմաներից իշխանութեան կամքը թելադրել ոչ միայն պետական քաղաքացիական հաստատութիւններին եւ առանձին քաղաքացիներին, այլ նոյնիսկ քաղաքացիական հասարակութեան սրբութեան սրբոցը հանդիսացող ոչ կառավարական կազմակերպութիւններին: Դրա վառ ապացոյցն է վերջերս Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան շէնքում կազմակերպուած այսպէս կոչուած «Քաղաքական գիտութեան Հայաստանի ասոցիացիայի» հիմնադիր համաժողովը: Հերիք չէ, որ «ոչ կառավարական կազմակերպութեան» հիմնադիր համաժողովը տեղի է ունեցել պաշտպանութեան նախարարութիւնում, համաժողովի մասնակիցները բացայայտօրէն ոտնահարելով ՀՀ Սահմանադրութեան 8.2 եւ 28, ինչպէս նաեւ «Պաշտպանութեան մասին» ՀՀ օրէնքի 16-րդ յօդուածների ոգին ու տառը, կազմակերպութեան նախագահ էն «ընտրել» (Պն-ում ի՞նչ ընտրութիւններ) բանակի գործող գեներալ-մայոր Հայկ Քոթանջեանին (տէս՝ «Հայաստանի Հանրապետութիւն», 27-ը յունուարի): Հասկանալի է, որ մարտի 1-ի զոհերի արեան գնով Գերագոյն գլխաւոր հրամանատարի պաշտօնին տիրացած անձնաւորութեանը պէտք էն հէնց բանակային կարգապահութեան պահանջները բաւարարող «քաղաքագէտներ». նրանք առանց աւելորդ հարցերի, ինչպէս ժամանակին կատարում էին ԽՄԿԿ գլխաւոր քարտուղարի առաջադրանքները, այնպէս էլ այսօր կը կատարեն Ս. Սարգսեանի հրամանները, ինչպէս ժամանակին Գորբաչովի պատուերով Կարէն Դէմիրճեանի վրայ էին ցեխ շպրտում, այսօր էլ հեռուստատեսութեան առաջին ալիքով Հմաեակ Յովհաննիսեանի վրայ էն ցեխ շպրտում: Շատ բնական է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողութիւններից յետոյ քոթանջեանները դարձան գեներալներ, իսկ մարտի 1-ի սպանդից յետոյ՝ յաւակնում էն Պն-ից քաղաքացիական ոլորտը ղեկավարելու «իրաւունքին». չէ՞ որ Հայաստանում այսօր ուժն է ծնում իրաւունք… Անհասկանալի է միայն այն, թէ ինչու՞ էն լռում քաղաքակիրթ արեւմտեան ժողովրդավարական երկրների ներկայացուցիչները, ինչու՞ չէն տեսնում Հայաստանում հանրային կեանքի խորացող ռազմականացումից բխող լուրջ վտանգները, ինչու՞ իշխող վարչախմբին չէն ներկայացնում այս խայտառակ իրավիճակին վերջ դնելու կոշտ պահանջ: Հայ ժողովուրդը այսօր քաղաքակիրթ պետութիւնների եւ միջազգային հանրութեան օգնութեան կարիքն ունի՝ մարտիմէկեան ողբերգութեան քաղաքական հետեւանքների յաղթահարման համար: Մօտենում է ճշմարտութեան պահը, եւ մեր ժողովուրդը շուտով հնարաւորութիւն կ'ունենայ ճանաչել, թէ ովքեր էն մեր երկրի իրական բարեկամները, ովքեր էն ցանկանում հայ ժողովրդին տեսնել իր արժանի տեղում՝ եւրոպական ընտանիքում, եւ միւս կողմից՝ ովքեր էն ձգտում երկարաձգել ասիական տիպի բռնապետութեան ողբերգական ներկան: Հայաստանի քաղաքագէտների միութեան վարչութիւն
  -   Քաղաքական