Բակոյ Սահակեան. «Փետրուարի 20-ը դարձաւ յիրաւի համաժողովրդական տօն»


Բակոյ Սահակեան. «Փետրուարի 20-ը դարձաւ յիրաւի համաժողովրդական տօն»

  • 19-02-2011 13:55:32   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արցախի վերածննդի օրուայ առթիւ Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը հանդէս եկել է ուղերձով, որում ասուած է. «Սիրելի հայրենակիցնէր, Հանրապետութեան իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ ձեզ անչափ թանկ ու յիշարժան տօնի` Արցախի վերածննդի օրուայ առթիւ: Փետրուարի 20-ը 23 տարի առաջ արցախցիների կեանքում նշանաւորուեց որպէս համազգային միասնութեան ու ազատատենչ ոգու վերածննդի սկիզբ եւ դարձաւ յիրաւի համաժողովրդական տօն: Այդ օրը մենք ի լուր աշխարհի յայտարարեցինք սեփական հողի վրայ ազատ ու անկախ ապրելու, ինքնիշխան ու ժողովրդավարական պետութիւն կառուցելու մեր վճռականութեան մասին: Դա մարդու իրաւունքների ու ազատութիւնների պաշտպանութեան կոչ էր, խաղաղ, արդար եւ օրինական պահանջ` համահունչ միջազգային հիմնարար նորմերին ու սկզբունքներին: Մեր անցած ուղին ծանր էր ու դժուարին: Արցախը յայտնուեց մեզ պարտադրուած պատերազմի բովում, որը դարձաւ բազում աւերածութիւնների ու զոհերի պատճառ: Յանուն մեր ազգային-ազատագրական պայքարի իրենց կեանքը նուիրաբերեցին հայ ժողովրդի լաւագոյն զաւակները: Յաւէ~րժ փառք ու պատիւ նրանց: Այսօր Արցախում կայուն հիմք է ստեղծուած հաստատուն քայլերով առաջ ընթանալու համար: Մեր նպատակը տնտեսութեան հետեւողական զարգացումն է, պաշտպանունակութեան շարունակական ամրապնդումը, մարդկանց կենսապայմանների բարելաւումը, ժամանակակից ու բարգաւաճող պետութեան կառուցումը: Մենք ի զօրու ենք լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած բոլոր խնդիրները` միշտ վառ պահելով 1988-ի ոգին: Թանկագին արցախցիներ, մէկ անգամ եւս շնորհաւորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղութիւն, քաջառողջութիւն ու ամենայն բարիք: Թող յաջողութիւնն ուղեկցի ձեզ` ձեր բոլոր ձեռնարկումներում:»
  -   Քաղաքական