Բելառուսում կայացել է Տիգրան Սարգսեանի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը


Բելառուսում կայացել է Տիգրան Սարգսեանի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը

  • 18-05-2011 19:12:26   |   |  Քաղաքական
Բելառուսի Հանրապետութեան նախագահական նստավայրում մայիսի 18-ին կայացել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ երկօրեայ պաշտօնական այցով Մինսկում գտնուող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանի հանդիպումը: Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է յայտնել, որ ՀՀ վարչապետի այցը լուրջ ազդակ կը հաղորդի երկու պետութիւնների յարաբերութիւնների զարգացմանը: ,վերջին մօտ 10 տարում մենք 15 անգամ աւելացրել ենք առեւտրաշրջանառութիւնը: Ես յիշում եմ այն ժամանակները, երբ ապրանքաշրջանառութեան ծաւալների աւելացման համար մենք մտածում էինք ինչ-որ սխեմաների մասին: Յետոյ որոշեցինք նորմալ պայմաններ ստեղծել Հայաստանում եւ Բելառուսում, որպէսզի ձեռներէց գործարարները գտնեն այդ ուղիները: Այդպէս էլ եղաւ, եւ աւելացումը նկատուեց յատկապէս վերջին մի քանի տարիների ընթացքումէ,- ասել է Բելառուսի նախագահը: Նրա խօսքով, այս տարի ապրանքաշրջանառութեան ծաւալում կայ մի փոքր անկում, բայց այն հնարաւոր է յաղթահարել մօտակայ ժամանակաշրջանում, որովհետեւ թէ՛ բելառուսական, թէ՛ հայկական կողմից նկատւում է արտահանման աւելացում: Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է յայտնել, որ աճի համար ստեղծուած են բոլոր համապատասխան պայմանները: ,առանց տնտեսական հիմքի ցանկացած քաղաքականութիւն, ցանկացած խօսակցութիւն անարդիւնաւէտ է: Երկու պետութիւնների տնտեսական հիմքը նախեւառաջ ապրանքաշրջանառութիւնն է: Ես գիտեմ, որ Հայաստանը գտնւում է դժուար ժամանակաշրջանում` ընտրութիւնների նախաշեմին: Ես ուզում եմ ցանկանալ, որ այդ ժամանակաշրջանը պատուով յաղթահարէք, որպէսզի այն դրական դինամիկան, միտումները, որոնք առկայ են տնտեսութեան մէջ, հասարակութեան շրջանում, պահպանուեն, եւ բազմադարեայ հայ ժողովուրդը միշտ ունենա արժանապատիւ կեանք, որպէսզի հայերը երբեք չմտածեն` ինչպէս կեանքը երկարաձգել մինչեւ երեկոյ, ինչպէս կերակրել երեխաներին: Ես ցանկանում եմ, որ մեծ տեմպերով առաջ գնաք դէպի ձեր երկրի ծաղկումը: Խնդրում եմ իմ կողմից ջերմ ողջոյններ փոխանցել իմ եւ բելառուս ժողովրդի բարեկամին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին` նախեւառաջ նրա համար, որ նա դրական է արձագանքել բելառուսական կողմի բոլոր առաջարկներինէ,- ընդգծել է ԲՀ նախագահը: Տիգրան Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել ջերմ ընդունելութեան եւ Բելառուսում հիւրընկալութեան համար: ,այստեղ մենք մեզ զգում ենք ինչպէս մեր տանըէ,- ասել է նա` ՀՀ Նախագահի անունից եւս ողջիւններ ու ջերմ ցանկութիւններ փոխանցելով Բելառուսի նախագահին եւ բելառուս ժողովրդին: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ յատուկ յարգանք է տածում Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդէպ եւ գնահատում է անձնական ներդրումն ու բարեկամական դրսեւորումները երկու երկրների միջեւ: ,այսօր ունեցել ենք շատ գործնական շփում Բելառուսի վարչապետի եւ նրա թիմի հետ: Մանրամասն քննարկել ենք բոլոր այն հարցերը, որոնք գտնւում են երկկողմ օրակարգում: Վստահ եմ` երկու երկրների միջեւ առկայ քաղաքական բարձր երկխօսութիւնը ենթադրում է, որ նաեւ տնտեսական բաղադրիչը լիովին կ'իրագործուի: Մենք վարչապետի հետ արձանագրեցինք, որ կայ հսկայական տնտեսական ներուժ, որը դեռեւս չի իրացուել, եւ մեր գործողութիւնները պէտք է ուղղուած լինեն այդ ներուժի լիարժէք իրացմանը` ի շահ մեր ժողովուրդների բարեկացութեանէ,- ասել է ՀՀ վարչապետը: Նա շնորհակալութիւն է յայտնել բաց եւ անկեղծ երկխօսութեան համար: Այցի երկրորդ օրը` մայիսի 19-ին, վարչապետ Տիգրան Սարգսեանը կը մասնակցի Եւրասիական տնտեսական ընկերակցութեան (Եւրազէս) միջպետական խորհրդի 30-րդ նիստին` կառավարութիւնների ղեկավարների մակարդակով եւ Անկախ պետութիւնների համագործակցութեան (ԱՊՀ) կառավարութիւնների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ նախատեսւում է ՀՀ վարչապետի ելոյթը: Կառավարական պատուիրակութեան կազմում են ՀՀ կառավարութեան աշխատակազմի ղեկավար Դաւիթ Սարգսեանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դաւթեանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմէն Երիցեանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը, պաշտօնատար այլ անձինք:
  -   Քաղաքական