ՀՕՄ-ի 100-ամեակի նշում Ախալցխայում


ՀՕՄ-ի 100-ամեակի նշում Ախալցխայում

  • 30-12-2010 18:25:59   |   |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբեր 26, 2010-ին Ախալցխայի մշակոյթի տանը տեղի ունեցաւ ՀՕՄ-ի 100-ամեակին նուիրուած յոբելիանական միջոցառում: Ձեռնարկը սկսաւ Ախալցխայի հոգեւոր հովիւ Տէր Տիգրան քահանայ Մխիթարեանի տէրունական աղօթքով: Ներս բերուեցին Հայաստանի, Վրաստանի եւ ՀՕՄ-ի դրօշները` օրհներգների հնչիւնների տակ: Յոբելիանական միջոցառմանը ներկայ էին Սամցխէ-Ջաւախքի նահանգապետի տեղակալներ, Ախալցխայի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, դպրոցնեի տնօրէններ, տարբեր շրջաններից ՀՕՄ-ուհիներ, ինչպէս նաեւ տարբեր լրատուամիջոցների ներկայացուցիչներ: Սուրբ Ծննդի եւ գալիք Նոր տարուան կապակցությամբ ախալցխացիներին շնորհաւորելու եւ բարեմաղթանքների խօսքով իր ելոյթն սկսեց Վրաստանի ՀՕՄ-ի ատենապետուհի Կարինէ Թադեւոսեանը: Նա շնորհաւորեց բոլորին ՀՕՄ-ի 100-ամեակի կապակցությամբ, հակիրճ ներկայացրեց ՀՕՄ-ի 100-ամեայ պատմութիւնը ու խօսեց կազմակերպութեան բարեսիրական ծրագրերի մասին: Ատենապետուհին շնորհաւորեց Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնի չորս ամեակի կապակցութեամբ ապա պատուոգրեր յանձնեց Ջաւախքի առաջին ՀՕՄ-ուհիներ` Օֆելյա Քեյանին (Ախալցխա) եւ Էմմա Անտոնեանին (Նինոծմինդա): Յաջորդիւ ՀՕՄ-ի 100-ամեակին նուիրուած համերգով հանդէս եկաւ Ախալցխայի Հայ Երիտասարդական Կենտրոնի «Գոհանամք» երգի-պարի համոյթը: Պարախումբի իւրաքանչիւր ելոյթ արժանանում էր լեփ լեցուն դահլիճի հանդիսականների բուռն ծափահարութիւններին: Ամբողջ համերգի ընթացքում հաղորդավարները ներկայացնում էին ՀՕՄ-ի գործունէութիւնը, դերն ու նշանակութիւնը Ջաւախքում, Վրաստանի ՀՕՄ-ի անցած ուղին, զուգահեռաբար նաեւ Կենտրոնի գործունէութիւնը: Մինչեւ համերգի սկսուելը, Ախալցխայի մշակոյթի տան ճեմասրահում կազմակերպուել էր Կենտրոնի «Հմուտ ձեռքեր» խմբակի սաների աշխատանքերի ցուցահանդէս: Երիտասարդական Կենտրոնի տնօրէն Վերոնիկա Համբարյանը խօսեց Կենտրոնի ստեղծման, նրանում գործող խմբերի մասին: Նա իր խօսքում շնորհակալութիւն յայտնեց Վրաստանի Հայ Օգնութեան Միութեանը ամբողջ միջոցառումը կազմակերպելու եւ հովանավորելու համար: Վիրահայոց թեմի ներկայացուցիչ Տէր Մանուկ քահանան շնորհաւորեց ՀՕՄ-ուհիներին, բոլոր մայրերին եւ քույրերին ՀՕՄ-ի 100-ամեակի կապակցությամբ քանզի նա քաջածանօթ էր ՀՕՄ-ի գործունէութեանը եւ ՎՀՕՄ-ի սերտ կապին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ, որը օժանդակում է տարածաշրջանի հայապապանման կարեւոր գործին: Հանդիսականների կողմից գովեստի խոսքեր ասուեցին Կենտրոնի տնօրէնի եւ մանկավարժների հասցէին: Միջոցառման յաջողությանը նպաստեցին պատանի հաղորդավարների գեղարուեստական խօսքերը: Ներկաները ցրուեցին նախատօնական ուրախ տրամադրութեամբ:
  -   Մամլո հաղորդագրություն