Արցախի մարզիկների եւ մշակոյթի ներկայացուցիչների յաղթանակները բոլոր հայերի յաջողութիւնն է
28-12-2010 19:08:00 | Հայաստան | Սպորտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակո Սահակեանը դեկտեմբերի 28-ին ընդունել է 2010 թուականին բացառիկ յաջողութիւններ արձանագրած սպորտի եւ մշակոյթի բնագաւառների ներկայացուցիչներին:
Բ.Սահակեանը նշել է, որ այդ յաջողութիւնները կարեւոր են ինչպէս Արցախում սպորտի եւ մշակոյթի զարգացման, այնպէս էլ քաղաքական տեսանկիւնից` հանդիսանալով Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու, միջազգային ասպարէզում պատշաճ կերպով ներկայանալու եւ քաղաքակիրթ հանրութեան շրջանում արժանավայել տեղ զբաղեցնելու լաւագոյն միջոցներից մէկը: Նա ընդգծել է, որ Արցախի մարզիկների եւ մշակոյթի ներկայացուցիչների յաղթանակները բոլոր հայերի յաջողութիւնն է` Արցախում, Հայաստանում, թէ Սփիւռքում:
Բ.Սահակեանը դրամական պարգեւներ եւ արժէքաւոր նուէրներ է յանձնել բացառիկ յաջողութիւններ արձանագրած սպորտի եւ մշակոյթի բնագաւառների ներկայացուցիչներին` նշելով, որ սպորտի եւ մշակոյթի ոլորտները մշտապէս գտնւում են իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում, եւ այսուհետ էլ կարուի հնարաւորը այս բնագաւառների զարգացման ուղղութեամբ: