Տիգրան Սարգսեան. Պէտք է նոր տեխնոլոգիաների օգնութեամբ ամրացնել շէնքերը


Տիգրան Սարգսեան. Պէտք է նոր տեխնոլոգիաների օգնութեամբ ամրացնել շէնքերը

  • 16-02-2012 13:05:18   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանի գլխաւորութեամբ փետրուարի 16-ին անցկացուած կառավարութեան հերթական նիստում գործադիրն ի գիտութիւն է ընդունել ՀՀ կառավարութեան աշխատակազմի զեկուցումը, որի համաձայն ՀՀ կառավարութեան 2011 թ. յունուարի 13-ի «հհ կառավարութեան 2011 թ. գործունէութեան ծրագիրը եւ գերակայ խնդիրները հաստատելու մասինէ որոշման (01.01.2011 – 30.12.2011 թթ. ժամանակահատուածում) կատարման ենթակայ 146 կէտից 2012 թ. փետրուարի 13-ի դրութեամբ կատարուել է 146-ը կամ 100 տոկոսը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, ՀՀ կառավարութիւնը հաստատել է Երեւան քաղաքի դպրոցներում, հիւանդանոցներում եւ այլ բուժհիմնարկներում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ուժեղ երկրաշարժի ժամանակ գործողութիւնների եւ վարքականոնի ուսուցման պիլոտային ծրագիրը: Մասնագէտների կանխատեսմամբ, կովկասում եւ Հայկական լեռնաշխարհում (ներառեալ Հայաստանի տարածքը) ցանկացած պահի հնարաւոր է ուժեղ երկրաշարժ: Սեյսմիկ ռիսկի նուազեցման կարեւորագոյն խնդիրներից մէկը բնակչութեան իրազեկութեան բարձրացումը եւ սեյսմապաշտպանութեան վարքականոնի ուսուցումն է: Այս, ինչպէս նաեւ սեյսմակայուն շինարարութեան ուղղութեամբ ձեռնարկուող միջոցների վերաբերեալ նիստում պարզաբանում են տուել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը եւ ՀՀ քաղաքաշինութեան նախարարը: Ամփոփելով քննարկումը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանն ասել է. «խնդիրը պէտք է բաժանել մի քանի մասի: Դուք նշեցիք, որ բազմաթիւ կանոնակարգեր ենք ընդունել, որոնք վերաբերում են նոր կառուցապատմանը: Այսինքն, այդ առումով մենք պէտք է վստահ լինենք, որ նոր կառուցուող շէնքերը սեյսմակայուն են: Երկրորդ խնդիրը գոյութիւն ունեցող շէնք-շինութիւնների ամրապնդման հետ է կապուած եւ բաւական ծախսատար է: Այն պէտք է բաժանել երկու մասի: Առաջին, Երեւանում եւ հանրապետութիւնում մենք արդէն իսկ ունենք շէնքերի հաստատուած ցանկ, որոնք պէտք է ամրապնդել, որպէսզի ապահովենք մեր ազգային անվտանգութեան խնդիրը: Երկրորդ, մասնաւոր հատուածի հետ համատեղ պէտք է ամրացնենք այն շէնքերը, որոնք այսօր կան: Կայացած խորհրդակցութեան ժամանակ առաջարկուող նոր տեխնոլոգիաները ենթադրում են, որ կարող է լինել մասնաւոր հատուածի հետաքրքրութիւնը եւ շահագրգռուածութիւնը` այս ուղղութեամբ ներդրումներ կատարելու համար: Նոր կոնստրուկցիաները, որոնք ապահովում են գոյութիւն ունեցող շէնքերի սեյսմակայունութիւն, լայնածաւալ կերպով պէտք է տարածենք: Պէտք է համագործակցենք Երեւանի քաղաքապետի հետ եւ տեսնենք, թէ բարձրայարկ շէնքերի բնակիչների շահագրգռուածութիւնն առկայ է, թէ ոչ, որովհետեւ դա կարող է լինել նաեւ եկամտաբեր գործառոյթ, եթէ առաջարկուող նոր տեխնոլոգիայով կարողանանք ամրապնդել շէնքերը: Ընդ որում, այդ աշխատանքները պէտք է արագ կատարենք: Յաջորդը Համաշխարհային բանկի առաջարկութիւնն է: Մենք շուրջ 1 միլիոն դոլարի դրամաշնորհ ենք ստանալու, որպէսզի նոր նախագծերով, որոնք իրականացնում ենք դպրոցների, մանկապարտէզների ուղղութեամբ, Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշուին, ի սկզբանէ սեյսմակայունութեան վրայ գումարներ ծախսենք եւ ապահովենք այդ շէնք-շինութիւնների սեյսմակայունութիւնը: Այս բոլոր ուղղութիւններով էլ մենք պէտք է աշխատենքէ:
  -   Հասարակութիւն