Մարիա Թիթիզյան.«Հայ Դատի հանգուցալուծման աշխատանքների առյուծի բաժինն ընկած է Հայ Դատի հանձնախմբերի ուսերին»


Մարիա Թիթիզյան.«Հայ Դատի հանգուցալուծման աշխատանքների առյուծի բաժինն ընկած է Հայ Դատի հանձնախմբերի ուսերին»

  • 21-02-2012 11:32:51   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«Հայ Դատի գրասենեակները եւ յանձնախմբերը, յանձնախմբերի տարած աշխատանքները եւ նրանց ազդեցութիւնն ու յաջողութիւնը մեր իրականութիւնում իսկապէս անգնահատելի են»: Սոցինտերնի Կանանց կազմակերպութեան փոխնախագահ եւ նոյն կազմակերպութիւնում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիա Թիթիզեանի դասախօսութիւնը, որպէս հիմքային առանցք, ծաւալւեց այս թեմատիկայի վրայ, որտեղ նա աւելի ուշ հասարակութեան համար առաւել խորքային ծալքերով անդրադարձաւ աշխարհով մէկ սփռւած Հայ Դատի գրասենեակների աշխատանքներին՝ նշելով, որ այդ յանձնախմբերն աշխատում են, համագործակցում են, ազդում են, ինչու ոչ նաեւ ճնշում են կառավարութիւնների, միջազգային կազմակերպութիւնների, ԶԼՄ-ների, հնարաւոր դաշնակիցների վրայ եւ արդիւնքում՝ լինում են ազդեցիկ, առաւել կազմակերպւած եւ լայնատարած լսարան են ձեռք բերում: Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ երէկ իրականացւած դասախօսական երեկոն բովանդակային առումով յագեցած էր օրւայ թեմային համապատասխան դրոյթներով: «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախագահ Սուրիկ Աբնուսեանը բացւած յայտարարելով երեկոն՝ ներկայացրեց հրաւիրւած դասախօս Մարիա Թիթիզեանին եւ բեմ հրաւիրեց նրան: Հայ Դատի նւաճումների լոյսի ներքոյ հպանցիկ մէջբերումներ անելով՝ Մ. Թիթիզեանն անդրադարձաւ Հայ Դատի գրասենեակների մերօրեայ գործունէութեանը՝ ԱՄՆ-ում, Եւրոպայում ու Միջին Արեւելքում, եւ վերջում էլ լուսարձակի տակ առաւ Սոցինտերնի աշխատանքները: Խօսելով Վաշինգտոնում Հայ Դատի յանձնախմբի մասին՝ դասախօսը թւարկեց այն առանցքային հրատապ աշխատանքները, որոնք այսօր այդ յանձնախմբի օրակարգի վրայ են: Այդ շարքից այստեղ մատնանշենք միայն մի քանիսը՝ Ապրիլի 24-ին նւիրւած ԱՄՆ-ի նախագահ Օբամայի տարեկան ելոյթում Ցեղասպանութիւն եզրոյթի կիրառում, աշխատանք է ծաւալւում, որ ԱՄՆ-ի վարչակազմը յետ կանգնի Հայաստանի վրայ պրոտոկոլների առումով ճնշումներ բանեցնելուց եւ միեւնոյն ժամանակ Թուրքիան վերջ դնի իր հակահայ քաղաքականութեանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան առումով Հայ Դատի յանձնախումբը շարունակում է աւելի լայն ճանաչում եւ օրինականութիւն ձեռք բերել, եւ այստեղ նա մանրամասնեց այն միջոցները, որոնք կիրառւում են այս գործընթացը նպատակային դարձնելու համար: Էականօրէն անդրադարձ եղաւ նաեւ Ջաւախքի ուղղութեամբ տարւող աշխատանքներին, որտեղ յանձնախումբը ջանում է ենթահող պատրաստել ամերիկեան վարւող քաղաքականութիւնում, որպէսզի այն Վրաստանի վրայ ճնշում բանեցնի եւ դրանով իսկ վերջ տայ պաշտօնական եւ ոչ-պաշտօնական խտրականութեանը՝ Ջաւախքում հայ բնակչութեան հանդէպ: Այս ծիրում Մարիա Թիթիզեանը կարեւորութեամբ անդրադարձաւ մի նոր ծրագրի, որն ուղղւած է Վրաստանի «Իւ. Էս. Էյդ.» (USAID) փաթեթի շրջանակներում աւելացնել օգնութիւնը՝ յատուկ Ջաւախքի համար, եւ այս գործընթացը գրանցւած է որպէս Սամցխէ-Ջաւախեթիի տնտեսական զարգացման գործակալութիւն: Անդրադառնալով Բրիւսէլում Հայ Դատի գրասենեակի աշխատանքներին՝ դասախօսը ընդհանուր կէտերով նշեց, որ Հայ Դատի գրասենեակն այստեղ շատ սահմանափակ միջոցներով փորձում է հսկայածաւալ աշխատանք տանել, որն իրականութեան մէջ այսօր շատ դժւարին է: Միջին Արեւելքի Հայ Դատի գրասենեակին անդրադարձում դասախօսը նշեց, որ այսօր Միջին Արեւելքը աւելի քան երբեք՝ ապրում է արմատական եւ արագ փոփոխութիւնների ժամանակաշրջան՝ յաւելելով, որ հասարակական գրեթէ բոլոր մարզերում իրավիճակը դարձել է պայթիւնավտանգ: Այդ իրավիճակն աւելի վտանգաւոր բնոյթ է ստացել՝ Սիրիայի վերջին իրադարձութիւնների հետ կապւած: Սոցինտերնի մասով Մարիա Թիթիզեանը առաւել տարածւեց, բայց մենք այստեղ կարեւորութեամբ նշենք միայն, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը միակն է, որ Սոցինտերնի լիիրաւ անդամ է, միւսները դիտորդի կարգավիճակ ունեն: Եզրափակելով իր ելոյթը՝ դասախօսը նշեց. «Մենք իսկապէս ապրում ենք շատ բարդ եւ ծանր ժամանակաշրջան, պահեր կան, երբ ես ինքս մտածում եմ, որ ինչպէ՞ս, միթէ կարելի՞ է դիմագրաւել այս բոլոր մարտահրաւէրները, սակայն համոզւած եմ, որ երբ մենք միասնական ենք եւ կարողանում ենք ճիշտ ձեւակերպում տալ մեր առաջ ծառացած բոլոր խնդիրներին եւ կայ համոզմունք ու նւիրւածութիւն, ոչ մի ուժ աշխարհում չի կարող մեր ապագան պղտորել: Այս համայնքի հզօրութիւնը, նւաճումները եւ հաւաքական կամքը վկայում եւ փաստում են, որ մենք իսկապէս կարող ենք յաղթահարել ցանկացած դժւարութիւն: Ես ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել հրաւէրի համար, շնորհակալութիւն կազմակերպիչներին»: Շնորհակալութիւն յայտնելով նաեւ ներկաներին՝ խօսքն ուղղեց նրանց. «Իսկապէս, ես վերադառնում եմ այնքան ջերմ յուշերով, ես ոգեւորւած եմ վերադառնում եւ շատ յուզւած: Ես պատկերացում չունէի այս համայնքից. երբ մենք կարողանում ենք այսքան բան ստեղծել այս երկրում, պատկերացրէք՝ եթէ մենք իսկապէս համախմբւենք, իսկապէս միասնական լինենք, մենք ինչերի կարող ենք հասնել»: Վերջում Մարիա Թիթիզեանին ներկաների կողմից տրւեցին հարցումներ, որոնց նա տւեց լուսաբանիչ պատասխաններ: Մ. Թիթիզեան «ԱԼԻՔ» oրաթերթ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը