Ըստ Յարութ Սասունեանի Կալիֆորնիայի իշխանութիւնները մեծարեցին Արցախի Հանրապետութիւնն ու նրա Նախագահին <br />


Ըստ Յարութ Սասունեանի Կալիֆորնիայի իշխանութիւնները մեծարեցին Արցախի Հանրապետութիւնն ու նրա Նախագահին

  • 01-12-2010 14:00:00   | Հայաստան  |  Յօդուածներ
Մի քանի օր առաջ աւարտուեց Արցախի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանի երրորդ այցը Լոս Անջելես: Ի տարբերութիւն նախորդ երկու այցերի, անցեալ շաբաթ նա` որպէս պետութեան ղեկավար ընդունելութեան արժանացաւ յայտնի քաղաքական գործիչների կողմից, չնայած այն հանգամանքին, որ Արցախը պաշտօնապէս ճանաչուած չէ միջազգային հանրութեան կողմից: Նախագահ Սահակեանը տասն օր շարունակ գտնւում էր Կալիֆորնիայում` ,հայաստանէ համահայկական հիմնադրամի ամենամեայ ,երախտագիտութեան օրուաէ հեռուստամարաթօնի կապակցութեամբ, որի ժամանակ 20 մլն դոլարից աւելի գումար հաւաքուեց` ի նպաստ Արցախի գիւղերի: Բացի տեղի հայկական համայնք այցելելն ու բարերարների հետ հանդիպելը, նախագահ Սահակեանն առաջին անգամ ջերմօրէն ընդունուեց Լոս Անջելեսի եւ Մոնտեբելոյի քաղաքային խորհուրդների կողմից: Նրան խնդրեցին ելոյթ ունենալ Orange County շրջանի միջազգային յարաբերութիւնների խորհրդի առաջ: Նախագահը մասնակցեց նաեւ Լոս Անջելեսի քաղաքապետ Անտօնիոյ Վիլարայգոսայի կողմից իր պատուին տրուած պաշտօնական ճաշին: Նոյեմբերի 19-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն ընդունեց Արցախի նախագահին ու նրա գլխաւորած պատուիրակութեանը եւ նրան յանձնեց հռչակագիր ու քաղաքային խորհրդի որոշում` կարեւորելով նրա յանձնառութիւնն Արցախի Հանրապետութեան անկախութեան գործում: Քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորեանը ջերմօրէն ողջունեց Նախագահին. ,ինձ համար մեծ պատիւ եւ հպարտութիւն է ընդունել նախագահ Սահակեանին` ազատութեան, արդարութեան ու անկախութեան իսկական պաշտպանին: Նա մարտիկ է, ով մարտնչել եւ սեփական արեամբ է վճարել իր հայրենիքի ու հայրենակիցների ազատութեան ու անկախութեան համարէ: Լոս Անջելեսում`Միացեալ Նահանգների երկրորդ խոշոր քաղաքում, Նախագահին պաշտօնապէս ընդունեց քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսետին: Նախագահ Սահակեանը շնորհակալութիւն յայտնեց խորհրդի անդամներին` նման բարձր ընդունելութեան համար եւ նրանց հրաւիրեց Արցախի Հանրապետութիւն: Ողջոյնի խօսքով հանդէս եկան նաեւ Խորհրդի մի քանի անդամներ: Քաղաքային խորհրդի պալատում, այս յատուկ արարողութեան ժամանակ չափազանց յուզիչ էր Արցախի Հանրապետութեան դրօշն առաջին անգամ տեսնել Միացեալ Նահանգների դրօշի կողքին: Նոյն օրը երեկոյեան նախագահ Սահակեանը ելոյթ ունեցաւ Օrange County շրջանի միջազգային յարաբերութիւնների խորհրդում` իր պատուին Նիւպորտ Բիչի Pacific Club-ում կազմակերպուած հանդիսաւոր ճաշկերոյթի ժամանակ: Այս աննախադէպ արարողութիւնը տեղի ունեցաւ առանց որեւէ խոչընդոտի, չնայած այն չեղեալ յայտարարելու` Ադրբեջանի գլխաւոր հիւպատոս Էլին Սուլեյմանովի, Միացեալ Նահանգների ադրբեջանցիների ցանցի եւ մի քանի ադրբեջանցի եւ թուրք ցուցարարների պահանջների: Արցախի նախագահի յաջորդ մեծարումը տեղի ունեցաւ նոյեմբերի 22-ին` քաղաքապետ Ուիլեամ Մալինարիի եւ Մոնտեբելոյի քաղաքային խորհրդի կողմից: Քաղաքապետը ողջունեց Նախագահին եւ նրան հռչակագիր յանձնեց: Պատասխան խօսքում նախագահ Սահակեանն իր երախտագիտութիւնը յայտնեց քոյր քաղաքներ Մոնտեբելոյի եւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկամութեան համար: Այդ երեկոյ Արցախի նախագահը մասնակցեց իր պատուին Հայկական կենտրոնում Մօտեբելոյի համայնքի կազմակերպած երեկոյթին:  Յաջորդ օրը, Լոս Անջելեսի քաղաքապետ Անտօնիոյ Վիլարայգոսան Getty House-ում Արցախի Հանրապետութեան նախագահի պատուին պաշտօնական ճաշ տուեց. յատուկ մեծարում պետութիւնների ղեկավարների պաշտօնական այցերի դէպքում: Մինչ պաշտօնական ճաշը, քաղաքապետը առանձին հանդիպում ունեցաւ նախագահ Սահակեանի հետ, որտեղ քննարկուեցին երկկողմ յարաբերութիւնները Արցախի Հանրապետութեան եւ Լոս Անջելեսի` Երեւանի քոյր քաղաքի միջեւ: Նախագահն իր երախտագիտութեան խօսքում Լոս Անջելեսի քաղաքապետին հրաւիրեց Արցախ: Ճաշին մասնակցում էին Նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը, Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանը, խորհրդի անդամ Փոլ Քրիքորեանը, քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսետին եւ հայ համայնքի ղեկավարները: Նոյեմբերի 25-ին քաղաքապետ Վիլարայգոսան, սիրալիր ժեստ անելով հանդէս եկաւ ,երախտագիտութեան օրուաէ հեռուստամարաթօնի ուղիղ եթերում` ողջ աշխարհի հեռուստադիտողներին կոչ անելով առատաձեռն նուիրատուութիւն կատարել ,հայաստանէ համահայկական հիմնադրամի` Արցախի 200 գիւղերը խմելու եւ ոռոգման ջրով ապահովելու մարդասիրական ծրագրին: Արցախի նախագահը նոյեմբերի 24-ին հանդիպեց երիտասարդ պրոֆէսիոնալների խմբի հետ, որոնք պարտաւորուել են սատարել յատուկ գրասենեակի բացմանը, որն Արցախը կը ներկայացնի Լոս Անջելեսում: Նախագահը բարձր գնահատեց խմբի նախաձեռնութիւնը, նշելով, որ շուտով այդ մասին պաշտօնական յայտարարութիւն կը լինի: Ընդհանուր առմամբ, Արցախի նախագահի այցը Կալիֆորնիա ջախջախիչ յաջողութիւն ունեցաւ` ոչ միայն Արցախի մարդասիրական կարիքների համար զգալի գումար հաւաքելով, այլեւ Լոս Անջելես եւ Մոնտեբելոյ քաղաքների, ինչպէս նաեւ Օrange County շրջանի միջազգային յարաբերութիւնների խորհրդի հետ արժէքաւոր քաղաքական կապեր հաստատելու տեսանկիւնից, դրանով իսկ ամրապնդելով միջազգային հանրութեան կողմից Արցախի` որպէս անկախ պետութիւն ճանաչելու հեռանկարները: Մինչ Լոս Անջելեսում Ադրբեջանի հիւպատոսութիւնը տարեկան հարիւր հազարաւոր դոլարներ է ծախսում ուժեղ լոբբիստների վրայ` Արցախի դէմ քարոզչութիւն իրականացնելու համար, Արցախի Հանրապետութեան նախագահն Ամերիկայի հայկական համայնքի օգնութեամբ կարողացաւ արդիւնաւէտ կերպով հակազդել ադրբեջանական քարոզարշաւին, առանց մէկ դոլար ծախսելու:   «Կալիֆորնիայ կ'ուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Աւագեանի
  -   Յօդուածներ