Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչւում է Անառակի


Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչւում է Անառակի

  • 02-03-2012 14:35:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապաշխարութեան եւ պահքի մի գեղեցիկ շրջան է սահմանել հաւատացեալների համար, որի կիրակիներից իւրաքանչիւրն իր անուանումն ունի Աստուածաշնչի որեւէ պատմութեանը համապատասխան: Մեծ Պահքի երրորդ կիրակին (այս տարի մարտի 4-ին է) կոչւում է Անառակի: Ըստ Ղուկասի Աւետարանում յիշատակուող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32) մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցուածքը բաժանում է երկու որդիների միջեւ: Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շուայտ կեանքով, վատնում ամբողջ ունեցածը: Այս դժուար դրութեան մէջ նա յիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար եւ վերադառնում: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախութեամբ ընդունում է նրան: Աւագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հօր կողքին է եղել, սակայն նման պատուի երբեք չի արժանացել: Հայրը պատասխանում է, որ պէտք է ուրախ լինել, քանի որ` ով մեռած էր, կենդանացաւ: Աւագ, կրտսեր որդիներն արդար եւ մեղաւոր հոգիներն են, եւ ինչպէս հայրն է անառակ որդուն ընդունում, նոյն կերպ էլ Աստուած է իր գիրկն առնում զղջացող մեղաւորին: Առակը նաեւ հետեւեալ խրատն ունի, որ բացայայտւում է աւագ որդու կերպարում: Ովքեր կարծում են, թէ արդար են, պէտք է խուսափեն սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալուց: Ինչպէս տեղեկացնում են Արարատեան Հայրապետական թեմի Մամլոյ դիւանից, որ այս տարի Մեծ պահքն սկսուել է փետրուարի 20-ին, եւ կ'աւարտուի Ս. Յարութեան տօնին, որն այս տարի ապրիլի 8-ին է:
  -   Մամլո հաղորդագրություն