ԱԺ ՀՀԿ խմբակցութեան ղեկավարը հանդիպեց ՀՀ -ում Լեհաստանի դեսպան Զդիսլաւ Ռաչինսկու հետ


ԱԺ ՀՀԿ խմբակցութեան ղեկավարը հանդիպեց ՀՀ -ում Լեհաստանի դեսպան Զդիսլաւ Ռաչինսկու հետ

  • 05-03-2012 16:33:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 5-ին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանը հանդիպեց Հայաստանի Հանրապետութիւնում Լեհաստանի դեսպան Զդիսլաւ Ռաչինսկու հետ: Դեսպանի խնդրանքով պարոն Սահակեանն անդրադարձաւ Հայաստանի չորրորդ գումարման Ազգային ժողովի կատարած աշխատանքի հիմնական ուղղութիւններին: Նրա գնահատմամբ` օրէնսդիր մարմինը պէտք է լինի երկրի կայունութեան հիմնական գործօններից մէկը, եւ այդ առումով ներկայ խորհրդարանը համատեղել է իր ուժերը` դիմագրաւելու տնտեսական ու ֆինանսական ճգնաժամերը: Մի կողմից փորձ է արուել օրէնսդրական աշխատանքով բարենորոգելու տնտեսութիւնը, միւս կողմից անհրաժեշտութիւն է առաջացել կայուն պահելու երկիրը` չվնասելով քաղաքական ուժերի ակտիւութեանը: Անցած 5 տարիներին խորհրդարանը համագործակցել է գործադիր իշխանութեան հետ` կեանքի կոչելու տնտեսութեան զարգացման ծրագրերը: Այդ համագործակցութեան արդիւնաւէտութեան մասին են փաստում հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականութեան մէջ արձանագրած յաջողութիւնները, երկրի միջազգային հեղինակութեան աճը: Այն հարցին, թէ իշխող կուսակցութիւնն ինչպէս է գնահատում գալիք խորհրդարանական ընտրութիւնների դերը Հայաստանի յետագայ դեմոկրատական զարգացումների ու եւրաինտէգրման ակտիւացման գործում, Գալուստ Սահակեանն ասաց, որ երկրի ժողովրդավարական զարգացումների առումով նախորդ տարիների դրական ձեռքբերումների շարունակականութիւնը մեծապէս պայմանաւորուած է լինելու Ազգային ժողովի գալիք ընտրութիւններով: Որպէս իշխող քաղաքական ուժ` իրենք շատ լաւ են գիտակցում, որ եթէ ընտրութիւններում թերութիւններ արձանագրուեն, պատասխանատուութեան մեծ բաժինն ընկնելու է իրենց քաղաքական թիմի վրայ: Խախտումները բացառելու նպատակով կատարելագործուել է Ընտրական օրէնսգիրքը, ինչը այժմ բոլոր քաղաքական ուժերին հնարաւորութիւն է տալիս վերահսկողութիւն իրականացնելու ընտրական գործընթացների վրայ: Պարոն Սահակեանը տեղեկացրեց, որ իրենց կուսակցութիւնն Ընտրական օրէնսգրքի ուսուցում է կազմակերպում վստահուած անձերի եւ ակտիւիստների համար` շատ լաւ հասկանալով, որ օրէնքի իմացութիւնը կը բացառի կամ գոնէ կը նուազեցնի խախտումները: Անդրադառնալով կուսակցութեան համամասնական ցուցակին` պարոն Սահակեանը տեղեկացրեց, որ կուսակցութիւնը սկզբունքային մօտեցում է ցուցաբերելու այս հարցում` ցուցակում ընդգրկելով քաղաքական եւ օրէնսդրական գործունէութեամբ զբաղուելու ունակ, հասարակութեանը յայտնի մարդկանց: Որոշակի փոփոխութիւններ կը լինեն նաեւ կանանց ներգրաւուածութեան առումով: «Մեր կուսակցութիւնը շատ լաւ է գիտակցում գալիք ընտրութիւնների դերն ու դրանք արդար անցկացնելու կարեւորութիւնը, ուստի կ'ողջունի բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք ցանկութիւն կ'ունենան աջակցելու ընտրութիւնների վերահսկողութեանը»,-ասաց Գալուստ Սահակեանը: ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկուեցին Հայաստանի տնտեսական- քաղաքական հեռանկարին վերաբերող այլ հարցեր եւս:
  -   Մամլո հաղորդագրություն