ՀԱՅՈՑ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ԱՒԵՏԱՐԱՆԸ


ՀԱՅՈՑ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ԱՒԵՏԱՐԱՆԸ

  • 21-11-2010 12:18:06   | Հայաստան  |  Յօդուածներ
ՀԱՅՈՑ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ԱՒԵՏԱՐԱՆԸ կամ Հայաստանի Հանրապետութեան բարեկեցիկ ու ապահով ապագան կերտելու միակ հնարաւորութիւնը /Վուդրոյ Վիլսոնի Իրաւարար վճռի 90-ամեակին ընդառաջ/ Հասել է պահը, երբ իր որդիների արիւնով օծուած Հայաստանը հատուցում պահանջի իր պատմական ուղու ամբողջ ընթացքում կրած տառապանքների ու փորձութիւնների դիմաց, դառնա իր սեփական ճակատագրի տէրը: Նիկողայոս Ադոնց, 1919թ. Բնաբանի այս խօսքերից գրեթէ մէկ դար յետոյ, հայ ժողովրդի ճակատագրի նաւը դեռեւս խարիսխ չի նետել հատուցման նաւահանգստում: Մեր բոլորի միասնական ջանքերի, դարաւոր զոհողութիւնների ու տասնամեակների աննկուն պայքարի գնով մեր ճակատագրի նաւը 90 տարի առաջ մի պահ մօտեցաւ հատուցման եզերքին, մի պահ մեզ թուաց, թէ հատուցման հանգրուանը հասանելի է, սակայն վերջին պահին քաղաքական քամիները կտրուկ փոխեցին իրենց ուղղութիւնը եւ մեզ կրկին նետեցին քեմալաբոլշեւիկեան քիրուայութեան յորձանուտը: Եւ առ այսօր մեր ճակատագրի նաւը դեռեւս դեգերում է քաղաքական խռովայոյզ ծովի մէջ: Ծով, ուր շատ էն տեսանելի ու անտէս խութերը, ուր վխտում էն ծովահէնները, ուր մեր նաւը դեգերում է աննպատակ, քանզի նաւապետը մեր նաւը երանելի հանգրուան ուղղելու փոխարէն, աւազակների յափշտակածը օրինականացնելու ճանապարհով փորձում է լեզու գտնել ծովահէնների հետ: Միանգամայն սխալ եւ անհեռանկար գործ: Ժողովուրդների կեանքում բախտորոշ ժամանակաշրջաններ կան, որ որոշում էն տուեալ ժողովրդի յետագայ ողջ ճակատագիրը: Հիմա մենք` հայերս, այդպիսի մի շրջանի մէջ ենք: Հայ-թուրքական զոյգ տխրահռչակ արձանագրութիւնները խռովել էն ողջ հայութեան հասարակական-քաղաքական կեանքը, ծայրայեղօրէն սրել էն ազգային կորստի յուշը եւ ամրապնդել դրանց դէմ համազգային ընդդիմութիւն ձեւաւորելու ձգտումը: Այսօր պայքարի վճռորոշ փուլի մէջ ենք, քանզի արձանագրութիւններն անընդունելի էն, անընդունելի էն մեր ժողովրդի գերագոյն եւ մնայուն շահերի տեսանկիւնից: Չի կարելի ժամանակաւոր ու խմբակային շահերի համար զոհաբերել ժողովրդի անցեալը, ազգի անվտանգութիւնը եւ պետութեան ապագան: 90 տարի առաջ, հէնց այս օրերին` 1920թ. նոյեմբերի 22-ին, Միացեալ Նահանգների նախագահ Վուդրոյ Վիլսոնը կայացրեց իր Իրաւարար վճիռը: Վիլսոնեան իրաւարար վճիռը (Arbitral Award), ինչպէս առիթ-ներ ունեցել եմ գրելու եւ խօսելու, մեր իրաւունքների աւետարանն է, մեր պահանջատիրութեան հիմքը, Հայաստանի Հանրապետութեան բարեկեցիկ ու ապահով ապագան կերտելու միակ հնարաւորութիւնը: Լոկ համառօտակի անդրադառնամ այդ յոյժ կարեւոր փաստաթղթին եւ առանձնանշեմ միայն մի շարք հիմնադրոյթներ: Քանի որ Իրաւարար վճիռը կայացուել է Դաշնակից երկրների Սան Ռեմոյի 1920թ. ապրիլի 26-ի, ինչպէս նաեւ Սեւրի պայմանագրի (10 օգոստոսի, 1920թ.) մէջ ներառուած հայցադիմումների (compromis) հիման վրայ եւ ուժի մէջ է մտել ստորագրման պահից, այսինքն 1920թ. նոյեմբերի 22-ից, ուստի յիշեալ վճիռը պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի որոշում է Առաջին համաշխարհային պատերազմի բոլոր Դաշնակից երկրների (Allied Powers) [ներկայումս աւելի քան 100 երկիր] եւ Սեւրի պայմանագիրը ստորագրած պետութիւնների համար [ներկայումս աւելի քան 20 երկիր]: Այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է նաեւ Ամերիկայի Միացեալ Նահանգների համար, որովհետեւ Իրաւարար վճիռը կրում է Ամերիկայի Միացեալ Նահանգներ պետութեան Մեծ կնիքը, ստորագրուած է Ամն-ի նախագահի եւ ենթաստորագրուած` Ամն-ի պէտքարտուղարի կողմից: Ըստ նախապէս տուած գրաւոր յանձնառութեան, Վիլսոնի իրաւարար վճիռը պարտադիր է նաեւ առաջին աշխարհամարտում պարտուած երկրների համար: Համաձայն միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքի, որն ամրագրուած է Հաագայի խորհրդաժողովի (1899թ. եւ 1907թ.) համապատասխան փաստաթղթերում, Իրաւարար վճռի ի կատար ածումն այդ փաստաթղթին կողմ հանդիսացող, այսինքն հայցադիմումը ստորագրած, բոլոր երկրների անսակարկ պարտաւորութիւն է, նրանց անօտարելի յանձնառութիւնը: Ըստ այդմ, մեր համազգային խնդիրը պէտք է լինի իւրաքանչիւր տարի նոյեմբերի 22-ին այդ երկրներից պահանջել, որպէսզի նրանք տէր կանգնէն միջազգային իրաւունքից բխող իրենց պարտաւորութեանը եւ դա անէն ոչ թէ որպէս բարեհաճութիւն, այլ որպէս մոռացուած, մասամբ ուրացուած, սակայն անխաթար ու անբեկանելի միջազգային պարտաւորութիւն: Արդէն մի քանի տասնամեակ է, ինչ ապրիլի 24-ը հանդիսանում է հայ ժողովրդի նուիրական օրերից մէկը` հայոց միասնական քաղաքական վարքի թերեւս ամենավառ դրսեւորման օրը: Հայ իրականութեան մէջ այդ օրը մտաւ նախ որպէս հոգեհանգստի ու յիշատակի խնկարկման օր, ապա աստիճանաբար վերաճեց եւ դարձաւ ոգեկոչման ու Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու պահանջի օր: Այսուհանդերձ, այդ օրը կորստի օր է, առաւելագոյնը` կորուստը ճանաչել տալու օր: Սակայն որպէս ազգ եւ որպէս արդարութեանը հետամուտ հանրութիւն մենք կարիք ունենք յաղթանա-կի ու հատուցման, արդարութեան կայացման ու իրաւունքի հաստատման օրուայ: Մեր իրականութեան մէջ կա' այդ օրը. յաղթանակի անթեղուած կրակը պահող այդ օրը նոյեմբերի 22-ն է` ԱՄՆ նախագահ Վուդրոյ Վիլսոնի կողմից Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը որոշող Իրաւա-րար վճռի (Arbitral Award) կայացման օրը: Այդ օրն իրաւարար վճռով Հայաստանի Հանրապետութեանը յատկացուեց մեր բնօրրան-հայրենիքի մի մասը` նրա հիւսիս-արեւելեան հատուածը: Այդ օրը միջազգային իրաւունքի հիման վրայ կայացուեց եւ մէկընդմիշտ ուժի մէջ մտաւ մի վճիռ, որը կատարման համար պարտադիր է, իրաւա-կան տեսանկիւնից անբեկանելի ու իրաւունքների գոյութեան առումով անժամանցելի: ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ը պէտք է դառնա ոտնահարուած արդարութեան վերականգնման, ազգային պահանջատիրութեան եւ մեզանից խլուած իրաւունքների վերահաստատման օր, մէկ բառով` ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹԵԱՆ ՕՐ: Կոչ եմ անում ամէն տարի նոյեմբերի 22-ին ըստ արժանուոյն` ցոյցերով, երթերով, հաւաքներով, գիտաժողովներով, հրապարակումներով, ելոյթներով նշել ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹԵԱՆ ՕՐԸ, քանզի միայն Հայրենատիրութեան ճանապարհով է հնարաւոր կերտել վաղուայ Հայաստանը: Արա Պապեան «Մոդուս Վիւենդի» կենտրոնի ղեկավար 19 նոյեմբերի, 2010թ.
  -   Յօդուածներ