ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց ուսանողների հետ


ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց ուսանողների հետ

  • 06-03-2012 21:09:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ազգային ժողովի նախագահ Սամուէլ Նիկոյեանը մարտի 6-ին հանդիպեց խորհրդարանում պրակտիկա անցնող Երեւանի պետական եւ Երեւանի Վ. Բրիւսովի անուան պետական լեզուաբանական համալսարանների, Եւրոպական տարածաշրջանային եւ Պետական կառավարման ակադեմիաների ուսանողներին: Երիտասարդներն ԱԺ նախագահի ններկայացրեցին, թէ ինչ դրդապատճառներով են պրակտիկայի համար յատկապէս ընտրել խորհրդարանը: Պարոն Նիկոյեանն իր խօսքում նշեց, որ Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է եւ խորհրդարանում, առաւել քան որեւէ այլ տեղ, ամբողջական է ներկայացուած երկրի քաղաքական դաշտը: Այս առումով Աժ նախագահն ապագայ քաղաքագէտների եւ միջազգայնագէտների համար օգտակար համարեց խորհրդարանական շփումներն ու հանդիպումները: Նշեց, որ խորհրդարանականների համար եւս հետաքրքիր ու օգտակար է լսել նոր սերնդի մտածելակերպը, մտքերն ու գաղափարները: Ուսանողների խնդրանքով անդրադառնալով տարբեր ընտրակարգերին` Աժ նախագահը կարծիք յայտնեց, որ իւրաքանչիւր երկիր պէտք է գտնի իր համար կիրառելի մոդելը: Նրա խօսքով` Հայաստանի պարագայում, երբ խորհրդարանը միապալատ է, գտնուել է լաւագոյն եւ հաւասարակշռուած յարաբերակցութիւնը: Երկու` համամասնական եւ մեծամասնական, ընտրակարգերի համադրմամբ հնարաւոր է օրէնսդիր մարմնում ապահովել ինչպէս կուսակցութիւնների, այնպէս էլ հանրապետութեան տարբեր տարածքների ներկայացուածութիւնը: Ուսանողներն ԱԺ նախագահի հետ զրուցեցին երիտասարդական խորհրդարանի գործունէութեան ու արդիւնաւէտութեան մասին` կոչ անելով նաեւ բուհերի ուսանողների ներուժն օգտագործելու մեխանիզմներ գտնել: Օրէնսդիր մարմնի ղեկավարը երիտասարդական խորհրդարանը համարեց օրէնքներն ուսումնասիրելու, տեսակէտներ ձեւաւորելու եւ արտայայտելու, այլ հմտութիւններ ձեռքբերելու լաւ դպրոց: Բուհերի միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետների ուսանողները հանդիպման ընթացքում անդրադարձան խորհրդարանական դիւանագիտութեանն ու յատկապէս այն դէպքերին, երբ անհրաժեշտ է լինում արագ արձագանքել հակահայկական քարոզչութեանը: Աժ նախագահն ասաց, որ Հայաստանը ոչ բոլոր երկրներում ունի դիւանագիտական ներկայացուցչութիւններ` տեղեկացուած լինելու կամ արագ հակաքայլեր կատարելու համար: Լինելով արտաքին քաղաքականութեան բաղկացուցիչ մաս` խորհրդարանական դիւանագիտութիւնը նոյնպէս նպաստում է նախանշուած առաջնահերթութիւնների իրացմանը, ու յաճախ յաջողւում է փոքր ռեսուրսներով կանխել հակահայկական մի նոր ալիք: Իսկ խորհրդարանին վերապահուած մէկ այլ` յայտարարութիւններ անելու լիազօրութիւնը, ըստ Աժ նախագահի, պէտք է իրականացուի ճիշտ պահին: Հանդիպման ընթացքում քննարկուեցին նաեւ ազգային անվտանգութեանը, բանակում արձանագրուած միջադէպերի վերացմանը, տարածքների համաչափ զարգացմանը, գենդերային հաւասարութեանն առնչուող հարցեր: Անդրադառնալով առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին` Աժ նախագահն ասաց, որ իշխանութիւններն անելու էն ամէն ինչ` ազատ եւ արդար ընտրութիւններ ապահովելու համար: Աժ նախագահն իր հերթին պատրաստւում է հանդէս գալ խորհրդարանում մոնիտորինգի խումբ ստեղծելու նախաձեռնութեամբ` խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների կողմից Ընտրական օրէնսգրքի պահանջների կատարմանը հետեւելու համար: Պարոն Նիկոյեանը հանդիպման աւարտին երիտասարդներին յորդորեց լաւ սովորել, մաղթեց լինել նպատակասլաց ու մրցակցութեան մէջ առաջանցիկ: ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւն
  -   Մամլո հաղորդագրություն