Արտակ Շաքարյան.«Թուրքիան գիտի, որ Գերմանիան չի բացելու արխիվները եւ խիզախաբար պահանջում է դա»


Արտակ Շաքարյան.«Թուրքիան գիտի, որ Գերմանիան չի բացելու արխիվները եւ խիզախաբար պահանջում է դա»

  • 07-03-2012 17:01:45   | Հայաստան  |  Յօդուածներ

Թուրքիայի Եւրամիութեան հարցերով նախարար Էգեմէն Բաղըշը առաջարկում է բացել գերմանական արխիւները` Հայոց ցեղասպանութեանը վերաբերող նիւթերն ուսումնասիրելու նպատակով: Նրա խօսքով` գերմանական արխիւներում պէտք է որ լինեն Օսմանեան Թուրքիայում 1915թ.-ի դէպքերն ապացուցող նիւթեր, որոնց ուսումնասիրութիւնը կը լուծի բազում բանավէճեր: Այդ բանավէճերից մէկն էլ վերջերս ծաւալուեց Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ եւ հարթուեց ոչ յօգուտ Թուրքիայի: Դրանից յետոյ Թուրքիան աչքի է ընկնում անզուսպ եւ դիւանագիտութեան առումով թոյլ մտածուած քաղաքական ձեռնարկումներով: Արդեօք գերմանական արխիւները բացելու առաջարկը կարելի՞ է դասել անհեռատես քայլերի շարքը: Պատասխանում են հայ թուրքագէտները: -Ի՞նչ է թաքնուած թուրքական այս առաջարկի յետեւում: Լեւոն Յովսէփեան Լեւոն Յովսէփեան. Կարեւորն այստեղ այն է, որ նման կոչով Է. Բաղըշը դիմել է հէնց Գերմանիային: Սրանով, կարծում եմ, Թուրքիան ցանկանում է մի քանի խնդիր լուծել եւ գնալ իր տեսակէտից խորամանկ քայլի: Առաջին հերթին սա քայլ է՝ կանխելու այն զարգացումների հնարաւորութիւնը Գերմանիայում, ինչ եղաւ Ֆրանսիայի պարագայում: Թուրքիան փորձում է հասկացնել Գերմանիային ձեռնպահ մնալ նման նախաձեռնութիւններից եւ արխիւները պատմաբանների առջեւ բացելու կոչով փորձում է խնդիրը կենտրոնացնել առաւելապէս պատմական քննարկման հարթութիւնում: Թուրքիային անհանգստացնում է, որ Գերմանիայում կան քաղաքական գործիչներ, որոնք հանդէս են գալիս Ֆրանսիայի օրինակին հետեւելու առաջարկութեամբ: Բացի դրանից` հնարաւոր է, որ Թուրքիան այս հարցով դիմել է Գերմանիային` համոզուած լինելով, որ Հայոց ցեղասպանութեան մէջ մեղսակցութիւն ունեցող Գերմանիան ընդառաջ կը գնայ Թուրքիայի նախաձեռնութեանն ու առաջարկներին: Այս համատեքստում սա մէկ քայլ է եւրոպական հարթութեան մէջ Գերմանիայի միջոցով փորձել «անյարմար» վիճակում գցել Ֆրանսիային: Միգուցէ Թուրքիան նպատակ է հետապնդում նման քայլերով հիմնաւորել Ֆրանսիայի «կողմնակալութիւնը» Ցեղասպանութեան հարցում: Պատահական չէ, որ Բաղըշը կոչ է արել Գերմանիային հանդէս գալ որպէս միջնորդ Ֆրանսիայի ու Թուրքիայի միջեւ այդ հարցում: Ռուբէն Մելքոնեան Ռուբէն Մելքոնեան. Գերմանիան եւ յատկապէս գերմանական ռազմական ոյժերը որոշակի դեր են ունեցել Հայոց ցեղասպանութեան իրականացման գործում, եւ սա գիտական շրջանակներում յայտնի փաստ է: Այս առաջարկութեամբ թուրքերը ցանկանում են ստեղծել այնպիսի վիճակ, որ ի յայտ գան նոր մեղսակիցներ Հայոց ցեղասպանութեան հարցում: Եթէ գերմանական արխիւները բացուեն, ապա չի կարելի բացառել, որ կը գտնուեն փաստեր, որոնք կ'ապացուցեն Գերմանիայի որոշակի մեղսակցութիւնը: Եւ իմ կարծիքով` թուրք քաղաքական գործչի արած այս յայտարարութեան ենթատեքստում կայ սպառնալիք՝ ուղղուած գերմանական կողմին, ինչը պէտք է ստիպի նրան քայլեր կատարել Ֆրանսիայում քննարկուող օրինագծի դէմ: Բացի դրանից` սրանով թուրքերը կարող են նաեւ նպատակ հետապնդել կանխել Գերմանիայում նմանատիպ օրինագծի քննարկման հաւանականութիւնը: Անդրանիկ Իսպիրեան Անդրանիկ Իսպիրեան. Թուրքիայի` Եւրամիութեան հետ հարցերով նախարար Էգեմէն Բաղըշը վերջին շրջանում Հայոց ցեղասպանութեանը եւ Հայաստանի հետ յարաբերութիւններին վերաբերուող հարցերում հանդէս է գալիս անհաւասարակշիռ յայտարարութիւններով: Շվեյցարիայում Հայոց ցեղասպանութիւնը հերքելուց յետոյ Էգեմէն Բաղըշի դեմ Ցիւրիխի դատախազութիւնը նախնական հետաքննութիւն սկսեց, որին հետեւեց Եւրոպական խորհրդարանի նախագահի կոչը Բաղըշին` առերեսուել սեփական պատմութեան հետ: Այս պայմաններում Էգեմէն Բաղըշը փորձում է միջազգային հանրութեան ուշադրութիւնը շեղել տարբեր յայտարարութիւններով եւ առաջարկներով: Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ լարուած յարաբերութիւնների պատասխանատուն հէնց թուրքական կողմն է, եւ հէնց Թուրքիան կարող է լուծել Ֆրանսիայի հետ իր խնդիրները: Գերմանիան Հայոց ցեղասպանութիւնը ընդունած երկրների շարքում է, եւ աւելին, Գերմանիայում եւս սկսել են խօսել Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու մասին: -Հաւանակա՞ն է, որ Գերմանիան կը համաձայնի բացել արխիւները: Անդրանիկ Իսպիրեան. Գերմանիայում արխւներ բացելու խնդիր չկայ, քանի որ դրանք հետազօտողների առաջ բաց են: Թուրքական կողմը հերթական անգամ պարզապէս շահարկում է «արխիւները բացէք» արտայայտութիւնը: Երկար տարիներ մի շարք գիտնականներ ուսումնասիրել են գերմանական արխիւները եւ հրապարակել բազմաթիւ փաստագրական աշխատութիւններ, յօդուածներ, նամակներ, որոնք ապացուցում են, որ 1915-ին Օսմանեան Թուրքիայում ցեղասպանութիւն է տեղի ունեցել: Ցեղասպանութեան ժամանակ Գերմանիան Օսմանեան Թուրքիայի դաշնակիցն ու հովանաւորն էր: Շատ վայրերում գերմանացի սպաների լուռ հայեացքների ներքոյ են իրականացուել հայերի կոտորածները: Չնայած գերմանացի զինուորականները դրանց մասին չեն բարձրաձայնել, սակայն այդ մասին արձանագրել եւ ուղարկել են վերադասին: Գերմանական արխիւները ուսումնասիրած գերմանացի յայտնի պատմաբանները եւս պնդում են, որ օսմանեան կառավարութիւնը հայերին ոչնչացնելու համար յատուկ ծրագրուած նպատակ է ունեցել: Լեւոն Յովսէփեան. Դա երկրորդային հարց է: Հէնց նոյն գերմանական արխիւային բազում փաստաթղթեր արդէն իսկ լիարժէք լոյս են սփռում թէ' Հայոց ցեղասպանութեան անվիճարկելիութեան, թէ Կայզերական Գերմանիայի մեղսակցութեան վրայ: Արտակ Շաքարեան Ռուբէն Մելքոնեան. Իրականում Գերմանիան տիրապետում է բաւական լուրջ արխիւների, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանութեանը, եւ կարեւոր է փաստել, որ դրանց մեծ մասը ուսումնասիրուած չէ: Եթէ իրականում թուրք նախարարի կոչին ընդառաջեն եւ բացեն բոլոր արխիւները, ապա կարող են ի յայտ գալ Հայոց ցեղասպանութիւնը ոչ թէ հերքող, այլ հաստատող նորանոր փաստեր: Արտակ Շաքարեան. Թուրքիան գիտի, որ Գերմանիան չի բացելու արխիւները եւ խիզախաբար պահանջում է դա, որպէսզի աշխարհին ցոյց տայ Գերմանիայի երեսպաշտութիւնը: Գերմանիայի կողմից արխիւի բացումը խիստ անհաւանական է: Մարինէ Մադաթեան, Երեւան, Հայաստանի Հանրապետութիւն Էգեմէն Բաղըշ
  -   Յօդուածներ