Հավանության է արժանացել ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը


Հավանության է արժանացել ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը

  • 12-03-2012 18:05:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ կառավարութիւնը մարտի 7-ին կայացած նիստում հաւանութիւն է տուել ՀՀ ռազմական կրթութեան հայեցակարգին, սպայական կազմի պատրաստութեան փուլերի ճանապարհային քարտէզին եւ ռազմական կրթութեան հայեցակարգի ապահովման միջոցառումների ծրագրին: ՀՀ ռազմական կրթութեան հայեցակարգը մշակել է ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ գլխաւոր շտաբի շահագրգիռ ստորաբաժանումների, ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան, Երեւանի պետական համալսարանի, Երեւանի Մ. Հերացու անուան պետական բժշկական համալսարանի, ինչպէս նաեւ Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներից կազմուած աշխատանքային խումբը: ՀՀ զինուած ուժերում զինծառայողների ռազմական կրթութիւնը կազմակերպւում եւ իրականացւում է ընթացիկ իրաւական ակտերի` ՀՀ կառավարութեան որոշումների եւ ՀՀ պաշտպանութեան նախարարի հրամանների հիման վրայ: Ընդհանուր հայեցակարգային մօտեցման բացակայութեան պայմաններում ՀՀ կրթական համակարգի բաղադրիչը կազմող ռազմակրթական համակարգը զարգանում է նուազ տեմպերով, ինչը դժուարութիւններ է առաջացնում ՀՀ զինուած ուժերի սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների կադրային ճկուն քաղաքականութեան ու նրանց որակաւորման գործընթացում: Պաշտպանական բարեփոխումների համատեքստում ռազմական կրթութեան համակարգի զարգացումը հանդիսանում է գերակայ խնդիր: Ըստ այդմ` միասնական հայեցակարգային մօտեցումների իրաւական ամրագրումը հնարաւորութիւն կ'ընձեռի առաւել արդիւնաւէտ իրականացնել զինծառայողների ռազմական գիտելիքների հմտութիւններին տիրապետող եւ բարձր որակաւորում ունեցող կադրերի առաջխաղացումը: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ՀՀ կառավարութեան հաւանութեանն արժանացած հայեցակարգով նախատեսւում է երաշխաւորել իւրաքանչիւր պաշտօնի ու համապատասխան կրթական չափանիշների տրամաբանական կապը, ՀՀ քաղաքացիական Բուհ-երի եւ արտերկրի ուսումնական հաստատութիւնների դերը ՀՀ ԶՈՒ սպայական կադրերի պատրաստման գործում: Նախատեսւում է նաեւ կարճաժամկէտ եւ երակարաժամկէտ հեռանկարում ներդնել ՀՀ ԶՈՒ պրոֆէսիոնալ սերժանտական /ենթասպայական/ կազմի կրթութեան եւ վարժանքի, ինչպէս նաեւ ՀՀ ԶՈՒ սպայական կազմի ակադեմիական կրթութեան համակարգը` ՀՀ քաղաքացիական բարձրագոյն կրթութեան չափանիշներին եւ Բոլոնիայի գործընթացին համահունչ:
  -   Մամլո հաղորդագրություն