Արուեստի գործիչները յայտարարեցին ուրանի հանքավայրերի անխնայ շահագործման դէմ ստորագրահաւաքի կազմակերպման մասին


Արուեստի գործիչները յայտարարեցին ուրանի հանքավայրերի անխնայ շահագործման դէմ ստորագրահաւաքի կազմակերպման մասին

  • 10-11-2010 21:40:59   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ականաւոր դերասան Երուանդ Մանարեանը եւ կինոբեմադրիչ Տիգրան Խզմալեանը յայտարարեցին, որ «Սարդարապատ» շարժումը սկսում է ստորագրահաւաք՝ ընդդէմ Սիւնիքի մարզի տարածքում ուրանի հանքավայրերի անխնայ շահագործման։ Նոյեմբերի 10-ին «Ուրբաթ» ակումբում Է.Մանարեանը նշեց. «Աստուած մեզ երկիր է տուել, մի կտոր հող, ասել է՝ սա ձերն է, գնացէք այնտեղ ապրէք, եւ այդ հողը մենք պէտք է կարողանանք խելացի կերպով մեր ժառանգներին փոխանցել»։ Նա պարզաբանեց, որ խօսքն այն մասին չէ, որ հանքավայրերը չպէտք է շահագործուէն, այլ, որ դա պէտք է խելամիտ կերպով արուի. «Մենք պարզապէս սկսում ենք մեր ունեցածը գցել մեր գրպանները ու երկրից հեռանալ։ ...իրենց գրպանները լցնողներից ո՞ր մէկն է մնալու այս հողի վրայ մինչեւ վերջին շունչը՝ ոչ մէկը»,- ասաց Է.Մանարեանը։ Տ.Խզմալեանը յաւելեց, որ 10 օր առաջ ուրան հետազօտող մեքենաներից մէկը անյայտ պատճառով այրուել է։ Ըստ արուեստի գործիչների ունեցած տուեալների, սկզբից ասում էին, որ կործանման պատճառը կայծակն է, ապա լուրեր էին պտտւում, որ քննչական մարմինները փնտրում էն «Կայծակ» անունով մարդու։ «Կարճամիտ, յիմար պէտք է լինել երկաթեայ հսկայ կառոյցը տանել դնել Սիւնիքի ձորերում՝ առանց շանթարգելի»,- պարզաբանեց Երուանդ Մանարեանը։
  -   Հասարակութիւն