Ան, որ իրանական իշխանություններն ակնկալում էին սադրանքներ և ապակայունացում ընտրություններից հետո, կասկած չի հարուցում


Ան, որ իրանական իշխանություններն ակնկալում էին սադրանքներ և ապակայունացում ընտրություններից հետո, կասկած չի հարուցում

  • 15-03-2012 17:47:49   |   |  Յօդուածներ
Մարտի 2-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրություններն Իրանում կարեւոր նշանակություն ունեն ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետության ներքաղաքական կյանքի համար, այլ նաեւ Իրան-ԱՄՆ ռազմական բախման էական ազդակ կարող են հանդիսանալ։ Հոդվածում անդրադարձ է կատարվում հիմնականում ընտրական շրջանին առնչվող այն զարգացումներին, որոնք կարող են ազդել Իրանում եւ տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա։ Նախընտրական պայքարը խորհրդարանական ընտրությունների շեմին Ինչպես եւ սպասվում էր, խորհրդարանական ընտրություններն Իրանում անցան առանց հիմնական եւ արմատական ընդդիմադիր ուժերի մասնակցության, որոնք դեռեւս հունվարին պաշտոնապես հայտարարեցին, որ բոյկոտելու են մարտի 2-ի ընտրությունները։ Նախընտրական պայքարին մասնակցող ընդդիմադիրները, որոնք կազմում են ընդհանուր թեկնածուների 10 տոկոսը, միավորվել են 2 ընդդիմադիր կոալիցիաներում՝ Իսլամական Իրանի մասնակցության ճակատում եւ Ազգային վստահության ճակատում։ Չնայած այս միավորումները հանդես են գալիս իշխանությունների քննադատությամբ, նրանց հայացքները կարելի է միայն պայմանականորեն ընդդիմադիր համարել, քանի որ դրանցում չկան ընդհանուր պետական քաղաքականության եւ կառավարման համակարգի փոփոխության պահանջներ։ Դժվար թե կարելի է ակնկալել, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակության հիմնական մասը կպաշտպաներ այս երկու դաշինքներին, քանի որ դրանցում ընդդիմության կարկառուն ներկայացուցիչներ չկան։ Մյուս կողմից՝ իրանական ակտիվ ընդդիմությունն իր համակիրներին կոչ արեց ընդհանրապես չմասնակցել ընտրություններին՝ դրանով իսկ փորձելով ապագա խորհրդարանը զրկել լեգիտիմությունից։ Արդեն մարտի 3-ին, երբ ներկայացվեցին ընտրությունների նախնական արդյունքները, պարզ դարձավ, որ սահմանափակ ընդդիմությունը չկարողացավ անգամ ակնկալվող 10 տոկոսը ստանալ՝ սահմանափակվելով 7-ով։ Բավական հետաքրքիր գործընթացներ տեղի ունեցան նաեւ պահպանողականների ճամբարում, որտեղ փետրվարին դիրքերի լուրջ թուլացում արձանագրեց Իրանի մեջլիսի ներկայիս խոսնակ, դասական պահպանողական խմբերի ներկայացուցիչ Ալի Լարիջանին։ Փետրվարի սկզբին ծայրահեղ պահպանողականներին պատկանող մի շարք լրատվամիջոցներ եւ կայքեր նյութեր հրապարակեցին, որ Ալի Լարիջանին վերջին տարիներին ստեղծել է մեծ ունեցվածք, անշարժ առեւտրային հսկայական գույքի սեփականատեր է եւ խառնված է բավական կասկածելի տնտեսական, հիմնականում՝ պետական ունեցվածքի սեփականաշնորհման գործարքների մեջ։ Անգամ տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ պետության բարձրագույն հոգեւոր իշխանություններն արգելել են Ալի Լարիջանիին մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչը, սակայն, հետագայում հերքվեց Լարիջանիի կողմից։ Ամենայն հավանականությամբ, ներկայումս ակտիվ աշխատանք է սկսվել այն ուղղությամբ, որպեսզի գալիք խորհրդարանի խոսնակի պաշտոնում Ալի Լարիջանիի վերընտրման շանսերը նվազեն։ Բացի այդ, Լարիջանին առայսօր համարվում է 2013թ. նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածու, եւ նրա դեմ տարվող հակաքարոզչությունը նպատակ ունի զրկել նրան ընտրություններին սեփական թեկնածությունն առաջադրելու շանսից։ Պետք է ընդգծել նաեւ, որ եթե դեռ անցած տարվա հոկտեմբերին Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ նախագահի պաշտոնը վերացնելու եւ այն խորհրդարանի կողմից ընտրվող վարչապետի պաշտոնով փոխարինելու առաջարկությունն ընդունվի, ապա խորհրդարանի խոսնակի դիրքը եւ պաշտոնը կարող են ազդեցություն ունենալ վարչապետի ընտրման գործընթացում։ Դրանով իսկ Ա.Լարիջանիի հնարավոր «տապալումը» նշանակում է, որ նա եւ նրան աջակցող ուժերը չեն կարող ակտիվորեն ազդել իրանական գործադիր իշխանության ձեւավորման վրա։ Հավանաբար, իր դեմ սկսված տեղեկատվական արշավի արդյունքում Ալի Լարիջանիի թեւն արդեն փետրվարին միացավ Ա.Խամենեիի անմիջական մասնակցությամբ ստեղծված Միավորված պահպանողականների ճակատին, որն ըստ էության պահպանողական ուժերին միավորող կոալիցիոն դաշինք է։ Հենց այս միավորումն էլ հաղթանակ տարավ ընտրությունների ժամանակ եւ ապագա խորհրդարանում կունենա մոտ 150 պատգամավոր՝ հաշվի առնելով, որ դրան կմիանան նաեւ անկախ պատգամավորներ։ Ինչ վերաբերում է նախագահ Մ.Ահմադինեժադի աջակիցներին, ապա նրանք ջախջախիչ պարտություն կրեցին եւ ապագա խորհրդարանում, անգամ իրենց շարքերում անկախ պատգամավորների ընդգրկելով, կունենան մոտ 50 պատգամավոր։ Չնայած ընտրություններն անցան առանց լուրջ սադրանքների, Իրանի իշխանությունները նման սադրանքներ ակնկալում էին։ Ինչպես նշում էին իրանական լրատվամիջոցները, խորհրդարանական ընտրությունների քարոզչությունը քաղաքներում լրջորեն սահմանափակված է եղել անվտանգության ծառայությունների կողմից, քանի որ Իրանում ակնկալում են, որ զանգվածային հանդիպումները կարող են օգտագործվել ահաբեկչական գործողությունների կամ սադրանքների նպատակով, որոնք վերջին տարվա ընթացքում ավելացել են՝ կապված իրանական Բելուջիստանում եւ Քուրդիստանում զինված անջատողականների ակտիվացման հետ։ Այն, որ իրանական իշխանություններն ակնկալում էին լուրջ սադրանքներ եւ հնարավոր ապակայունացում ընտրություններից հետո, կասկած չի հարուցում։ Դրա մասին են վկայում թե՛ անվտանգության ուժերի հսկողության ուժեղացումը խոշոր քաղաքներում, թե՛ պետական պաշտոնյաների հայտարարությունները։ Հունվարի 24-ին Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին հայտարարեց, որ Արեւմուտքը լրջորեն իրադրության ապակայունացում է պատրաստում Իրանում, ինչն ընդգրկում է հետեւյալ գործողությունները. քարոզչության միջոցով քաղաքական տարաձայնությունների ընդգծում եւ հակասությունների խորացում քաղաքական համակարգում, ընտրական գործընթացի թափանցիկության վերաբերյալ կասկածների քարոզում երկրում եւ երկրից դուրս, քաղաքական բանավեճի տեղափոխում փողոց, անվստահության մթնոլորտի ստեղծում, տնտեսական պատժամիջոցների շնորհիվ երկրի եւ հասարակության սոցիալական վիճակի բարդացում։ Մեր կողմից հավելենք նաեւ ամերիկյան ռազմուժի կենտրոնացումը Պարսից ծոցի շրջանում, ինչն իրանական ընդդիմության ամենաագրեսիվ մասի համար հոգեբանական ֆոն է ստեղծում եւ կարծես թե «համոզում», որ հեղափոխություն իրականացնելու հնարավոր փորձը կարող է լուրջ ռազմական աջակցություն ստանալ Միացյալ Նահանգների կողմից։ Ամերիկյան ռազմական ներկայությունն Իրանի հարեւանությամբ, իհարկե, առաջին հերթին հենց հոգեբանական գործողության է նման, քանի որ այսօր Միացյալ Նահանգների ուժը եւ հնարավորությունը Վաշինգտոնին չեն կարող թույլ տալ ուղղակի ռազմական միջամտություն իրականացնել այն գործընթացներում, որոնք կարող են տեղ գտնել Իրանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Սակայն պետք է նշել, որ Միացյալ Նահանգներից սպասվող հնարավոր վտանգն առնվազն մեկ տարի առաջնային նշանակություն է ունենալու իրանական իշխանությունների համար։ Եթե այսօր նման վտանգավոր իրավիճակ է ստեղծվել խորհրդարանական ընտրությունների շեմին, ապա կրկնակի վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծվել 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ, քանի որ վերջինիս կարեւորությունն Իրանի հասարակական եւ քաղաքական կյանքում ավելի մեծ է, քան խորհրդարանական ընտրություններինը։ Այսպիսով, առնվազն 1 տարի հետընտրական եւ նախընտրական (նախագահականի մասով) իրադրությունն Իրանում բավական սրված է լինելու եւ ստիպելու է պետությանը՝ ավելի կոշտ արձագանքել ներքին վտանգներին։ Ամփոփելով ներքաղաքական զարգացումներին առնչվող մասը՝ նշենք, որ չնայած ակտիվ ներքաղաքական պայքարին, իշխանությունները ցույց տվեցին, որ վերահսկում են իրավիճակը երկրում։ Իսկ ընդդիմության ռազմավարությունը որոշակիորեն տապալվեց, քանի որ բնակչության 64 տոկոսանոց մասնակցությունն ընտրություններին բարձրացրեց դրանց լեգիտիմության մակարդակը՝ չնայած ընդդիմությունը դրանց չմասնակցեց։ Կլինի՞ արդյոք իրանա-ամերիկյան բախում Իրանում տեղ գտած գործընթացներն առավել կարեւոր են նաեւ Միացյալ Նահանգների համար, որն առաջիկա մեկ տարում երեւի թե առաջին լուրջ հնարավորությունն է ստացել իրանական դիրքերին ցավալի հարված հասցնելու համար։ Սա պայմանավորված է մի քանի հանգամանքներով. Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ամերիկյան բնակչության 48%-ը կողմ է, որ Միացյալ Նահանգներն Իրանին ռազմական հարված հասցնի։ Սակայն, եթե հետազոտությունը կատարվեր ավելի խորքային ձեւով, մեր խորին համոզմամբ, կպարզվեր, որ նման հակաիրանական մոտեցման հիմնական պատճառն Իրանի նախագահ Մ.Ահմադինեժադի հանդեպ վերջին յոթ տարիներին իրականացված հակաքարոզչությունն է։ Իրանի նախագահն իր ելույթներում մի քանի անգամ լուրջ առիթներ է տվել, որպեսզի ամերիկյան քարոզչությունը նրան ներկայացնի որպես քաղաքակրթության թշնամի։ Սակայն մեկ տարի հետո Ահմադինեժադը լքելու է պաշտոնը, եւ Իրանի հաջորդ նախագահը կարող է ավելի ընդունելի լինել արեւմտյան հասարակության համար։ Նախագահի աթոռին հավակնող հիմնական թեկնածուն՝ Թեհրանի քաղաքապետ Մ.Ղալիբաֆը, ընդհանրապես արեւմտյան տիպի առաջնորդ է, եւ նրա նախագահության դեպքում Արեւմուտքը դժվար թե ներքին աջակցություն ստանա Իրանին հարվածելու համար։ Պարզ չէ, թե ինչ ճակատագիր կունենան պատժամիջոցներն Իրանի դեմ։ Այսօր միջազգային հանրությունը կարծես թե ցույց է տալիս, որ պատժամիջոցների առավելագույնն արդեն իսկ օգտագործված է. ակնհայտ է, որ Չինաստանն ու Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում ավելի լուրջ պատժամիջոցների կիրառում Իրանի դեմ թույլ չեն տա։ Այսպիսով, տնտեսական ճանապարհով Իրանին էլ ավելի ճնշելն արդեն իսկ սպառում է իրեն։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում, լրջորեն թուլացրել է Իրանը։ Եթե Բ.Ասադի իշխանությունը տապալվի, Իրանը կկորցնի իր հիմնական դաշնակցին տարածաշրջանում։ Սակայն, եթե սիրիական իշխանություններին հաջողվի պահպանել իշխանությունը եւ ճնշել ընդդիմությանը, ապա Իրանը նորից կվերականգնի թուլացող դիրքերն Իսրայելի սահմանին։ Նման պարագայում ամերիկյան հնարավոր հարձակումն Իրանի վրա կարող է հանգեցնել նոր խոշոր տարածաշրջանային պատերազմի, որին մասնակից կլինեն ոչ միայն Իրանն ու Միացյալ Նահանգները, այլ նաեւ Սիրիան, Իսրայելը, Լիբանանը եւ անգամ Եգիպտոսը, որտեղ օրեցօր իշխանությունում դիրքերն են ամրապնդում Իսրայելի հետ նոր հակամարտություն ակնկալող «Մուսուլման եղբայրները»։ Լայնածավալ տարածաշրջանային հակամարտությունն ուղղակիորեն կազդի նաեւ Իրաքի եւ Աֆղանստանի իրավիճակի վրա, որտեղ ձեւավորված պայմանական stasus quo-ն հավանաբար Վաշինգտոնին հարմար միակ ձեռնտու դրությունն է։ Նման զարգացումները կարող են Միացյալ Նահանգների համար անկառավարելի իրավիճակ ստեղծել ողջ Մերձավոր Արեւելքում։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ներկայումս տարածաշրջանում ձեւավորված իրադրությունը եւ նախընտրական տարին Իրանում Միացյալ Նահանգների համար Իրանին հակազդելու առավելագույն կարճաժամկետ հնարավորությունն են ստեղծում։ Սակայն հարցն այն է, թե որքանով է Վաշինգտոնը պատրաստ ռազմական ներխուժում իրականացնել Իրան կամ օդային հարվածներով ոչնչացնել իրանական ռազմական եւ միջուկային օբյեկտները։ Չնայած նման պատրաստվածության մասին շրջանառվող տեսակետներին՝ բազմաթիվ հեղինակավոր կառույցներ եւ մասնագետներ կարծում են, որ Իրանին հարվածելը մեծ տեղեկատվական բլեֆ է։ Մասնավորապես, նման կարծիք ունի վերջին 20 տարիների ընթացքում Մերձավոր Արեւելքի եւ Իրանի գծով ամենահեղինակավոր հետազոտողներից մեկը՝ Շհահրամ Չուբինը։ Վերջինս կարծում է, որ ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ Իսրայելը չեն կարող եւ նպատակ չունեն հարվածելու Իրանին։ Իսկ իրադրության ներկա սրումը պայմանավորված է զուտ Թել Ավիվի ջանքերով, որը փորձում է «շանտաժի ենթարկել» միջազգային հանրությանը. եթե դուք պատրաստ չեք ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա, ապա մենք կհարվածենք Իրանին եւ կլվանանք մեր ձեռքերն այն ճգնաժամային իրավիճակից, որը կստեղծվի նման հարվածից հետո։ Այն, որ Միացյալ Նահանգները նույնպես իր համար լուրջ հիմք է ստեղծում Իրանին հարվածելուց խուսափելու համար, ակնհայտ է։ Այս տեսանկյունից հատուկ ուշադրության է արժանի ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի` փետրվարի 16-ի հայտարարությունն այն մասին, որ Իրանի միջուկային ձեռքբերումները չափազանցված են. «Մենք որեւէ կարեւոր բան չենք տեսնում դրանում: Ոչ մի կարեւոր բան: ...Այդ ամենը չափազանցված է: Իրանցիներն արդեն երկար տարիներ հայտարարում են իրենց նվաճումների մասին: Մեր կարծիքով, նման հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին»: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Վաշինգտոնի փորձը՝ խուսափել Իրանին ռազմական հարված հասցնելու «պարտավորությունից», որը ձեւավորվել է վերջին շրջանում «իրանական վտանգի» քարոզչության արդյունքում։ Այն, որ Վաշինգտոնը խուսափում է պատերազմից, ակնհայտ դարձավ նաեւ ԱՄՆ նախագահ Բ.Օբամայի՝ մարտի 4-ին AIPAC (Ամերիկա-իսրայելյան հանրային խորհուրդ) նիստին ունեցած ելույթից, երբ նա ասաց, թե որպես գլխավոր հրամանատար նախընտրում է դիվանագիտությունը պատերազմից։ Ինչեւէ, կարելի է ասել, որ առաջիկա տարվա ընթացքում կարեւոր զարգացումներ են սպասվում թե՛ Իրանում, թե՛ տարածաշրջանում։ Պետք է հուսալ, որ զարգացումները չեն հանգեցնի տարածաշրջանի հայկական համայնքների եւ ՀՀ անվտանգությանը սպառնացող դրսեւորումների՝ քաղաքացիական պատերազմի խորացման Սիրիայի եւ Միացյալ Նահանգների հետ ռազմական ընդհարման՝ Իրանի դեպքում։ Սեւակ Սարուխանյան «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար «Նորավանք» հիմնադրամ
  -   Յօդուածներ