Սերժ Սարգսեան. Ցանկացած կուսակցութիւն, որքան էլ հզօր եւ բազմամարդ լինի, իր նոր անդամներով դառնում է աւելի ուժեղ


Սերժ Սարգսեան. Ցանկացած կուսակցութիւն, որքան էլ հզօր եւ բազմամարդ լինի, իր նոր անդամներով դառնում է աւելի ուժեղ

  • 17-03-2012 00:52:12   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի Հանրապետութեան նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցութեան նախագահ Սերժ Սարգսեանն մարտի 16-ին ՀՀԿ կենտրոնական գրասենեակում հանդիպում է ունեցել մի խումբ նորագիր հանրապետականների հետ, շնորհաւորել նրանց կուսակցութեանն անդամակցելու կապակցութեամբ եւ յանձնել ՀՀԿ անդամատոմսերը: Հանդիպման մասնակիցներին ուղղուած իր խօսքում Սերժ Սարգսեանն ընդգծել է, որ ցանկացած կուսակցութիւն, որքան էլ հզօր եւ բազմամարդ լինի` իր նոր անդամներով դառնում է աւելի ուժեղ: Նոյնքան ուժեղ են դառնում իրենք` անհատ կուսակցականները: Նախագահի խօսքով, որպէս մասնագէտներ եւ պետութեան քաղաքացիներ նրանք հնարաւորութիւն են ստանում աւելի արդիւնաւէտ օգտագործել իրենց ներուժն ու կարողութիւնները եւ գաղափարակից ընկերների հետ միասին այդ ամէնը ծառայեցնել ի շահ պետութեան ու հասարակութեան: «Ինձ համար թանկ է ձեր որոշումը, յատկապէս, որ այն կայացրել էք հիմա` այս կարեւորագոյն պահին, երբ մենք գնում ենք լրջագոյն բարեփոխումների: Այսպիսի պահին պատասխանատուութիւնից չխուսափելն արդէն որակական մեծ յատկանիշ է, եւ այդ որակը մենք մշտապէս պէտք է գնահատենք ցանկացած մարդու, ցանկացած կուսակցականի մէջ»,-ասել է Սերժ Սարգսեանը: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից, Հանրապետական կուսակցութեան նոր անդամները շնորհակալութիւն են յայտնել Նախագահին շնորհաւորանքի եւ բարեմաղթանքների համար, հաւաստիացնելով, որ պատուով կը կրեն ստանձնած քաղաքական պատասխանատուութիւնը, իրենց կարողութիւնները, փորձն ու գիտելիքները ներդնելով ՀՀԿ ծրագրերի իրականացման գործում` այդպիսով նպաստելով նաեւ մեր պետութեան զարգացմանն ու հզօրացմանը:
  -   Քաղաքական