Բեռլինի "Ազատ" համալսարանի դասախոս Ժիրայր Քոչարյանի նամակը` ուղղված Գերմանիայի Բունդեսթագի CDU/CSU խմբակցություններին:


Բեռլինի "Ազատ" համալսարանի դասախոս Ժիրայր Քոչարյանի նամակը` ուղղված Գերմանիայի Բունդեսթագի CDU/CSU խմբակցություններին:

  • 17-03-2012 07:02:17   |   |  Յօդուածներ
Գերմանական մամուլը շատ ակտիւ գտնւեց Ֆրանսիայի` Ցեղասպանութիւնը հերքող քրէականացման օրինագծի առնչութեամբ: Տարբեր բնագաւառների ներկայացուցիչներ կաշւից դուրս գալով «Փաստում» էին, թէ այդ օրինագիծը մտքի եւ խօսքի ազատութեան դէմ է: Համակիրների քանակը, նւազ լինելով, ուշադրութեան չարժանացաւ: Հազիւ էինք փրկւել «մարդու ազատութեան ռահւիրանների» մամլոյ տեղատարափից, երբ վրայ հասաւ CDU/CSU-ի Բունդեսթագի խմբակցութեան գրաւոր դիրքորոշումը: Մենք էլ սկզբում Պարոն Իգոր Մուրադեանի նման ենթադրեցինք, թէ ադրբէյջանա-թրքական հերթական կեղծիք է: Խնդիրը նրանում էր, որ ադրբէյջանական քարոզչական մեքենան, «որոշումից» տեղեակ լինելով (իհարկէ խեղաթուրելով խմբակցութեան «որոշումը»` այն ներկայացրել էր որպէս Բունդեսթագի որոշում եւ նոյն այդ պատճառով էլ չէինք գտնում Բունդեսթագի կայքէջում), արդէն հրատարակել էր որոշման առաջին տարբերակը, իսկ երկրորդ եւ վերջնական «որոշումը» «թափանցիկ» Գերմանիայում հրատարակւեց աւելի ուշ` երկու շաբաթ յետոյ: Այսուամենայնիւ չպէտք է այս գրաւոր դիրքորոշումը անտեսել, քանի որ CDU/CSU կուսակցութիւնները կազմում են ներկայիս իշխանութիւնը, եւ դա համարեայ գերմանական կառաւարութեան դիրքորոշումն է: Հարկաւ, մենք բողոքի նամակներ ենք ուղարկել այդ «խօսքի ազատութեան յառաջամարտիկների» հասցէներին, սակայն ժամանակի սղութեան պատճառով միշտ չէ, որ մեզ յաջողւում է թարգմանել եւ հասցնել այն հայ ընթերցողին, իսկ CDU/CSU-ի «գրաւոր որոշում»-ը գտնում ենք կարեւոր, որովհետեւ պարզւում է, եթէ Սարկոզին չընտրւի, Գերմանիան ակտիւանալու է Կովկասում, եւ այդ անդրադարձ է ունենալու Արցախեան հիմնահացի վրա: Թուրքերն ու ադրբէյջանցիները ունեն իրենց հեռու գնացող վաղեմի երազ-ծիրագիրը` պանթուրքիզմը, նրանք ունեն դրամական միջոց եւ վաղնջական բարեկամական կապեր Գերմանիայի հետ, Գերմանիան էլ իր հերթին շահագռգռուած է կասպիական գազի եւ նավթի պաշարներով: Ահա Մեր նամակը CDU/CSU-ին. §Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն/Քրիստոնեայ- սոցիալիստ միութիւն (CDU/CSU) կուսակցութիւնների Բունդեսթագի խմբակցութեան, արտաքին քաղաքականութեան խմբի նախագահ Պարոն Ֆիլիփ Միսֆելդերին Platz der Republik 1 11011 Berlin Email: Phillip. missfelder@bundestag.de CDU/CSU-Բունդեսթագի խմբակցութեան արտաքին քաղաքականութեան աշխատանքային խմբի դիրքորոշման փաստաթուղթը(գրաւոր դիրքորոշումը, որով պաշտօնապէս ներկայացուծ ենCDU/CSU-ի դիրքորոշումը) «20 տարուայհակամարտութիւն Արցախի առնչութեամբ: Նոր խթան հակամարտութեան խաղաղ լուծման համար» Շատ յարգելի Պարոն Միսֆելդեր, Ձեր դիրքորոշման փաստաթուղթը մեծ մտահոգութեամբ կարդացի եւ այն տպաւորութիւնը ստացայ, թէ հեղինակները արտայայտւում են մի երկրատարածքի մասին, որի անցեալին եւ ներկային անտեղեակ են, սակայն գրաւոր դիրքորոշում են ձեւակերպում` գործնական մատնանշումներով: Թոյլ տւէք նոյն այդ պատճառով մի կաճ բացատրութիւն: Պատմականօրէն, այսինքն` 20-րդ դարից առաջ, Հարաւ-Կովկասում եւ ընդհանրապէս Ադրբէյջան անունով պետութիւն գոյութիւն չի ունեցել: Ադրբէյջանը Պարսկաստանի նահանգն էր եւ է` Արաքս գետից հարաւ: Միայն 1918-ին այդ անվանումով ստեղծւեց մի պետութիւն Արաքսի յիւսիս-արեւելքում` Կովկասեան Աղուանքում, որպէս կեղծիք, բոլշւիկների եւ պանթուրքիստների համագործակցութեան արդիւնք: Մինչեւ անգամ Ազգերի լիգան չճանաչեց հայերի եւ պարսիկների հողային հաշւին մկրտաուծ այդ պետական կառոյցը: Պարսկաստանը բազմիցս է բողոքել այդ Հարաւ-Կովկասեան պետութեան «Ադրբէյջան» անուան դէմ: Հայոց Արցախը (թրքերէնով` Ղարաբաղ) եւ Նախիջեւանը (չունի Ադրբէյջանի հետ միասնական սահման)` հայերով բնակեցուած երկրատարածքները, ռուս-թրքական պարտադրեալ Մոսկւա (1920) եւ Կարս (1921) պայմանագրով դրւեցին Սովետական Ադրբէյջանի գերիշխանութեան տակ` հակառակ սովետռուսական եւ սովետադրբէյջանական նախկին խօստումներին, թէ Արցախն ու Նախիջեւանը որպես Խորհրդային Հայաստանի տարածքներ կմնան: Համեմատական կարգով հայերը կազմում էին Նախիջեւանի բոլոր ազգութիւնների 40%-ը` որպէս մեծամասնութիւն, մինչեւ որ 1920թ. բռնատեղահանւեցին, իսկ վերջին 4000-6000 հայերը 1988-ին: Յետսովետական ժամանակաշրջանում Ադրբէյջանը սկսեց նաեւ Նախիջեւանում հետեւողականօրէն ոչնչացնել հայոց յուշակոթողները` որպէս հայերի երբեմնի ներկայութեան վկայութիւն: Ամենաողբերգականը Ջուղա քաղաքի պատմական գերեզմանոցի ոչնչացումն էր, որտեղ ամենամեծ խաչքարերի եւ տապանաքարերի աննման հավաքածոն էր գտնւում. շուրջ 6000 օրինակներ, որոնք 1998-ին եւ 2005-ի դեկտեմբերին հետեւողական կարգով ջարդւեցին եւ ոչնչացւեցին: Հարթեցնելով այդ պաշտամունքի եւ մշակոյթային մեծ արժէք ներկայացնող տարածքը` վերածեցին այն բանակի վարժանքների հրապարակի, որտեղ շուրջ 32 մահացած հայ սերունդների ոսկորների վրայ հրաձգութեան փորձեր են կատարում: Արցախում բնակչութեան 90%-ը կազմում էին հայերը: Այս երկրատարածքի միայն մէկ երրորդը 1922-ին ստացաւ «ինքնաւար մարզի» ստատուս: Արցախի ինքնապաշտպանական բանակի կողմից ազատագրուած տարածքները միասնաբար կազմում են 12.07 քկմ, որը հաւասար է Ադրբէյջանի Հանրապետութեան տարածքի շուրջ մէկ տասերորդին եւ ոչ թէ, ինչպէս Ձեր գրաւոր դիրքորոշման մէջ սխալաբար պնդում էք, 20%-ին եւ կամ երկրի մէկ հինգերորդին: «Ինքնաւար մարզ»-ի հայ բնակչութիւնը 1988թ., սովետական 1977թ. Սահմանադրութեամբ եւ 1991թ. սեպտեմբերի 2-ի հանրաքւէով յայտարարել է իր անկախութիւնը: Այստեղ երկրորդական է, ինչպէս գրուած է Ձեր գրաւոր դիրքորոշման մէջ, «ոչ Գերմանիան, ոչ էլ ԵՄ... Արցախի 2010թ. Խորհրդարանական ընտրութիւնները չի ճանաչել»: Արցախի հայ ազգաբնակչութեան նպատակն էր առաջին հերթին Ադրբէյջանի լծից եւ խնամակալութիւնից փրկւելը: Այս միջոցին Արցախում մի սերունդ է աճել, որը Ադրբէյջանի լուծը բնաւ չի կրել եւ չի ճանաչում, անկարելի է նրան համոզել ենթարկւելու մի պետութեան, որի պաշտօնական սկզբունքներն են «ժողովրդաւարութիւնը», «թրքականութիւնը» եւ «իսլամը»: Քանի որ ինչ առնչւում է ժողովրդաւարութեան, նոյնիսկ յետսովետական, դեմոկրատիային ոչ այնքան սովոր քաղաքացիներն էլ գտնում են, հայր ու որդի Ալիեւական «նախագահական-դինաստիա»-ն անպատեհութիւն: Այս «նախագահական դեմոկրատիայում» ընդդիմախօսները կամ իրենց վերագտել են բանտերում եւ կամ փախել երկրից: Ազատազրկուած ժուռնալիստների քանակով Ադրբէյջանը գտնւում է աշխարհի երկրորդ հորիզոնականում` Թուրքիայից յետոյ: Երկրի էթնիկ փոքրամասնութիւնները (որքան դեռ մնացել են) ճնշուած են, իրենց ղեկաւարներն էլ` քննադատ ժուռնալիստների նման ձերբակալուած: Իսկ ինչ վերաբերում է թրքականութեանը, ապա հայ ժողովուրդը «ճաշակել» է այն 1915-ի, 1920-ի դժոխային տարիներին եւ վերջապէս 1988-1990թթ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքւում եւ այլուր: Իսկ թրքական իսլամի մասին խօսելը, որը ծառայում է միայն թրքական ազգայնամոլութեանը, լրիւ աւելորդ է: Իմ վրդովմունքը բխում է այն իրականութիւնից, որ Ձեր փաստաթղթում առանց քաշւելու արտացոլուած է գերմանական երկու մեծ կուսակցութիւնների վարքագիծը` առաջնորդուած միայն էներգետիկ քաղաքականութեամբ` փոխարէն մարդու իրաւունքների հիմնական սկզբունքների: Ինքն իրեն քրիստոնեայ կոչող կուսակցութիւնը չպիտի իր արտաքին քաղաքականութեան գործելաոճում առաջնահերթութիւն տայ սեփական տնտեսական շահերին, «գազամատակարարմանը, խողովակաշարերի ծրագրումների վերարդիականացմանն ու երկարաժամկէտ ապահովմանը», այլ աւելի շատ խորհի արեւելեան քրիսնոնեայ հանրապետութեան ապահովութեան մասին, որի տարածքը համապատասխանում է Բրանդենբուրգի երկրատարածքին: «Մինսկի խումբ»-ը այս 18 տարիների ընթացքում հասել է առնւազն այն արդիւնքին, որ Ադրբէյջանը յաւելեալ յարձակումներ չի ձեռնարկել Արցախի դէմ: Այսօր արդէն այդ յանձնախմբի անդամների կազմը բաւարար չափով հաւասարակշռուած չէ եւ մտահոգութեան տեղիք է տալիս այն առումով, որ 1997-ից այս կողմ Արցախը զրկուած է բանակցութիւններին մասնակցութեան իրաւունքից եւ Հայաստանը մենակ է Թուրքիայի եւ Ադրբէյջանի դիմաց: Ապահովութիւնը տուժելու է, որովհետեւ Դուք առաջարկում էք Ֆրանսիայի փոխարէն ԵՄ-ի մասնակցութիւնը եւ այսպիսով թոյլացնում էք Հայաստանի եւ հայոց շահերը Մինսկի խմբում: Այսուամենայնիւ, փաստաթղթի 7-րդ կէտը ամենաքննադատականն է, որտեղ պահանջւում է Թուրքիայի միջամտութիւնը Արցախի հակամարտութեան լուծման հարցում: Թուրքիան (ի միջիայլոց, այն ժամանակուայ Գերմանիայի զինեղբայրը) շարունակ ունեցել է ողբերգական դեր հայ ժողովրդի կեանքում, դրանց թվում` Ցեղասպանութեան իրագործումը (Գերմանիան ցայսօր էլ չի ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը): Թուրքիայի բոլոր կառավարութիւնները` քեմալական նացիոնալիստները կամ «չափաւոր» իսլամական AKP-ն, հրաժարւում են յանձնառու լինել պատմական պատասխանատւութեանը, որը նշանակում է վիճարկում, եւ ժխտում են Օսմանեան սուլթանութեան աւելի, քան երեք միլիոն քրիստոնեայ քաղաքացիների ցեղասպանութիւնը 1912-1922թ.թ.: Հայերի, արամէալեզու քրիստոնեաների/ասորիների, ինչպէս նաեւ Փոքր Ասիայի եւ Թրակիայի հոյների բռնագաղթ ու բռնի կերպով քաղաքացիութիւնից զրկում եւ հետեւողական եղանակով մշակոյթային յուշակոթողների կործանում. այս բոլորը բաղկացուցիչ մասն են Թուրքիայի ցեղասպանական քաղաքականութեան: 1993-ից ի վեր Թուրքիան մասնակցում է ինչպես Ադրբէյջանի (1989) կողմից Հայաստանի եւ Արցախի շրջափակմանը` ընդդէմ ժողովուրդների իրաւունքների, նոյնպէս էլ Հայաստանի անկախացումից առ այսօր մերժում է դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը: Արցախը զէնքով հպատակեցնելու Ադրբէյջանի փորձին Թուրքիան մասնակցել է 1992-1994թ.թ. 2000 կամաւոր արհեստաւարժ բանակայիններով (պաշտօնապէս` թոշակի անցածներ), ինչպէս նաեւ զէնքով եւ զինամթերքով (որոնց ես անձամբ 1991թ.-ի վերջերից առ այսօր իմ 49-ը ուղեւորութիւնների ընթացքում, Բարոնես Քոքսի գլխաւորութեամբ, ականատես եմ եղել եւ լուսանկարել եմ): Թուրքիան թէ՛ կրկնացեղասպան է եւ թէ՛ սերիալ ցեղասպան, քանի որ նա իր քրիստոնեայ քաղաքացիներին ցեղասպանութիւնով 20%-ից (1915թ.) նւազեցրել եւ ներկայում դարձրել է 1%-ից էլ պակաս: 1937/1938թ.-ին նոյն եղանակով իրականացրել է տերսիմցիների զանգուածային կոտորածները եւ բռնատեղահանումները, ինչպէս նաեւ 1920թ.-ից առ այսօր նոյն ցեղասպան քաղաքականութիւնը վարում է քրդերի նկատմամբ: Կիպրոսում ժողովուրդների իրաւունքին հակառակ բռնագրաւել է երկրի 39%-ը, յարատեւ յարձակւում է յիւսիսայի Իրաքի վրա եւ սպսռնում Սուրիային ու Յունաստանին: Եվ հէնց մի այսպիսի պետութի՞ւն պէտք է առաջարկէք մեզ` որպէս միջնորդ եւ խաղաղութիւն հաստատող: Նկատի առնելով իրական սպառնալիքը, որին ենթակայ են հայերը Թուրքիայում, Հայաստանում եւ այլուր, ինքնըստինքեան հասկանալի է, որ Հայաստանի բնակչութեան մեծամասնութիւնը ռուսական բանակի ներկայութիւնը ընկալում է` որպէս անվտանգութեան երաշխիք: Պատմական փորձից գիտեն հայերը, որ ռուսները ուզում են իշխել Հայասանում, սակայն թուրքերը ցանկանում են բնաջնջել հայերին: Եվ այնքան ժամանակ, որքան Արեւմուտքը չի ցանկանում եւ կամ ի վիճակի չէ հայերի գոյութիւնը պահպանել, ռուսական բանակի ներկայութիւնը ողջունելի է: Ռուսական բանակի ներկայութիւնը Հայաստանում վերացնելը եւ թուրքերի դերը Արցախեան հակամարտութեան հարցում զօրացնելը գտնում եմ ոչ թէ նպատակահարմար, այլ յոյժ վտանգաւոր: Իմ հայրենակիցների մեծ մասը Ձեր կողմնորոշմանը ըմբռնողաբար չի մոտենալու եւ ընկալելու է` որպէս միջամտութիւն Հայաստանի ներքին գործերին: Գուցէ ավելի լավ լինէր CDU/CSU-ի Բունդեսթագի խմբակցութիւնը խորհեր` ինչպէ՞ս լուծարքի ենթարկէր ԱՄՆ-ի ռազմաբազաները Գերմանիայում, քանի որ, ինչպէս բոլորին յայտնի է, Գերմանիան, ի տարբերութիւն Հայաստանի եւ Լեռնային Արցախի Հանրապետութեանը, իր հարեւանների կողմից չի ենթարկւում սպառնանքի: Բարի ողջոյններով` դոկտ. Ժիրայր Քոչարեան»
  -   Յօդուածներ