Շէյխայ Ֆարիհայ ալ-ահմադ ալ-ջաբեր Ալ Սաբահ. Քոււեյթի պատմութեան օրհասական պահերին հայերը միշտ եղել են Քոււեյթի կողքին


Շէյխայ Ֆարիհայ ալ-ահմադ ալ-ջաբեր Ալ Սաբահ. Քոււեյթի պատմութեան օրհասական պահերին հայերը միշտ եղել են Քոււեյթի կողքին

  • 02-04-2012 10:53:28   |   |  Հասարակութիւն

Քոււեյթում ՀՀ դեսպանութեան եւ քոււեյթահայ համայնքի ազգային կառոյցների համագործակցութեան շրջանակում մարտի 29-ին Քոււեյթի Ս. Վարդանանց եկեղեցի այցելեց Քոււեյթի «Օրինակելի մայր»հիմնադրամի նախագահ շէյխայ Ֆարիհայ ալ-ահմադ ալ-ջաբեր Ալ Սաբահը: Եկեղեցու բակում մեկնարկեց շէյխայ Ֆարիհայի պաշտօնական ընդունելութիւնը: Ողջոյնի խօսքով հանդէս եկան Քոււեյթի եւ Ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ Տէր Շահէ Եպիսկոպոս Փանոսեանն ու ազգային կառոյցների այլ ներկայացուցիչներ` ընդգծելով շէյխայ Ֆարիհայի այցի պատմական բնոյթն ու բացառիկ նշանակութիւնը ինչպէս քոււեյթահայ համայնքի կեանքում, այնպէս էլ հայ-քոււեյթեան միջպետական յարաբերութիւնների յետագայ զարգացման եւ խորացման ոլորտներում: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, այնուհետեւ տեղի ունեցաւ հայ եւ քոււեյթցի ժողովուրդների բարեկամութեան ամրապնդմանը նուիրուած պատարագը: Արարողութիւնից յետոյ կայացած կարճատեւ զրոյցի ընթացքում շէյխայ Ֆարիհան խօսեց Քոււեյթի կառուցման եւ բարգաւաճման գործում հայ համայնքի ունեցած մեծ դերի եւ նշանակութեան մասին: Նա բարձր գնահատեց հայերի նուիրուածութիւնն ու հաւատարմութիւնը Քոււեյթի կառավարութեանն ու ժողովրդին, նշելով, որ Քոււեյթի պատմութեան օրհասական պահերին հայերը միշտ եղել են Քոււեյթի կողքին: Նոյն օրը երեկոյեան շէյխայ Ֆարիհայի պատուին հայ համայնքի անունից տրուեց ընթրիք, որին ներկայ էին համայնքային բոլոր կառոյցների ներկայացուցիչները: Ելոյթով հանդէս եկաւ նաեւ Քոււեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլեանը: Շէյխայ Ֆարիհայի այցը որակելով որպէս պատմական եւ աննախադէպ հայ-քոււեյթեան համագործակցութեան պատմութեան մէջ, դեսպան Չարչօղլեանն ասաց, որ հետեւողական աշխատանքներ են տարւում մօտ ապագայում շէյխայ Ֆարիհայի պաշտօնական այցը Հայաստանի Հանրապետութիւն կազմակերպելու ուղղութեամբ, ինչը նոր հիմքերի վրայ կը դնի Հայաստանի եւ Քոււեյթի միջեւ միջպետական յարաբերութիւնների զարգացման յետագայ ընթացքը: շէյխայ Ֆարիհայ ալ-Ահմադ ալ-ջաբեր Ալ Սաբահի հանդիպումը հայ համայնքի հետ լայնօրէն լուսաբանուել է Քոււեյթի հեռուստատեսութեամբ եւ տեղական լրատուամիջոցներում:
  -   Հասարակութիւն