Ֆրանսիայում տեղի է ունեցել մամուլի ասուլիս ֆրանսիացի պատգամաւորների ԼՂՀ այցի մասին զեկոյցի շուրջ


Ֆրանսիայում տեղի է ունեցել մամուլի ասուլիս ֆրանսիացի պատգամաւորների ԼՂՀ այցի մասին զեկոյցի շուրջ

  • 30-09-2010 21:20:53   |   |  Քաղաքական
Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կազմակերպուել է մամուլի ասուլիս յունիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն ֆրանսիացի պատգամաւորների այցի մասին զեկոյցի շուրջ: Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցչութեան հաղորդագրութեան համաձայն զեկոյցի հեղինակն է Լուարի դէպարտամենտից ընտրուած պատգամաւոր եւ Ֆրանսիա-հայաստան բարեկամութեան խորհրդարանական խմբի նախագահ Ֆրանսուայ Ռոշբլուանը: Արցախ այցելած խորհրդարանականներից մամուլի ասուլիսին մասնակցել են նաեւ Պասկալ Կրոզոնը եւ Ռենէ Ռուքեն: Ֆրանսուայ Ռոշբլուանը ներկայացրել է ֆրանսիացի պատգամաւորների այցի նպատակը` շնորհակալութիւն յայտնելով ԼՂՀ ղեկավարութեանը այցի կազմակերպման եւ ցուցաբերած ջերմ ընդունելութեան համար: Պատգամաւորը նշել է այցի օգտակարութիւնը: << Պատուիրակութիւնը իր աչքով է տեսել, թէ ինչպէս է ղարաբաղի ժողովուրդը կառուցում իր ժողովրդավարական ինստիտուտներն ու քաղաքացիական հասարակութիւնը>>,- ասել է Ռոշբլուանը, նշելով, որ ֆրանսիացի խորհրդարանականները ներկայ են եղել ԼՂՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստին: Պատգամաւորի խօսքերով, Լեռնային Ղարաբաղին այսօր յուզող հիմնական հարցը Ղարաբաղի ժողովրդի անկախութեան միջազգային ճանաչումն է: Մամուլի ասուլիսի ժամանակ բարձրացուել է նաեւ Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացում Ֆրանսիայի եւ ֆրանսիական խորհրդարանի դերի հարցը:
  -   Քաղաքական