Ծաղկեպսակի մատուցման արարողութիւն`Հայոց ցեղասպանութեան զոհերին նուիրուած խաչքար-կոթողին


Ծաղկեպսակի մատուցման արարողութիւն`Հայոց ցեղասպանութեան զոհերին նուիրուած խաչքար-կոթողին

  • 05-04-2012 11:10:00   |   |  Մամլո հաղորդագրություն
Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլոյ քարտուղարութիւնից յայտնում են, որ ապրիլի 4-ին Բրատիսլաւայում տեղի ունեցաւ ծաղկեպսակի մատուցման արարողութիւն Հայոց ցեղասպանութեան զոհերին նուիրուած խաչքար-կոթողին, որը տեղաւորուած է Բրատիսլաւայի կենտրոնում: Ծաղկեպսակներ մատուցուեցին Սլովակիայի Գերագոյն Դատարանի նախագահ Շտեֆան Յարաբինի, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Յարութիւնեանի, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումեանի, Եհմֆ-ի նախագահ Աշոտ Գրիգորեանի եւ այլոց կողմից: Իր ելոյթի խօսքում ԳԴ նախագահ Շտեֆան Յարաբինը յայտարարեց, որ նա խիստ կարեւորում է Սլովակիայի կառավարութեան ու պառլամենտի կողմից ընդունուած <<Հայոց ցեղասպանութեան մերժումը քրէականացնող օրէնքի>> գոյութիւնը եւ կրկին յայտարարեց, որ ցանկացած կարգի թուրք պաշտօնեայ /ինչպէս եւ ցանկացած այլ անձ/ եթէ համարձակուի Սլովակիայի տարածքում հերքել Հայոց ցեղասպանութեան փաստն, անմիջապէս մինչեւ 5 տարուայ ազատազրկման կ'արժանանայ: Պարոն Յարաբինը նշեց, որ ինքը պատրաստ է օգնելու ֆրանսիացի գործընկերներին ազատ խօսքի իրաւունքը եւ մարդկութեան դէմ կատարուած ոճիրը պատժելու անհրաժեշտութիւնը միմեանց հետ չհակադրելու հարցում: Ելոյթ ունեցաւ նաեւ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Յարութիւնեանը, որը հակիրճ անդրադարձաւ Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի ընդունուած որոշման բացառիկ ոչ արհեստավարժ ձեւակերպուած դրոյթներին: Նա իր խորին շնորհակալութիւնը յայտնեց Սլովակիաի պետութեանը, սլովակ ժողովրդին եւ անձամբ պարոն Շտեֆան Յարաբինին` ԵՄ-ում առաջինը ցեղասպանութիւնների մերժումը քրէականացնող օրէնքի ընդունման համար: Պարոն Յարութիւնեանը յայտարարեց, որ ՀՀ ՍԴ-ը համագործակցելու է սլովակ իրաւաբանների հետ, պարոն Յարաբինի գլխաւորութեամբ, ԵՄ միւս երկրներին ցեղասպանութիւնների մերժումը քրէականացնող օրէնքի ընդունման անհրաժեշտութիւնը ներկայացնելու գործում: Նա եւս հաստատեց, որ այսպիսի օրէնքը ոչ թէ հակասում է մարդու իրաւունքներին եւ առաւել եւս ազատ խօսքի իրաւունքին, այլ ճիշտ հակառակը ելնում է մարդու իրաւունքների պաշտպանութեան սկզբունքից: Վերջում ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Աշոտ Գրիգորեանը շնորհակալութիւն յայտնեց ներկաներին` նշելով Սլովակիաի Ազգային Խորհրդի կողմից ընդունուած Հայոց ցեղասպանութիւնը հաստատող բանաձեւի` 2004թ-ի նոյեմբերին, եւ <<Հայոց ցեղասպանութեան մերժումը քրէականացնող օրէնքի>>, որը գործում է 2009թ-ի սեպտեմբերի մէկից, խիստ կարեւորութիւնը ողջ մարդկութեան եւ յատկապէս Սլովակիայի ժողովրդի համար: Ըստ Գրիգորեանի Սլովակիան այս երկու ակտերով յայտնուել է քաղաքակիրթ Եւրոպայի գլխամասում, եւ փայլուն օրինակ է հանդիսանում քրիստոնէական քաղաքակրթութեամբ հետաքրքրուած ու հոգեւոր մշակոյթը պահպանող երկրների համար: 05.04.2012թ.
  -   Մամլո հաղորդագրություն