Կոչ հասարակական համերաշխութեան


Կոչ հասարակական համերաշխութեան

  • 12-04-2012 13:39:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 20-ի` ժամը 17:00-ին, «նարեկացիէ արուեստի միութիւնը նախաձեռնել է «Ձեռք ձեռքի` հաշմանդամների հետ» բարեգործական մեծ միջոցառում, որի շրջանակներում նախատեսուած է հաշմանդամութիւն ունեցող երաժիշտ կատարողների ելոյթներից կազմուած հոգեւոր, դասական եւ ժողովրդական երաժշտութեան համերգ, ինչպէս նաեւ տեսողական արուետներում ստեղծագործող արուեստագէտների աշխատանքներից կազմուած քանդակի եւ գեղանկարի ցուցահանդէս: Ի նշան համակրանքի, միջոցառմանը մասնակցութեան ցանկութիւն է յայտնել հայաստանում Ամերիկայի Միացեալ Նահանգների արտակարգ եւ լիազօր դեսպան Նորին Գերազանցութիւն Ջոն Ա. Հեֆերնը: Իւրօրինակ այս միջոցառմամբ միութիւնը նպատակ է հետապնդում հաւաստել հանրութեանը, որ միայն պարտ ու պատշաճ փոխըմբռնմամբ մեր հասարակութիւնը կարող է հասնել այնպիսի համակեցութեան, որտեղ անձնական հանգամանքների բերումով ստեղծուած սահմանափակումները չեն խոչընդոտի եւ ոչ մէկի հանրային ներգրաւուածութեանը, ուր պաշտպանուած կը լինի բազմազանութեան արժէքն ու բացառուած` անձնական տարբերութիւնների վրայ խարսխուած խտրականութիւնը: Այսպէս, միջոցառման օրը <<Նարեկացի>> արուեստի միութիւնը մէկ անուասայլակ եւ մէկ քայլակ է նուիրելու ողնաշարային վնասուածքով տառապող հաշմանդամ երկու արուեստագէտի, իսկ գործարար Անդրանիկ Պօղոսեանը նուիրաբերել է էլեկտրական անուասայլակ, որը կը տրամադրուի տաղանդաւոր, բայց, ցաւօք, ողնաշարային լուրջ հիւանդութեամբ տառապող երիտասարդ նկարչուհի Մոնիկայ Սահակեանին, ում առօրեայ եւ ստեղծագործական կեանքում առկայ լրջագոյն սահմանափակումները զգալիօրէն կը մեղմուեն նորօրինակ այս սարքի ընձեռած տեխնիկական հնարաւորութիւնների շնորհիւ: Միջոցառման ժամանակ հաճելի անակնկալ է սպասւում նաեւ հաշմանդամութիւն ունեցող երգիչ-կատարողներից կազմուած <<Փարոս>> երգչախմբին եւ կուրութիւն ունեցող դաշնակահար Լեւոն Կարապետեանին: <<Ձեռք ձեռքի` հաշմանդամների հետ>> ձեռնարկը բաց հարթակ է, որին կարող է միանալ հաշմանդամութիւն ունեցող անձանց բարօրութեանն ու լիարժէք կեանքին սրտցաւ, նրանց թեւակցելու պատրաստակամ ցանկացած ոք` նուիրաբերելով անուասայլակ, քայլակ կամ անհրաժեշտ այլ պարագայ, որն այդ օրը նախատեսուած համերգ-ցուցահանդէսի ժամանակ հանրօրէն կը նուիրուի բոլորիս նիւթական եւ բարոյական աջակցութեանը կարօտ հաշմանդամութիւն ունեցող որեւէ մի արուեստագէտի: Համերգային բաժնում ելոյթներով հանդէս կը գան Նարեկացի ժողնուագարանների համոյթը, հաշմանդամութիւն ունեցող կատարողների <<Փարոս>> երգչախումբը, դաշնակահար Լեւոն Կարապետեանը, վոկալիստներ Ծովինար Պողոսէանը եւ Ալեքսանդր Ժուկովը` դաշնակահար Արթուր Յարութիւնեանի նուագակցութեամբ: Քանդակի եւ գեղանկարի ցուցադրութեան առանցքը կը կազմեն գործարար անդրանիկ Պողոսէանի գեղարուեստական քանդակները, ով, ինչպէս վերը նշուեց, միջոցառման կապակցութեամբ էլեկտրական անուասայլակ է նուիրաբերել նկարչուհի Մոնիկայ Սահակեանին: Ցուցահանդէսին նաեւ ներկայացուելու են հաշմանդամութեան խնդրով զբաղուող <<Յոյսի կամուրջ>>, <<Փրկութիւն>>, <<Ծիլ բուսաց>>, <<Շող>> կազմակերպութիւններում, ինչպէս նաեւ Լէդի Քոկսի անուան վերականգնողական կենտրոնում ներգրաւուած հաշմանդամութիւն ունեցող երիտասարդ եւ տարէց նկարիչների գեղարուեստական աշխատանքներ: Լինելով հաշմանդամութեամբ անձանց ազատ տեղաշարժման համար անհրաժեշտ պայմաններով (վերելակ, թեքահարթակ, սանհանգոյց) յագեցած արուեստի միակ հաստատութիւնը Երեւանում` <<Նարեկացի>> արուեստի միութիւնը մշակել է հաշմանդամութեան խնդրին առնչուող յատուկ ռազմավարութիւն եւ ծրագրային փաթեթ, որի շրջանակներում արդէն քանի տարի է անխոնջ ջանքեր է գործադրում արմատախիլ անելու հաշմանդամութեան խտրականութիւնը մեզանում, գոնէ արուեստի ոլորտում: Կազմակերպելով տարեկան առնուազն 20 համերգ եւ ցուցահանդէս հաշմանդամ արուեստագէտների մասնակցութեամբ, աշխատանք տրամադրելով հաշմանդամութիւն ունեցող անձանց, ինչպէս նաեւ սերտ համագործակցելով <<Սկարպ>>, <<Փիլատելփիա>>, <<Փարոս>>, <<Յոյսի կամուրջ>>, <<ՈՒՆԻՍՈՆ>> եւ հաշմանդամութեան խնդրով զբաղուող հասարակական այլ կազմակերպութիւնների եւ կենտրոնների հետ, Նարեկացի արուեստի միութիւնը նպատակ ունի նպաստել հասարակական այս խոցելի խմբի հանրային ինտէգրմանը, նրանց արժանապատիւ ու լիարքէք կեանքի կայացմանը, հաւասարութեան նրանց անօտարելի իրաւունքի ամրապնդմանը: Միութեան այս ջանքերը բարձր է գնահատել նաեւ ՀՀ կառավարութիւնը` 2010թ. Միութեանը շնորհելով <<Վարչապետի յուշամեդալ>>` հաշմանդամութիւն ունեցող անձանց հասարակական ներգրաւման գործում ունեցած աւանդի համար: Իսկ Բարոնուհի Քարոլայն Քոկսը, բարձր գնահատելով Միութեան ջանքերը, մի առիթով նշել է. <<Հայաստանը դեռ անելիքներ ունի հաշմանդամութիւն ունեցող անձանց թեւակցելու հարցում: Իսկ դուք օրինակ էք ծառայում` ընձեռնելով հնարաւորութիւն հաշմանդամութեամբ անձանց, որ նրանք էլ ներզգան սեփական ներուժն ու նրանք էլ վայելեն արուեստով զբաղուելու ստեղծագործական բերկրանքը: …. Միայն հիացած եմ, միայն գնահատում եմ>>: <<Ձեռք ձեռքի` հաշմանդամների հետ>> գալահանդէսի համերգային բաժնի մուտքը հրաւիրատոմսերով է, իսկ ցուցահանդէսինը` ազատ: Այն բաց կը լինի մինչեւ ապրիլի 30-ը: Կոչ հասարակական համերաշխութեան Համերգային բաժին Նարեկացի ժողնուագարանների համոյթ Փարոս երգչախումբ Լեւոն Կարապետեան - դաշնամուր Ծովինար Պողոսէան – վոկալ Ալեքսանդր Ժուկով - վոկալ Նուագակցող` Արթուր Յարութիւնեան – դաշնամուր Ցուցահանդէս Հաշմանդամութիւն ունեցող արուեստագէտների աշխատանքների Անդրանիկ Պողոսէան – քանդակ Յոյսի կամուրջ ՀԿ <<Փրկութիւն>> Հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոն <<Ծիլ Բուսաց>> Ներդաշնակ զարգացման կենտրոն Յատուկ կարիքներով մարդկանց աջակցման <<Շող>> ստեղծագործական կենտրոն Լէդի Քոկսի անուան վերականգնողական կենտրոն
  -   Մամլո հաղորդագրություն