Էդվարդ Շարմազանով. «Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան նոր որակ հաղորդեց հայ-ռուսական յարաբերութիւններին»<br />


Էդվարդ Շարմազանով. «Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան նոր որակ հաղորդեց հայ-ռուսական յարաբերութիւններին»

  • 14-09-2010 20:12:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի նախագահի պետական այցը Հայաստան ամրապնդեց եւ դրական առումով նոր որակ հաղորդեց հայ-ռուսական ռազմաքաղաքական եւ ռազմատնտեական յարաբերութիւններին: ՀՀ Ազգային Ժողովի սեպտեմբերի 14-ի յայտարարութիւնների ժամին նման գնահատական հնչեցրեց «ՀՀԿ» խմբակցութեան քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Հանրապետական կուսակցութիւնը որպէս ազգային պահպանողական կուսակցութիւն մեծ տեղ է յատկացնում ազգային անվտանգութեան ամրապնդմանը, եւ գաղտնիք չէ, որ այդ առումով հայ-ռուսական ռազմական համագործակցութիւնը մեր երկրի անվտանգութեան բաղադրիչներից է: Դրա վառ օրինակն է Ռուսաստանի նախագահի այն միտքը, որ եթէ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ ագրեսիա իրականացուի, ապա Ռուսաստանն ամբողջ ծաւալով կեանքի կկոչի իր դաշնակցային պարտաւորութիւնները: Այլ կերպ ասած` հնարաւոր պատերազմի դէպքում Ադրբեջանը գործ կունենայ նաեւ Ռուսաստանի հետ»,- յայտարարեց հանրապետական պատգամաւորը: Ըստ Է.Շարմազանովի, այն, որ Ռուսաստանը եւ Արեւմուտքը դրական են գնահատում Սերժ Սարգսեյանի իրականացրած արտաքին քաղաքական նախաձեռնութիւնները, յստակ երեւում է ադրբեջանցի պաշտօնեայ Նովրուզ Մամեդովի յայտարարութիւններից, որը բողոքում է, որ թէ' Ռուսաստանը, թէ' Արեւմուտքը ղարաբաղեան հարցում պաշտպանում են Հայաստանի դիրքորոշումը: Սա, Է.Շարմազանովի խօսքերով, նշանակում է, որ պաշտօնական Բաքուն ընդունում է իր ֆիասկոն: Ըստ նրա, անելանելի վիճակից դրդված Ադրբեջանը փորձեց իրականացնել դիվերսիաներ եւ քաղաքական ավանտյուրա` ղարաբաղեան խնդիրը տեղափոխելով ՄԱԿ-ի նստաշրջան, սակայն «Հայաստանի իշխանութիւնների ճկուն եւ կոշտ քաղաքականութեան, ինչպէս նաեւ համանախագահ երկրների եւ միջազգային հանրութեան ճնշման ներքոյ ստիպուած եղավ յետ կանչել նախագիծը: Իշխող կուսակցութեան խմբակցութեան քարտուղարը յայտարարեց նաեւ, որ Հայաստանի իշխանութիւնները «կշարունակեն արցախեան խնդրում հայանպաստ կարծիքի հասնելու քաղաքականութիւնը, իսկ դա Արցախի հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչումն է»:
  -   Քաղաքական