Գնահատման երեկո` նուիրուած Իրանի Հայ արհեստավորների 5-րդ ցուցահանդեսին


Գնահատման երեկո` նուիրուած Իրանի Հայ արհեստավորների 5-րդ ցուցահանդեսին

  • 17-04-2012 14:59:01   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Իրանի Հայ արհեստաւորների միութեան նախաձեռնութեամբ երէկ երեկոյեան միութեան կենտրոնատեղիի «Արամ Մանուկեան» սրահում գնահատւեցին նոյն միութեան անցեալ փետրւարին Իսլ. յեղափոխութեան 33-րդ տարեդարձի առիթով կազմակերպած 5-րդ ցուցահանդէսին մասնակցած հայկական ընկերութիւնները: Միջոցառմանը ներկայ էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլ. խորհրդարանի հիւս. իրանահայութեան նորընտիր պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, հիւս. իրանահայութեան անցեալ շրջանների պատգամաւոր ճրտգ. Վարդան Վարդանեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները: Ձեռնարկը բացւած յայտարարեց ծրագրի հաղորդավար Վարդան Դաւթեանը՝ նշելով, որ այն խորհրդանշական կերպով նւիրւում է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին եւ բեմ հրաւիրեց Իրանի Հայ արհեստաւորների միութեան վարչութեան նախագահ Հայրիկ Աւետեանին, որն իր խօսքում բացատրեց միութեան նպատակները՝ ի մի հաւաքել իրանահայ արհեստաւորներին եւ պետական շրջանակներում ներկայացնել հայ արհեստաւորների ներդրումները, նպաստել երկրի ճարտարարւեստի վերելքին եւ կապ հաստատել Հայաստանի ու Արցախի արհեստաւորների հետ: Այնուհետեւ Անդրանիկ Ծառուկեանի «Յիշո՞ւմ ես» պոէմի ասմունքով հանդէս եկաւ Հ. Մ. «Սիփան» միութեան «Նոր դար» ասմունքի խումբը՝ ղեկավարութեամբ Անժէլ Մինասեանի, որից յետոյ իր արտայայտութիւններն ունեցաւ ճրտգ. Վարդան Վարդանեանը, որը ողջունելով Իրանի Հայ արհեստաւորների միութեան գործունէութիւնը՝ յիշողութիւնների կարգով ներկայացրեց երկրի պետական շրջանակների դրական անդրադարձները՝ Իրանի ճարտարարւեստի մարզում իրանահայ արհեստաւորների ներդրումներին: Ծրագրի յաջորդ բաժնում ցուցադրւեց սոյն թւականի փետրւարին միութեան կազմակերպած 5-րդ ցուցահանդէսի անցուդարձերը պատկերող տեսաժապաւէնը: Ապա «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելքիեանը «Ալիք»-ի 80-ամեակի առիթով հրատարակւած գրքից մի օրինակ յանձնեց միութեան նախագահ Հայրիկ Աւետեանին եւ իր խօսքում արտայայտւեց «Ալիք»-Իրանի Հայ արհեստաւորների միութիւն կապի մասին՝ որպէս իրար լրացուցիչ գործօններ: Այնուհետեւ Սրբազան Հօր եւ միութեան նախագահի ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին միութեան 5-րդ ցուցահանդէսին մասնակցած ընկերութիւնների ներկայացուցիչներին, որից յետոյ Սրբազան Հայրն արտայայտեց իր օրհնութեան եւ եզրափակիչ խօսքը: Նա գնահատելով Իրանի Հայ արհեստաւորների միութեան արդիւնաւէտ գործունէութիւնը՝ շեշտեց, որ ոչ միայն հայ արհեստաւորն է իր ձեռքի ու մտքի ստեղծագործութիւններով իր կնիքը դրոշմել Իրանի ճարտարարւեստի արդիւնաբերութիւնների մարզում, այլ իրանահայերը երկրում խոշոր ներդրումներ են ունեցել այլ բնագաւառներում եւս, ինչպէս՝ բժշկութիւն, ճարտարապետութիւն, ոսկերչութիւն, հրատարակչական աշխատանքներ եւ այլն, որոնց բոլորի մէջ հայի առանձնայատուկ շունչն են դրել: Ձեռնարկն աւարտւեց ընդունելութեամբ: «ԱԼԻՔ»
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը