17-04-2012 15:07:18 | | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Զրոյց՝ Թ. Հ. Թ. Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցի յանձնախմբի ատենապետի հետ:
Ապրիլի 24-ի քայլարշաւի համար դիմել ենք պետական շրջանակներին:
Կրկին ապրիլ է Հայաշխարհում, ամիս, որի ընթացքում ամենուր կազմակերպւում են միջոցառումներ, բողոքի եւ պահանջատիրութեան երթեր ու հաւաքներ:
Ինչպէս միշտ, այս տարի եւս թեհրանահայ համայնքում, նախաձեռնութեամբ Թեհրանի Հայոց Թեմական խորհրդի, կեանքի է կոչւել յանձնախումբ, որի ատենապետն է Սուրիկ Աբնուսեանը: Յանձնախմբի աշխատանքների մասին հարցազրոյց ենք ունեցել նրա հետ:
Հ.- Որպէս Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցի յանձնախմբի ատենապետ՝ ի՞նչ կասէք տարւած աշխատանքների մասին եւ ի՞նչ բնաբանով է յատկանշւում այս տարւայ ամեակը:
Պ.- Խօսքս պիտի սկսեմ այս տարւայ բնաբանից: Թէ՛ Հայ Դատի յանձնախմբերի կողմից, եւ թէ՛ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան յղած հաղորդագրութեան, այս տարի բնաբան է նշանակւել՝ «Ճանաչումից հատուցում»: Այս հիմամբ՝ փորձում ենք ճանաչման հանգրւանից անցնել դէպի առաջ եւ պահանջատիրութիւնը դնել հատուցման կարգավիճակին: Նոյն բնաբանով ենք առաջնորդւելու պոստերներում, թռուցիկներում եւ յայտարարութիւններում:
Այս տարի եւս ապրիլի 23-ին, ընկալեալ սովորութեան համաձայն, ունենալու ենք ծաղիկների մատուցում, թէ՛ աշակերտութեան, եւ թէ՛ ժողովրդի միջոցով, ունենալու ենք նաեւ երիտասարդական համահաւաք: Վստահ ենք, որ, ինչպէս միշտ, ժողովուրդը խուռներամ մասնակցութիւն է ունենալու ծրագրերին:
Այս տարի նաեւ դիմել ենք պետական պատկան մարմիններին, որպէսզի Ապրիլի 24-ին ունենանք ժողովրդական քայլարշաւ, քանի որ ժողովրդական քայլարշաւը կարեւոր ազդեցութիւն ունի թէ՛ ներքին՝ ներհամայնքային առումով, ապացուցելով միասնականութիւն, առաջացնելով աշխուժութիւն, եւ թէ՛ լաւ ազդեցութիւն ունի քարոզչական ոլորտում՝ արտաքին ճակատի վրայ, քանի որ մեր իրանցի հայրենակիցները եւս ծանօթանում են Հայոց Ցեղասպանութեան իրողութեանը եւ հայ ժողովրդի պահանջատիրութեանը:
Հ.- Այսքանը ապրիլի 23-ի եւ 24-ի ծրագրերի կապակցութեամբ. արդեօք միութիւնները ունենալո՞ւ են ծրագրեր:
Պ.- Պիտի տեղեկացնեմ, որ անցեալ հինգշաբթի, ապրիլի 12-ին հանդիպում ենք ունեցել միութիւնների ներկայացուցիչների հետ եւ կատարելիք ծրագրերի մասին խօսել ու խորհրդակցել:
Ոչ-հայ հայրենակիցների համար իւրաքանչիւր տարի նախաձեռնւող ծրագրերի մասին նշեմ, որ այս տարի այն պատճառով, որ խորհրդարանական ընտրութիւններ են կայացել եւ նորընտիր պատգամաւորները դեռ աշխատանքի չեն անցել, իսկ նախկին խորհրդարանի աշխատանքի աւարտման սեմին ենք, ուրեմն՝ դժւար է նախաձեռնել ոչ-հայ հայրենակիցների համար հիմնականում խորհրդարանի պատգամաւորների ներկայութեամբ ծրագիրը: Առաջարկել ենք ՀՀԸՄ-ին, հնարաւորութեան դէպքում, ծրագրել պարսիկ ուսանողների եւ դասախօսների համար ծրագիր:
Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս ապրիլի 24-ի երեկոյեան նախաձեռնւել է կենտրոնական գեղարւեստական-բանախօսական ծրագիր՝ նախաձեռնութեամբ «ՀՈՒՍԿ» հաստատութեան:
Հ.- Եթէ վերջում ունէք աւելացնելիք, խնդրեմ:
Պ.- Վերջում պէտք է Կենտրոնական յանձնախմբի անունից դիմեմ մեր սիրելի ժողովրդին, որ, ինչպէս միշտ, խուռներամ շարքերով իր մասնակցութիւնը բերի Ապրիլեան ոգեկոչման ծրագրերին: Այդպիսով՝ մենք թէ ինքներս մեր ուժն ու հզօրութիւնը տեսնելով՝ գօտեպնդւելու ենք առաւել չափով, եւ թէ՛ ցուցադրութեան ենք դնելու նոյն ուժը մեր միւս հայրենակիցներին ու մանաւանդ մեր թշնամիներին: Նրանց, ովքեր թէ՛ Ցեղասպանութեան ժամանակ, եւ թէ՛ նոյնիսկ այժմ՝ 21-րդ դարում, ցանկանում են տեսնել Երկիր մոլորակը՝ առանց հայի:
Հետեւաբար՝ մենք ենք, որ պէտք է մեր զգօն ներկայութեամբ փաստենք, որ հայ ժողովուրդը անմա՛հ է, որ հայ ժողովուրդն ունի չիրականացւած դատ եւ այդ դատի իրականացման համար՝ շարունակելու է իր պայքարը:
Զրուցավար՝ Կարինէ Դաւթեան