ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԱՊՀ երկրներում յունական համայնքների խորհրդի նախագահ Իւան Սաւուիդիի հետ


ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԱՊՀ երկրներում յունական համայնքների խորհրդի նախագահ Իւան Սաւուիդիի հետ

  • 23-04-2012 17:42:40   | Հայաստան  |  Քաղաքական

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին հանդիպեց ՌԴ Պետդումայի նախկին պատգամաւոր, ԱՊՀ երկրներում յունական համայնքների խորհրդի նախագահ Իւան Իգնատեւիչ Սաւուիդիի հետ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Հայաստանում յունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը: Պարոն Շարմազանովը բարձր գնահատեց Իւան Սաւուիդիի վաստակը քաղաքականութեան ու գործարարութեան ասպարէզներում, ԱՊՀ երկրներում յոյների ինքնակազմակերպման ու ինտէգրման, յունական մշակոյթի եւ քրիստոնէական արժէքների տարածման գործում` գոհունակութեամբ արձանագրելով, որ իր ուրախութիւնն ու գնահատանքը մեծապէս պայմանաւորուած են նաեւ իր յունական արմատներով: ԱԺ փոխնախագահը նկատեց, որ հայ-հունական սերտ յարաբերութիւնները հազարամեակների պատմութիւն ունեն, այսօր էլ շարունակւում են պետական մակարդակով, իսկ ազգային, կրօնական եւ ընդհանրապէս արժեհամակարգային ընդհանրութիւնները հիմք են տալիս երկու ազգերին էլ միմեանց իւրային ընդունել աշխարհի չորս ծագերում: Հանդիպման ժամանակ քննարկուեցին հայ-հունական տնտեսական, մշակութային, կրթական յարաբերութիւնների ակտիւացմանն առնչուող խնդիրներ: Պարոն Սաւուիդին տեղեկացրեց, որ Յոյների միութեան նպատակն է հնարաւորութիւն ստեղծել, որ աշխարհով մէկ սփռուած յոյները պաշտպանուած լինեն, կարողանան ինքնադրսեւորուել ու պահպանել իրենց ազգային ինքնութիւնը, օգտակար լինել իրենց հայրենիքին: Նա տեղեկացրեց, որ այս համատեքստում Ռուսաստանի հայկական ու յունական համայնքները սերտօրէն համագործակցում են ոչ միայն ներքին կենսական խնդիրների լուծման, այլեւ համազգային նպատակների իրականացման հարցերում: Արկադի Խիտարովն էլ նշեց, որ պարոն Սաւուիդիի աջակցութեամբ Վանաձորում շուտով բացուելու է գիտաուսումնական ձեռնարկութիւն: Քննարկուեց նաեւ Յունաստանում հայ, իսկ Հայաստանում յոյն գործարարների կողմից ներդրումներ կատարելու հնարաւորութեան հարցը: Պարոն Շարմազանովը հիւրի խնդրանքով անդրադարձաւ նախորդ դարասկզբին յոյների հանդէպ Թուրքիայի իրականացրած ցեղասպանութեանը` տեղեկացնելով, որ Հայաստանում պետական մակարդակով միշտ էլ Հայոց ցեղասպանութեան հետ միասին յիշատակուել ու դատապարտուել է հոյն եւ ասորի ժողովուրդների հանդէպ իրականացուած եղեռնագործութիւնը: ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ հանդիպմանը Իւան Սաւուիդին առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում յաջողութիւն մաղթեց Հայաստանի հանրապետական կուսակցութեանն ու Էդուարդ Շարմազանովին, իսկ Արկադի Խիտարովը հաւաստիացրեց, որ իրենք սատարելու են ՀՀԿ-ին:
  -   Քաղաքական