Հայաստանի խորհրդարանականների համար անցկացուեց սեմինար


Հայաստանի խորհրդարանականների համար անցկացուեց սեմինար

  • 23-04-2012 19:50:58   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հայաստանի ազգային ժողովի տեղեկատուական վարչութեան մասնագէտների եւ ԱԺ մշտական յանձնաժողովների փորձագէտների համար ապրիլի 23-ին ՀՀ -ում ԱՄՆ դեսպանատան աջակցութեամբ կազմակերպուել էր «Տեղեկացուած օրէնսդիրներ. ինչպէս է Կոնգրէսի գրադարանը սպասարկում Կոնգրէսի հետազօտական կ'արիքները» թեմայով սեմինար, որն անցկացւում էր Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու եւ հայ գրքի տպագրութեան 500-ամեակի տօնակատարութիւնների շրջանակներում: Ըստ Ազգային ժողովի հաղորդագրութեան, ԱՄՆ Կոնգրէսի իրաւաբանական գրադարանի տնօրէն Դեյուիդ Մաոն ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցներին ներկայացրել է ամն Կոնգրէսի գրադարանի փորձը, կառուցուածքը, գործառոյթները, ինչպէս նաեւ կոնգրէսականներին եւ Սենատի անդամներին մատուցուող տեղեկատուական ծառայութիւնների բնոյթը: Անդրադառնալով Կոնգրէսի գրադարանի գործառոյթներին` Դեյուիդ Մաոն ասել է, որ գրադարանի մի շարք բաժիններ սպասարկում են եւ կոնգրէսականներին, եւ հանրութեանը: Գրադարանի երեք բաժինները` հետազօտական ծառայութեան կենտրոնը, իրաւագիտութեան գրադարանը եւ գրադարանային ծառայութիւնը, սպասարկում են միայն կոնգրէսականներին ու իրականացնում հետազօտական ուսումնասիրութիւններ, աշխարհի օրէնսդրութիւնների վերաբերեալ անցկացնում համեմատական վերլուծութիւններ, ինչպէս նաեւ` կոնգրէսականներին տրամադրում տեղեկութիւններ հետաքրքրող հարցի կամ օրէնքի վերաբերեալ: Դեյուիդ Մաոն տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրէսի` շուրջ 100 տարի առաջ ստեղծուած իրաւագիտութեան գրադարանում պահւում է 2,8 մլն միաւոր գիրք, որոնց մեծ մասը վերաբերում է այլ երկրների: Գրադարանի միւս` գրադարանային ծառայութիւնում առկայ է 151 մլն միաւոր նիւթ` քարտէզներ, հեռուստահաղորդումներ, ամսագրեր, նկարներ եւ այլն: Գրադարանի տուեալների շտեմարանին կարելի է ծանօթանալ կայքի միջոցով եւ հետեւել նրա աշխատանքին: Այս ամէնից բացի` ԱՄՆ Կոնգրէսի գրադարանը կոնգրէսականների համար կազմակերպում է դասընթացնէր, ծանօթացնում գրադարանի գործառոյթներին: Դեյուիդ Մաոն պատասխանեց նաեւ ԱԺ աշխատակիցների հարցերին:
  -   Հասարակութիւն