Հայերը միլիարդաւոր դոլարների հայց են <br /> ներկայացնում ընդդէմ Թուրքիայի


Հայերը միլիարդաւոր դոլարների հայց են
ներկայացնում ընդդէմ Թուրքիայի

  • 03-08-2010 12:22:01   | Հայաստան  |  Յօդուածներ
Տասնամեակներ շարունակ Հայոց ցեղասպանութեան ճանաչման համար մղուած պայքարից եւ արեւմտեան բանկերի ու ապահովագրական ընկերութիւնների դէմ դատական գործեր յարուցելուց յետոյ, ամերիկահայերն անցեալ շաբաթ իրենց առաջին դատական հայցը ներկայացրին ընդդէմ Թուրքիայի Հանրապետութեան` միլիարդաւոր դոլարների փոխհատուցում պահանջելով 1915-23 թթ. Հայոց ցեղասպանութեան հետեւանքով բռնագրաւուած սեփականութեան, գոյքի եւ կրած վնասների դիմաց: Հայցն ուղղուած է նաեւ Թուրքիայի Կենտրոնական բանկի եւ Ziraat բանկի դէմ` որպէս թուրքական կառավարութեան ֆինանսական լծակների: Այս բանկերը, ինչպէս նաեւ կառավարութեան սեփականութիւն հանդիսացող Թուրքական աւիաուղիների (Turkish Airlines) եւ զբօսաշրջութեան գրասենեակը մասնաճիւղեր ունեն Միացեալ Նահանգներում, որը սոյն հայցով նրանց ամերիկեան արդարադատութեան սուբյեկտ է դարձնում: Այս դատական գործում յաջողութիւն ունենալու դէպքում, հայցուորների փաստաբանները կարող են Միացեալ Նահանգներում գտնուող թուրքական կառավարութեան ակտիւների վրայ կալանք դնելու պահանջ ներկայացնել: Փաստաբաններ Պերճ Բոյաջեանը, Մարկ Կիրակոսը, Արա Ջաբակչուրեանը եւ Բրայեան Կաբատեկը, միլիարդաւոր դոլարների խմբային հայցով ԱՄՆ Դաշնային դատարան են դիմել Կարպիս Դաւոյեանի (Լոս Անջելես), Հրայր Թուրաբեանի (Նիւ Եորք) եւ բազմաթիւ հայերի անունից, որոնց նախնիները սեփականութիւն են ունեցել Թուրքիայում: Դաւոյեանի եւ Թուրաբեանի պապերը սեփական հողատարածքներ են ունեցել Այնթափի եւ Ադանայի մօտակայքում: Հայցով մեղադրանք է ներկայացւում Թուրքիայի Հանրապետութեանն ու նրա նախորդին` Ցեղասպանութեան ժամանակ արտաքսուած ու բնաջնջուած հարիւր հազարաւոր հայերին պատկանող անշարժ եւ շարժական գոյքը` ձեռնարկութիւններ, շէնքեր, հողատարածքներ, բանկային աւանդներ եւ թուրքական թանգարաններում պահուող կրօնական թանկարժէք արուեստի գործեր բռնագրաւելու, վաճառելու եւ դրանցից եկամուտ ստանալու համար: Մասնաւորապէս, այս հայցով պահանջւում է վերադարձնել այն գումարները, որոնք ապօրինի իւրացուել եւ ի պահ են տրուել թուրքական Գանձարանին, պետական կառավարման մարմիններին եւ Թուրքիայի պետութեանն առընթեր այլ կազմակերպութիւններին: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ, Թուրքիան մի շարք օրէնքներ ընդունեց` հայերի կողմից իբրեւ թէ ,լքուածէ գոյքի կառավարումը կանոնակարգելու համար: Թուրքական կառավարութիւնը վարձավճարներ եւ եկամուտներ է ստացել այդ գոյքից եւ իսկական տէրերի անունով այն ի պահ յանձնել իր Գանձարան` յետագայում հայերին վերադարձնելու համար: Սակայն դրա փոխարէն, կառավարութիւնը իւրացրել եւ եկամուտ է ստացել այդ գոյքից: Հայցուորները Թուրքիայի Հանրապետութեանը մեղադրում են ,բռնի տեղահանութեան, բռնագրաւման ու բնաջնջման, ռազմական յանցագործութեան, մարդկութեան դէմ յանցագործութեան, խաղաղութեան դէմ յանցագործութեան, խոշտանգումների, բռնութեան, սովի, ֆիզիկական եւ մտաւոր բռնութեան, առանց դատավարութեան մահապատժի եւ ցեղասպանութեան կանխամտածուած ծրագրին աջակցելուէ օժանդակութեան եւ մասնակցութեան համար: Անցեալ շաբաթ, այս դատական հայցի մասին ցնցող լուրը յայտնուեց թուրքական թերթերի առաջին էջերում` մեծ յուզումներ առաջացնելով երկրում: Անկախ դատական գործի արդիւնքներից, թուրքական իշխանութիւնները քաջ գիտակցում են, որ այս դատը պիտի նպաստի ցեղասպանութիւնից բխող հայկական պահանջների աշխարհով մէկ բացայայտմանը: Հաշուի առնելով բոլոր հայկական հարցերի նկատմամբ թուրքական աւանդական հակազդեցութիւնը, չի բացառւում, որ Թուրքիայի ղեկավարները` զայրոյթով բռնուած հետ կանչեն իրենց ստորագրութիւնն արդէն իսկ սառեցուած հայ-թուրքական արձանագրութիւններից: Միաժամանակ, Անկարան կարող է հրաժարուել հայկական սփիւռքի որոշ տարրերի սիրաշահելու անյաջող փորձերից: Պատկերացրէք, թէ ինչպիսի ցասման մէջ են ընկնելու թուրքական իշխանութիւնները, երբ հայերը պահանջէն վերադարձնել Թուրքիայի նախագահական պալատն Անկարայում, որը գտնւում է Ղասաբեանների ընտանիքից բռնագրաւուած հողերի վրայ: Աւելին, ,ինջիրլիկէ աւիաբազան, Ադանայի մօտ գտնուող թուրք-ամերիկեան համատեղ ռազմական օբյեկտը կառուցուել է նախկին հայկական գիւղի տարածքում: Հայերը կարող են դատի տալ ինչպէս Թուրքիայի, այնպէս էլ Միացեալ Նահանգների կառավարութիւններին` հայ գիւղացիներից բռնագրաւուած գոյքի շահագործումից օգուտ ստանալու համար: Անցեալ շաբաթուայ դատական հայցը վաղուց սպասուած քայլ էր` Թուրքիայից հայոց պահանջատիրութեանը հետամուտ լինելու եւ Հայոց ցեղասպանութեան զոհերի համար արդարութեան հասնելու ճանապարհին: Այժմ հայերը պէտք է իրենց բոլոր ջանքերը կենտրոնացնեն Ցեղասպանութեան ընթացքում կրած վնասների արդար փոխհատուցման կամ վերադարձնելու վրայ: Նման հայցերով պէտք է դիմել նաեւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարան, քանի որ Թուրքիան որպէս Եւրոպայի խորհրդի անդամ, պարտաւոր է հաշուի առնել այդ դատարանի դատավճիռը: Շատ ցանկալի կը լինէր, որ Հայ փաստաբանների միութիւնը կամ համանման մի կառոյց համակարգեր այսպիսի դատական հայցերը եւ անհրաժեշտ խորհրդատուութիւն ու միջոցներ տրամադրէր յետագայ հայցերի ներկայացման համար: Շատ կարեւոր է նման գործողութիւնների համակարգումը Հայաստանի կառավարութեան հետ` անկախ այն հանգամանքից, նա պաշտօնապէս կը միանայ այս հայցին, թէ ոչ: Սփիւռքի միասնական կառոյցը, որն առաջարկել էի իմ նախորդ յօդուածներից մէկում, լիովին կարող էր որպէս համակարգող մարմին ծառայել համահայկական հարցերին վերաբերող դատական հայցերի համար: Այսպիսի հայցերը պէտք է ներկայացնել առանձնայատուկ հոգածութեամբ, նախապատրաստութեամբ եւ արհեստավարժութեամբ, քանզի դրանք մեծ հետեւանքներ կ'ունենան ամբողջ հայ ժողովրդի համար: Եթէ այս դատական հայցերից որեւէ մէկը, ընթացակարգային խնդիրների պատճառով յաջողութեան չհասնի, թուրքական կառավարութիւնն արագօրէն կը յայտարարի յաղթանակի մասին` խեղաթիւրելով դատարանի որոշումը: Աւելորդ է նշել, որ օտարերկրեայ կառավարութիւններին առնչուող նման քաղաքական նուրբ դատական գործեր վարելիս, պէտք է ակնկալել, որ դատաւորները կը յայտնուեն թէ Անկարայի, եւ թէ Վաշինգտօնի հզօր ճնշման տակ: Գրեթէ մէկ դար Հայոց ցեղասպանութեան ճանաչման համար պայքարող հայ ժողովուրդը հիմա ոչ մի ջանք չպէտք է խնայի իր վիթխարի կորուստները փոխհատուցելու եւ պատմական իրաւունքները վերականգնելու համար, օգտագործելով իրաւական բոլոր միջոցները` Միացեալ Նահանգների դաշնային դատարաններում, տարբեր երկրների, այդ թւում` Թուրքիայի դատարաններում, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում եւ Միջազգային դատարանում: Արդարութեան ուշացումը, արդարութեան վիժումն է:   Յարութ Սասունեան ,կալիֆորնիայ կ'ուրիերէ թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Աւագեանի
  -   Յօդուածներ