<br /> Բրայզան սխալմամբ սենատորներին ասաց, <br /> որ Հայոց պատրիարքը մահացած է<br />



Բրայզան սխալմամբ սենատորներին ասաց,
որ Հայոց պատրիարքը մահացած է

  • 28-07-2010 12:10:22   | Հայաստան  |  Յօդուածներ
Բարաք Օբաման նախագահական ընտրութիւններում իր թեկնածութիւնն առաջադրեց «փոփոխութեան» ծրագրով եւ նոր մօտեցումներ խոստացաւ ներքին ու արտաքին քաղաքականութեան հարցերում: Սակայն, ընտրութիւններից յետոյ նա հիասթափեցրեց իր կողմնակիցներին` շարունակելով իր նախորդի վարած քաղաքականութիւնը: Օբամայի` անցեալի հետ կապերը չխզելու օրինակ կարող է ծառայել նրա կողմից Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտօնում Մեթիւ Բրայզայի թեկնածութեան առաջադրումը: Բրայզան Բուշի վարչակազմի մնացուկն է` իր խայտառակ ու վիճահարոյց անցեալով: Օբամայի վարչակազմի եւ Միացեալ Նահանգների համար նա աւելի շուտ խանգարիչ հանգամանք է, քան արժանիք: Ամիսներ շարունակ Բրայզան պտտւում էր Վաշինգտօնում`ակնարկելով, թէ դառնալու է Ադրբեջանում ԱՄՆ յաջորդ դեսպանը: Այն փաստը, որ գրեթէ մէկ տարի տեւեց մինչեւ նրա դեսպան առաջադրուելը, ցոյց է տալիս, որ այստեղ առկայ էին լուրջ բարդութիւններ, այդ թւում` ռուս-վրացական պատերազմում Ռուսաստանի մտահոգութիւնները Բրայզայի դերի մասին, Ադրբեջանի առարկութիւնը նրա` հայ-թուրքական արձանագրութիւնների պաշտպանութեանը, պաշտօնական դիրքի չարաշահման մեղադրանքները նրա կնոջ աշխատանքում, ինչպէս նաեւ հարսանեկան ծախսերի հետ կապուած հարցեր: Հաշուի առնելով այս բոլոր վիճահարոյց հարցերը, Բրայզան երբեք չպէտք է առաջադրուէր Ադրբեջանում դեսպանի պաշտօնում, եթէ չլինէին նրա բարձրաստիճան ու ազդեցիկ ընկերները: Ըստ մամուլի հրապարակումների, Բրայզային դեսպանի պաշտօնում, պէտքարտուղար Հիլարի Քլինթօնին անձամբ երաշխաւորել է պէտքարտուղարի նախկին օգնական Դէն Ֆրիդը: Ամենավիճահարոյցը Բրայզայի ամուսնութիւնն էր ազգութեամբ թուրք Զեյնոյ Բարանի հետ: Հարցը նրա ազգային ծագումը չէր, այլ այն, որ նա Հադսոնի ինստիտուտի Եւրասիայի քաղաքականութեան հարցերով կենտրոնի տնօրէնն է, որը Վաշինգտօնում գտնուող մի վերլուծական կենտրոն է, եւ ըստ տեղեկութիւնների ֆինանսաւորւում է ExxonMobile-ի եւ այլ էներգետիկ ընկերութիւնների կողմից: Ըստ Washington Times-ի. «Թուրքական եւ ադրբեջանական գործարար շրջանակները մի խոշոր համաժողով են ֆինանսաւորել Հադսոնի ինստիտուտում, որը մասամբ կազմակերպուել էր տիկին Բրայզայի կողմից»: Թերթը մէջբերում է Հայ Դատի յանձնախմբի յայտարարութիւնը, նշելով, որ «այն քաղաքական դիրքորոշումները, որոնք պաշտպանել է տիկին Բրայզան, յաճախ համընկել են ... Ադրբեջանի կառավարութեան եւ էներգետիկ ընկերութիւնների` կասպեան տարածաշրջանում ունեցած շահերի հետ», եւ որ «Մեթիւ Բրայզան հաւանաբար խախտել է բարի վարքի ֆեդերալ նորմերը` թուրքական եւ ադրբեջանական գործարար շրջանակների հետ նրա կնոջ ունեցած կապերի պատճառով»:   Միացեալ Նահանգների Սենատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտօնում Բրայզայի թեկնածութեան առաջադրման վերաբերեալ յուլիսի 22-ի լսումներում նրան հանգամանալից հարցադրումներ ուղղեցին պաշտօնական դիրքի հնարաւոր չարաշահումների մասին: Ի պատասխան, Բրայզան սենատորներին ասաց, որ Միացեալ Նահանգների կառավարութիւնը մանրամասն ստուգել է իր ընտանիքի եկամուտները եւ «պաշտօնական դիրքի որեւէ չարաշահում չի բացայայտել»: Նա նաեւ սենատորներին յայտնեց, որ իր կինը «Զեյնոն խոստացել է Պէտքարտուղարութեան կամ Բաքւում ԱՄՆ դեսպանատան առաջ ձեռնպահ մնալ Հադսոնի ինստիտուտի հետ կապուած որեւէ հարցից ...»: Աւելորդ է նշել, որ նրա կնոջ ,խոստումըէ օրէնքի ուժ չունի: Լսումների ժամանակ Բրայզային ուղղուած մէկ այլ վիճահարոյց հարց լուրջ մեղադրանքներ էր ներկայացնում, որ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախկին նախարար Հէյդար Բաբաեւը օգնել է վճարել 2007 թուականին Ստամբուլում կայացած Բրայզայի հարսանեկան շռայլ ծախսերը: Բաբաեւն իրեն առաջադրուած մեղադրանքից կատաղած, դատի էր տուել ադրբեջանական թերթին` այդ պատմութեան հրապարակման համար: Յօդուածագիրը ձերբակալուել եւ ծեծի էր ենթարկուել` մինչեւ երկրից փախչելը: Դրանից յետոյ նա Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում հայց էր ներկայացրել ընդդէմ Ադրբեջանի: Բրայզան սենատորներին հաւաստիացրեց, որ ,բացարձակ կեղծիք էէ, թէ նախարար Բաբաեւը ֆինանսաւորել է իր հարսանիքը: Այնուամենայնիւ, եթէ Եւրոպական դատարանը բացայայտի, որ նախարար Բաբաեւն իրօք հոգացել է այդ հարսանիքի ծախսերը, ապա Բրայզան մի շարք լուրջ մեղադրանքների առաջ կը կանգնի, այդ թւում` ԱՄՆ կառավարութեան կողմից նուէրի ընդունման եւ բացայայտման քաղաքականութեան խախտման, ԱՄՆ հարկային ծառայութիւններին նման աւանդը որպէս եկամուտ չյայտարարելու, ինչպէս նաեւ Սենատում կեղծ վկայութիւն տալու համար: Բրայզան սենատորներին հպարտութեամբ յայտարարեց, որ նա եւ իր կինն իրենց հարսանեաց հանդէսին հրաւիրել էին այն մարդկանց, որոնց հետ վերջին տասնամեակում ծանօթացել էին իրենց աշխատանքային գործունէութեան բերումով, այդ թւում` պետական պաշտօնեաներ, դիւանագէտներ, ընդդիմութեան առաջնորդներ, հասարակական եւ կրօնական կազմակերպութիւնների ղեկավարներ Թուրքիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Կիպրոսից եւ Յունաստանից: Բրայզան նշեց, որ հարսանիքի հրաւիրեալների թւում է եղել նաեւ «Հայոց Մեսրոպ պատրիարքը, որն այժմ մահացած է»: Ինչպէս յայտնի է, Թուրքիայի Հայոց պատրիարքը ողջ է, թէեւ տառապում է մտագարութեամբ: Պարզապէս զարմանալի է, որ Բրայզան տեղեակ չէ, որ պատրիարք Մութաֆեանը, որին այդքան մօտ համարելով հրաւիրել էր իր հարսանիքին, դեռեւս ողջ է: Մնում է յուսալ, որ այս սխալը չի բնորոշում Բրայզայի անտեղեակութիւնն աշխարհի այդ բարդ տարածաշրջանի առանցքային մարդկանց ու իրադարձութիւնների մասին, որտեղ նա ձգտում է ներկայացնել Միացեալ Նահանգները:   Յարութ Սասունեան «Կալիֆորնիա կ'ուրիէր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Աւագեանի
  -   Յօդուածներ