Պայթեցուել է Երեւանում DIY ակումբը


Պայթեցուել է Երեւանում DIY ակումբը

  • 10-05-2012 16:32:49   | Հայաստան  |  Հասարակութիւն

Մայսի 8-ին, առաւօտեան ժամը 05:00-ի սահմաններում մի խումբ երիտասարդների կողմից պայթեցուել է Երեւանում, Փարպեցի 14/11 հասցէում գտնուող DIY ակումբը: Ըստ տարածուած լուրերի, այս նոյն երիտասարդները նման քայլեր են կատարել նաեւ Երեւանի այլ ակումբներում, որոնք ըստ իրենց` բազմազանութեան եւ բազմամշակութայնութեան կողմնակիցներ են: Խիստ մտահոգիչ եւ դատապարտելի է այն հանգամանքը, որ տուեալ երիտասարդները ներկայացնում են անհանդուրժողական եւ ֆաշիստական խմբաւորում, որը մինչ այդ պարբերաբար ագրեսիւ գործողութիւններ կատարելով` ահաբեկել է ակումբի տէրերին ու յաճախորդներին եւ փորձել վախ սերմանել: Մենք դատապարտում ենք ֆանատիկ, ֆաշիստական եւ ապօրինի բռնի գործողութիւնները: Յիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրութեան 14.1. յօդուածի պահանջով «[...]Խտրականութիւնը, կախուած սեռից, ռասայից, մաշկի գոյնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական յատկանիշներից, լեզուից, կրօնից, աշխարհայեացքից, քաղաքական կամ այլ հայեացքներից, ազգային փոքրամասնութեանը պատկանելութիւնից, գոյքային վիճակից, ծնունդից, հաշմանդամութիւնից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնոյթի այլ հանգամանքներից, արգելւում էէ: Իսկ ՀՀ Սահմանադրութեան 47 յօդուածի համաձայն «յուրաքանչիւր ոք պարտաւոր է պահպանել Սահմանադրութիւնը եւ օրէնքները, յարգել այլոց իրաւունքները, ազատութիւնները եւ արժանապատուութիւնը: Արգելւում է իրաւունքների եւ ազատութիւնների օգտագործումը […] ազգային, ռասայական, կրօնական ատելութիւն բորբոքելու, բռնութիւն կամ պատերազմ քարոզելու նպատակով»: Նշենք, որ դէպքի հետ կապուած` ոստիկանութիւնը ցուցաբերել է ոչ հետեւողական, անտարբեր մօտեցում յանցագործներին գտնելու եւ պատժելու գործում: Միայն շահագրգիռ անձանց ու կազմակերպութիւնների հետեւողական ահազանգերի եւ յորդորների արդիւնքում հնարաւոր է եղել դրդել ոստիկանութեանը միջամտողական գործողութիւնների: Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանութիւնը ձեռբակալել է յանցագործներից երկուսին, այս հարցի առնչութեամբ մենք պահանջում ենք ոստիկանութիւնից ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, յայտնաբերել ու պատժել բոլոր յանցագործներին, ապահովել DIY ակումբի եւ նման հասարակական վայրերի տէրերի եւ այցելուների անվտանգութիւնը, ապահովել վնասների պատշաճ հատուցումը: Յարկ ենք համարում նշել, որ ոստիկանութեան մօտ առկայ են յանցագործութեան մասին վկայող փաստեր, որի հիման վրայ ոստիկանութիւնը պարտաւոր է իրականացնել անյապաղ գործողութիւններ եւ պատասխանատուութեան ենթարկել յանցագործներին: Մենք խստիւ դատապարտում ենք մեր հասարակութեան եւ պետութեան համերաշխութեան ու անվտանգութեան դէմ սերմանուող նմանօրինակ ֆանատիկ, ֆաշիստական եւ այլամերժ անօրինական դրսեւորումները, կազմակերպութիւներին ու գործողութիւնները: Հայաստանի Հանրապետութիւնում պիտի հաստատուի ՀՀ Սահմանադրական կարգը` յանուն մեր հանրութեան եւ ժողովրդի ազատութեան, արդարութեան, արժանապատուութեան եւ բազմամշակութային զարգացման: Հանրային տեղեկատուութիւն եւ գիտելիքի կարիք ՀԿ Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ Սեռական բռնութեան ճգնաժամային կենտրոն ՀԿ Կանանց աջակցման կենտրոն ՀԿ Յոյս ՀԿ Հելսինկեան Քաղաքացիական Ասամբլէայի Վանաձորի գրասենեակ ՀԿ Էկոդար ՀԿ Հասարակութիւն առանց բռնութեան ՀԿ Մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան ինստիտուտ Տարօրինակելով Երեւանը կոլեկտիւ Լուսինէ Վայաչեան - լրագրող Լեւոն Մարգարեան – լրագրող Լալա Ասլիկեան – ակտիւիստ Արթուր Գրիգորեան – իրաւաբան Միկա Արթեան - բլոգեր
  -   Հասարակութիւն